milena araqelyan

«Թե չընկնեմ ես մարտում…»

Մի քիչ արևոտ, մի քիչ անձրևոտ օր էր: Որոշել էի օրս ընկերներիս հետ անցկացնել: Պայմանավորվել էինք հանդիպել ժամը հինգին, իսկ յոթին համերգ պիտի գնայինք: Բայց քանի որ ես այդքան էլ ծանոթ չէի քաղաքին, սխալ ավտոբուս էի նստել և հասա միայն համերգի սկսվելու ժամին: Հնչում էին  ազգագրական, հայրենասիրական երգեր` կիթառի և ֆլեյտայի նվագակցությամբ: Այնքան ուրիշ է զգացողությունը, երբ կենդանի ես ունկնդրում երաժշտությունը:  Հնչյունները կպչում են հոգուդ: Իսկ երբ ասացին, որ համերգին ներկա են նաև զոհված զինվոր Արմեն Հովհաննիսյանի ծնողները, բոլորը կարծես սառել էին: Նրա պատվին հնչեց «Թռչեի մտքով տուն» երգը: Արցունքները ինքնաբերաբար հոսում էին բոլորի աչքերից: Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչ է կատարվում Արմենի ծնողների հոգում: Աննկարագրելի զգացում է, երբ կողքիդ նստած են հանուն հայրենիքի կյանքը զոհած զինվորի ծնողները, ովքեր զավակ են ծնել, մեծացրել և «տվել» հայրենիքին: Ոչինչ չի կարող մեղմացնել նրանց ցավը, այն դրոշմված է նրանց դեմքերին: Բոլորս հոտընկայս հարգեցինք Արմենի հիշատակը: Ամբողջ դահլիճը կարծես արձագանքում էր` «թե չընկնեմ ես մարտում, տուն կգամ ես կրկին…»:

Այնքան մեղավոր ես քեզ զգում, որ դու վայելում ես երաժշտությունը,շնչում ես հայրենիքի օդը, ժպտում ու ժպիտ ես պարգևում, իսկ սահմանին կանգնած 18-20 տարեկան տղաները հեռանում են, հեռանում են հանուն մեզ, հանուն այն նորածին մանուկների կյանքի, ովքեր դեռ պետք է մեծանան, կարդան այդ լավագույնների անունները, հպարտանան, որ իրենք ապրում են այն հողում, որը պահել ու դեռ երկար տարիներ պահելու են մեր բոլորի եղբայրները:

Համերգից հետո ինձ անընդհատ տանջում էր մի հարց. արդյո՞ք մենք արժանի ենք այս զոհաբերությանը, պիտի ապրենք առաջվա պես, թե՞ պիտի գիտակցենք` ինչ թանկ գնով ենք ձեռք բերել մեր խաղաղությունը և ապրենք ինքներս մեր արածների համար հաշիվ տալով: