nina arsutamyan portret

Թե` խելքս շատ էր կտրում

Մոտ հինգ տարեկան էի, և մեր տանն ամեն օր վեճ ու կռիվ էր: Հիմա ասեմ` ինչու:

Քույրիկս սովորում էր հենց մեր գյուղի` Գորայքի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանում: Նրա համար գնում էին տարբեր գրենական պիտույքներ, ես նույնպես ցանկանում էի գնալ դպրոց` այդ իսկ պատճառով ամբողջ օրը հորս և մորս խնդրում էի ինձ նույնպես տանել դպրոց, քանի որ, ես նույնպես ցանկանում էի ունենալ տարբեր ձևի գրենական պիտույքներ, ուսերիս գցել գեղեցիկ պայուսակ, հագնել «թիթիզ-թիթիզ» շորեր և իհարկե, ամենակարևորը, տառերը և թվերը իմանալն էր:

-Պա~պ, մա~մ , խնդրում եմ, ինձ էլ տարեք դպրոց:

Այս նախադասությունը կարծես դարձած լիներ իմ օրվա խոսակցականի մեծ մասը: Բայց ես միայն լսում էի.

-Նինա ջան, չէ, դեռ ժամանակը չէ,- ասում էր մայրս,- Նինա ջան, համբերի, մյուս տարվանից կգնաս: Համ էլ Գրիգորը (հորեղբորս տղան է), վատ կզգա մենակ, մի դասարանից կլինեք, միասին կսովորեք, մի նստարանի կնստեք:

Ես նեղացած գնում էի նստում սենյակում, հանում քրոջս` Զաբելի գրքերը և սկսում իբրև դաս անել: Վերցնում էի ամենասիրածս տիկնիկը և սկսում իրեն «դաս տալ»: Հետո կրկին գնում էի մորս մոտ և սկսում նվնվալ.

-Մամ, լավ էլի, խնդրում եմ,- և սկսում լաց լինել:

Օրեր էին անցնում, որոնք կարծես ինձ համար տարիներ լինեին:

Արդեն սեպտեմբերի մեկն անցել էր, տատիկենց տանը հացի խմոր էին անում: Տատս կաթսայի մեջ լցնում էր խմորի համար անհրաժեշտ բաղադրիչները, իսկ մայրս` խառնում էր դրանք: Դե, ես կրկին ժամանակ չէի կորցնում և նստում էի թոնրի կողքին և սկսում.

-Մամ, լավ էլի, խնդրում եմ…

Տատիկս թեման փոխելու համար ինձ ասում էր, թե այս խմորով քանի լավաշի գունդ կլինի: Խմորն արեցին, և գնացինք մեր տուն: Մեր տունը գտնվում էր հենց տատիկենց փողոցում: Կրկին ես նվնվում էի:

-Մամ, լավ էլի, այ մամ, ես ինձ խելոք կպահեմ, ինչ ասես` կանեմ: Մենակ` Զաբելի, Տաթևի հետ գնամ դասի, լավ էլի…

Մեր դիմացով քայլում էր դպրոցի տնօրենը և ականջի պոչով լսում մեզ:

-Մամ, նայի` գալիս ա, գնա ասա, էլի, գնա… Ես էլ գնամ, լավ էլի, խնդրում եմ…

-Նելլի ջան, ինչո՞ւ է երեխան այդպես նվնվում,- հարցրեց տնօրենը:

-Ընկեր Թադևոսյան, ուզում է դպրոց գնալ, բայց մենք ուզում ենք իր տարիքի երեխաների հետ մյուս տարի գնա:

Էլի ինչպես միշտ անպոչ գդալ, մտա խոսակցության մեջ.

-Խնդրում եմ, էլի, ասեք, որ ես կարող եմ գալ…

-Այո, իհարկե, կարող ես: Վաղը Նինայի փաստաթղթերը կբերես, և նա կդառնա մեր դպրոցի աշակերտուհի:

Այս մեկ նախադասությունից հետո այնքան էի ուրախացել, որ էլ ասելու չի: Ես դարձա առաջին դասարանցի:

Բայց հիմա ժամանակ է գալիս, որ զղջում եմ, իսկ ժամանակ է գալիս, որ չեմ զղջում:

Թե` խելքս շատ էր կտրում: