Ամառ. Ապարան

Հայաստան էին ժամանել իմ հորաքույրը իր ընտանիքով: Օրեր անց նրանք եկան մեզ հյուր, և հորաքրոջս տղան առաջարկեց գնալ իրենց հետ Ապարան: Ես քանի որ 3 օր ազատ էի` պարապմունքի չէի, որոշեցի գնալ: Ապարանում շատ զով եղանակ է: Այդ երեք օրվա մեջ շատ բաներ տեսա և արեցի: Ապարանի շրջանի գյուղերից մեկը այցելեցի, որի անունը Չքնաղ է: Այդ գյուղում մի չքնաղ եկեղեցի կար: Հրաշք եկեղեցի էր, բակը, տարածքը… Ուղղակի աննկարագրելի գեղեցկություն: Երբ մտա եկեղեցի, սովորականի նման խաչակնքվեցի, մոտեցա խորանին, համբուրեցի Սուրբ գիրքը և աղոթեցի: Հետո մենք ցանկանում էինք մոմ գնել, սակայն մոմավաճառը չկար: Ես մոմավաճառին պատկերացնում էի տարիքով կին… Դե սովորաբար այդպես է լինում: Մի քանի րոպե անց հայտնվեց մոմավաճառը և… Նա երևի թե 12 տարեկան տղա կլիներ: Մոմ գնեցինք, վառեցի, աղոթեցի և դուրս եկա: Ուսումնասիրեցի տարածքը և ֆոտո արեցի: Եկեղեցին որոշել եմ նկարել:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Ես այցելել եմ նաև Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին: Այնտեղ հանդիպեցի Տեր Մուշեին, մոտեցա, ստացա նրա օրհնությունը: Սուրբ Խաչ եկեղեցին շատ վաղուց է կառուցվել: Տարիների ընթացքում եկեղեցու ներսի մի սյան վրա հայտնվել է Մարիամ Աստվածածնի սրբապատկերը: Այդ եկեղեցու ներսը շատ մութ է, բայց հենց այդ մթությունն է ինձ ամենից շատ դուր գալիս:

Ես առաջ հոգևորականներից վախենում էի: Հենց տեսնում էի նրանց, մանավանդ երկար մորուքով, սարսափում էի: Հայրս էլ էր վախենում: Երեք տարի առաջ, երբ մկրտվեցի  նույն Սուրբ Խաչ եկեղեցում, և երբ Տեր հայրը ինձ դիպչեց, խոսեց հետս` վախս ի սպառ չքացավ: Հայրիկս էլ վերջին տարիներին սկսեց հաճախ գնալ եկեղեցի և էլ առաջվա պես չի:

Ապարանի բնությունը շատ գեղեցիկ է: Մեծ կանաչ դաշտի մեջ քայլելիս տեսա ընդամենը մի երիցուկ և լուսանկարեցի:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Հորաքրոջս աղջկա տանը մնալով պահը բաց չէի թողնում. բոլորի շարժ ու ձևին հետևում էի, որ հետաքրքիր ֆոտոներ անեմ: Այնպես էի նկարում, որ չնկատեն:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Ապարանում շատ փողոցներ կան, որտեղ մտնելիս թվում է, թե գյուղում ես: Մարդիկ զբաղվում են անասնապահությամբ և իրենց տնամերձ հողամասն են մշակում:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

 

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Ապարանում կա մի շատ գեղեցիկ վայր` Սիրո աղբյուրը: Այնտեղ կա գետ` լիքը ձկներով: Հորաքրոջս թոռան հետ գնացել էի ձուկ բռնելու: Պատկերացնո՞ւմ եք, 28 հատ բռնեցինք… Ես առաջին անգամ էի ձուկ բռնելու գնում:

Դե ինչ, նրանց համար, ովքեր սիրում են չքնաղ բնություն, հինավուրց եկեղեցիներ, ձկնորսություն և զով եղանակ, այցելեք Ապարան, չեք փոշմանի: