Ժորա Պետրոսյանի բոլոր հրապարակումները

jora petrosyan

Խոսք ճշմարտության՝ նորակոչիկներին

Սկսվեց ամառային զորակոչը։ Որպես արդեն հին ու հետհաշվարկը համարյա թե ավարտող զինվոր՝ ցանկանում եմ այս նյութում կիսվել մի քանի խորհուրդներով, որոնք կօգնեն ավելի հեշտ համակերպվել ծառայության հետ։ Նախքան կարդալը, սիրելի նորակոչիկ, կխնդրեի՝ մոռանայիր այն ամենի մասին, ինչ պատմել են քեզ սովետի տարիներին ծառայած «մեծերը»։

Ասեմ, որ բավականին լավ ժամանակ ես գալիս ծառայության։ Սնվելու ես շատ լավ ճաշարանում: Ամեն օր համտեսելու ես 7-9 ճաշատեսակ, ընդ որում՝ մեկը մեկից համեղ։ Չես հասցնելու կարոտել մամայի եփած համով ճաշերը, որովհետև խոհարարները ամեն ինչ անում են, որ դու համի պակաս չզգաս։ Ստանալու ես բավականին լավ, որակյալ ու հարմարավետ համազգեստ։ Էլ չես տեսնելու «բաստուրմա» համազգեստը կամ «3 ծականոց» ծանր կոշիկները։

Սկսենք զորամաս մտնելուց։ Հենց մտար զորամաս, առաջին տեղը, որտեղ քեզ ուղեկցելու են, լինելու է զորամասի շտաբը, որտեղ քեզ կտան մի քանի հարց՝ անձնական տվյալները լրացնելու համար։ Այնուհետև գնալու ես բուժկետ։ Բուժկետում լրացվելու են քո առողջական տվյալները, տալու են հետևյալ հարցերը.

1) ծխո՞ւմ ես,
2) խմո՞ւմ ես,
3) սպի, դաջվածք ունե՞ս,
4) վիրահատություններ տարե՞լ ես,
5) խոզուկ, կարմրախտ, ջրծաղիկ հիվանդություններ ունեցե՞լ ե՞ս։

Չափելու են ճնշում և ջերմություն, անցնելու ես կոնսուլտացիա ատամնաբույժի մոտ, որը նշելու է, թե որ ատամների հետ կապված խնդիր ունես։

Բուժկետից հետո գնալու ես զորանոց, ծանոթանալու ես վաշտիդ հրամանատարի ու սերժանտների հետ։ Հետո, ամենայն հավանականությամբ, շարվելու եք։ Այդ ընթացքում անընդհատ կհնչեն անուններ։ Էդ էլ արդեն էն պահն ա, երբ սկսում են հարազատները զանգել սրան-նրան, որ լավ նայեն ձեզ ու հարմար «տեղավորեն»։ Օրվա վերջում՝ երեկոյան անվանականչը (պրավերկա) ավարտելուց հետո գնալու ես քնելու։

Օր 1-ին, ժամը՝ 06:00․

Օրապահը 3 անգամ բացականչելու է «Վա՛շտ, վեր կաց», հետո կսկսի քնից դժվար արթնացողներին հատիկ-հատիկ «բզել»։ Խորհուրդ կտամ «ոտ կախ չգցել»։ Հենց քնից արթնանում ես, միանգամից հագնվիր, անկողինդ հավաքիր ու գնա սափրվելու, դա ամենահարմար ժամն է սափրվելու համար, թե չէ հետո լվացարանում մեծ հերթ է գոյանալու, որովհետև վաշտը մոտ 90-120 հոգի է լինելու։ Այնուհետև շարվելու ես «ֆիզոյի» համար։ Մինչև 7:30 րոպե անելու ես ֆիզիկական նախավարժանքներ, արագացումներ։ Այնուհետև գնալու ես քեզ կարգի բերելու ու միանգամից շարվելու ես ճաշարանի համար։ 9:00-ին շարվելու ես առավոտյան տողանի՝ «ռազվոդի» համար։ Իսկ հետո սկսվելու են պարապմունքները:

Հավսա՛ր, զգա՛ստ, քայլո՛վ մարշ, ե՛տ դարձ, վազքո՛վ մարշ…
Ամեն կլոր ժամից 15 պակաս ունենալու ես դասամիջոց, որի վերջում ենթարկվելու ես «հոգեբանական բռնության», երբ լսես «վաշտը շարվավ» տողը։

Էլ չեմ ասում «զենք-բռոնի-կասկով (զենք-զրահ-սաղավարտ)» հրաձգարան բարձրանալու մասին։ Հրաձգարանում (պոլիգոն) ամենահավես պահը կրակելն է։

Օրվա էս մի քանի դրվագի մասին մի քանի բան ասեմ։ Հիշի՛ր, քնելու տեղով ոչ մի բան չի որոշվում, կապ չունի՝ քնելու ես առաջին, թե երկրորդ յարուսում (հարկ), անկյունում, համարյա անկյունում, թե միջանցքի վրա, մեկ ա՝ դու նույն մարդն ես։ Ու մի կարևոր բան էլ. մաքրություն անելը ամոթ բան չի։

14։00 մտնելու ես ճաշարան։ 15:00-16:00 հետճաշյա հանգստի ժամն է, որին հաջորդելու են շարային պարապմունքները, զենքի մաքրման ժամը ու նորից ֆիզոն։

Ունենալու ես նաև հատուկ ժամ բուժկետ դիմելու համար՝ 16:00-18:00։ Բուժկետ գնում են վաշտի հերթապահի հետ, վաշտի հիվանդների գրանցման մատյանով։ Խորհուրդ կտամ բժիշկների հետ վեճի չբռնվել, որովհետև նրանց դու դիմելու ես քո ծառայության 2 տարիների ընթացքում։ Խորհուրդ կտամ ամեն չնչին բանի համար բուժկետ չդիմել, չփորձել բուժկետի միջոցով «քերվել» ինչ-որ միջոցառումից։ Հավատա, դա նորմալ չի դիտվում բուժկետի կողմից։ Չփորձես նաև «սաչկավատ» լինել (խուսափել, ձև բռնել, իբրև լավ չես), բժիշկները շատ լավ են նկատում դա։ Մի՛ փորձիր խաբել բժիշկներին։

19:00 մտնելու ես ճաշարան, դուրս գաս ու, արդեն եթե չկան հավելյալ միջոցառումներ, ապա մնացած ողջ օրը մինչև «պրավերկա» քո տրամադրության տակ է։ Փորձիր այդ ժամանակը խելացի օգտագործել ու ավելորդ խնդիրների առաջ չկանգնել։

Ծառայողական որևէ խնդիր չունենալու համար փորձիր պահպանել զինվոր-հրամանատար հարաբերությունը։ Հիշի՛ր, որ հրամանները կատարում են արագ և ճիշտ, իսկ դիմում, բողոք, առաջարկությունները ասում են հրամանը կատարելուց հետո։
Ինչքան էլ խորհուրդ տամ, միևնույնն է, քո ծառայությունը կազմակերպողը դու ես։ Փորձիր գնահատել քո լավն ու վատը, փորձիր կշռադատել ճիշտն ու սխալը, փորձիր լինել առողջ հոգով ու մտքով, որ կարողանաս անփորձանք անցկացնել ծառայությանդ 731 օրը, քանի որ տանը քեզ սպասող կա։

jora petrosyan

Դիմակը՝ որպես զինվորի վերջին հույս

Բարև, սիրելի ընթերցող, հուսամ՝ լավ ես և զուրկ կորոնավիրուսի որևէ ախտանիշից։ Դու այժմ կարդում ես հայկական բանակի մի զինվորի նյութ, որը կարող ես ընկալել որպես խնդրանք-պահանջ։ Համաճարակի պատճառով արդեն 4-ից ավելի ամիս է, ինչ բոլոր զինվորները զրկված են իրենց հարազատներին տեսնելու բաղձալի և քաղցր զգացողությունից։

Համաճարակը թուլանալու փոխարեն ավելի մեծ թափով է զարգանում։ Դրանում մի մեղադրիր բժիշկներին կամ որևէ կառույցի։ Խնդիրը և դրդապատճառը փնտրիր հենց քո մեջ։ Ինչ է, մի՞թե դժվար է կրել ընդամենը մեկ բժշկական դիմակ։ Երբ մտածում ես, թե դժվար է, այդ պահին փորձիր պատկերացնել, թե ինչ դժվար է, երբ 4-ից ավելի ամիսների ընթացքում չես կարողացել տեսնել քո հարազատներին, չես կարողացել ուտել մամայի թխած համեղ քաղցրաբլիթները, չես կարողացել գրկել քույրիկիդ կամ եղբորդ և ասել, թե որքան ես կարոտել։

Գիտե՞ս՝ զինվորի համար ինչ կատաստրոֆիկ վիճակ է, երբ գտնվում է չորս պատի մեջ և չի կարողանում գեթ մի րոպեով դուրս գալ այդ պատերից։

Ես զորամասում հսկիչ անցագրային կետի (КПП) հերթապահ բուժակ եմ։ Իմ պարտականությունների մեջ է մտնում չափել զորամաս մուտք ու ելք անող անձնակազմի ջերմությունը և զգուշացնել, որ զորամաս մտնեն ու այնտեղ գտնվեն միայն ու միայն դիմակով։

Հակահամաճարակային միջոցառման կատարման քայլերի դիմաց բոլորը հավասար են իրար։ Պետք չէ նայել, թե դիմացինդ ինչ պաշտոնի է, ինչ հաստիքի է։ Եթե նախարար, փոխնախարար կամ բուժաշխատող է, դա դեռ չի նշանակում, որ նա չի կարող վարակակիր լինել։

Հիշի՛ր, որ այդ մեկ դիմակը կնպաստի, որ զինվորը տանը լինի։ Խնդրում և պահանջում եմ՝ կրի՛ր դիմակ, եղի՛ր առողջ և մի՛ խանգարիր, որ զինվորը լինի տանը։

Մենք ձեր կողքին ենք

JoraԵթե զինվորների պատասխանատվությունը մեծ է, ապա իմը կրկնակի մեծ է։ Բացի հայրենիքը պաշտպանելու հաճելի հոգսը, ուսերիս դրված է ավելի կարևոր խնդիր՝ հետևել զինվորների առողջական վիճակին։ Ճիշտ կռահեցիք. ես սանհրահանգիչ եմ։ Եթե զինվորների պարտականություններից է շարային քայլելը, դիպուկ կրակելը, ապա իմը՝ դիպուկ և ճիշտ ներարկելը։ Եթե զինվորների նպատակը հայրենիքը պաշտպանելն է, ապա իմը` զինվորների իմունային համակարգը պահպանելն է։ Եթե զինվորների ու սպայական անձնակազմի հիմնական խնդիրը թշնամու կրակը ճնշելն է, ապա իմը՝ սպաների և զինվորների ճնշումը իջեցնելն է: Մի խոսքով, սիրելի ծառայակից ընկերներ, ծառայած վերջացրած տղաներ և ապագա ծառայող տղաներ, շնորհավոր մեր տոնը՝ հունվարի 28-ը։ Թող մեր հարազատները մեզ հետ միասին ապրեն ապահով, անամպ ու պաշտպանված հայրենիքում։

Լինենք խիզախ, մարտունակ ու զգոն, քանի որ մենք պաշտպանում ենք մեր հայրերին ու մայրերին, սիրելիներին ու ընկերներին, մի բառով` մեր Հայրենիքը:

jora petrosyan

Մի քիչ մոտիվացիա…

Բարև, սիրելի ընթերցող։ Հուսամ` լավ ես։ Երկար դադարից հետո ես վերադարձա։ Վերադաձա, որ մի քիչ պատմեմ իմ երկու տարվա պատմությունը` անքուն գիշերների մասին, նպատակիս հասնելու ու դրան խանգարող տարբեր հանգամանքների մասին։ Լավ, իսկ հիմա ամեն ինչ հերթով։

Երկու տարի առաջ սեպտեմբերի մեկից սկսեցի պարապել երկու վեհ ու հետաքրքիր առարկա` կենսաբանություն ու քիմիա։ Արդեն հասկացաք, որ բժշկական համալսարանի ապագա ուսանող պետք է լինեի։ Առաջին տարին համեմատաբար թեթև անցավ, իսկ երկրորդ տարին… Երկրորդ տարին ամենատաժանակիր, միևնույն ժամանակ, ամենահաճելի տարին էր։ Օրս սկսվում էր ուսուցչուհուս տանը և ավարտվում էր նորից այնտեղ։ Օրական պարապում էի 12 ժամ և ավելի։ Գնում էի պարապմունքի առավոտյան ժամը 9-ին ու վերադառնում էի երեկոյան 10-12-ի սահմաններում։ Պատկերացնո՞ւմ եք, ես նույնիսկ իմ վերջին զանգի օրը այնտեղ եմ եղել, վերադարձել եմ դպրոց, երբ բոլոր հյուրերը արդեն հավաքվել էին։ Վերջին զանգին նախորդող օրերին էլ, պարապմունքս վերջացնում էի հնարավորինս շուտ ու արագ իջնում էի դպրոց, որ կարողանայի հասցնել բեմը ձևավորել։ Ինչ խոսք, հետաքրքիր օրեր էին։

Հիմա անցնենք բուն թեմային։ Ինձ ու ինձ հետ պարապող ուսուցչուհու՝ Աղաջանյանի համատեղ աշխատանքի շնորհիվ ես հասա նպատակիս։ Անվճար ընդունվեցի ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետ։ Կարող եք շնորհավորել։

Կողքից նայողին թվում է, թե այնքան հեշտ է։ Բայց մինչև չանցնես այդ ճանապարհը, չես կարող պատկերացնել այնտեղ հանդիպող դժվարությունները: Ամեն անգամ, երբ հոգնում էի, երբ հավեսս կորցնում էի, Աղաջանյանս թափ էր տալիս ինձ, այնպիսի հոգեբանական դրական ազդեցություն էր թողնում վրաս, որ ուղղակի չպայքարել չէի կարող։ Ոչ մի պայքար անարդյունք չի մնում։ Իմ օրինակը` վառ ապացույց։

Աշխատեք ձեր երազանքը դարձնել նպատակ, իսկ նպատակին հասնելու համար դիմել ամեն մի քայլի՝ հնարավոր ու անհնար։ Այս կյանքում ինչ-որ բանի հասնում է միայն պայքարողը, միայն մեծ ներուժ ունեցողը։ Այն մարդը, ով ճանապարհի կեսից հուսախաբ է լինում, ամենաթույլ մարդն է։

Դե ինչ, ձեր կյանքի հետագա ընթացքի համար ցանկանում եմ կանաչ ճանապարհ, բայց հիշեք, որ կանաչ ճանապարհին լինում են նաև ծակող փշեր։ Մի հուսախաբվեք…

jora petrosyan

Վերջապես…

Ի՞նչ էին անում բոլոր աշակերտները ամռան այս երկու ամիսներին. դե, բնականաբար, հանգստանում էին: Ճամբարներ, սեմինարներ…

Իսկ ի՞նչ էի անում ես: Ես մինչև հիմա պարապում էի: Վերջապես վերջացրի: Ինչպես սիրում եմ ասել՝ Դոբին ազատ է: Եկել է հանգստանալու ժամանակը: Բայց ի՞նչ հանգստանալ կամ ինչպե՞ս հանգստանալ, երբ հիշում ես, թե որքան հանձնարարություն ունես: Ինչպես իմ շա՜տ սիրելի ուսուցչուհին՝ Աղաջանյանն է ասում՝ ես պետք է մոռանամ, թե ինչ է հանգիստը: Պետք է հիշել, որ միասին նպատակ ունենք ու պիտի հասնենք դրան: Իսկ նպատակին հասնում են միայն ու միայն աշխատասիրության շնորհիվ: Ուսուցչուհիս ինձ տալիս է ոչ միայն գիտելիքներ կենսաբանությունից ու քիմիայից, այլ նաև կյանքի դասեր ու խորհուրդներ, որոնք էլ ավելի կարևոր են: Նա գիտի, թե ինչպես աշակերտին տրամադրել պարապելու ու գիտի աշակերտին իր նպատակին հասցնել:

Վերջապես օգոստոսն է, պիտի հանգստանամ: Էլի մեքենայով գնում եմ Ռուսաստան: Հուսանք, որ այս անգամ նորից ստիպված չեմ լինի մի քանի ժամ անցկացնել թշնամու հետ մեկ սենյակում:

Հայաստան-Վրաստան-Վլադիկավկազ-Մոսկվա-Պետերբուրգ: Հետաքրքիր է անցնելու: Երկար ճանապարհ՝ սիրելի մարդկանց հետ: Բայց ինչպես ասել էի, ես պետք է մոռանամ, թե ինչ է հանգիստը: Հենց դրա համար ինձ հետ վերցրել եմ իմ բոլոր գրքերը, շտեմարանները:

Դե, ընկերներ, ի գո՜րծ: Ինձ հետաքրքիր ճամփորդություն ու նպատակային պարապմունքներ, իսկ ձեզ՝ ակտիվ հանգիստ:

Վարդենիսի լքվածները

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

«Վարդենիսի «լքվածները» խորագրով ֆոտոշարքում կծանոթացնեմ Վարդենիսի այն կառույցներին, որոնք ժամանակին եղել են կարևորագույն կառույցներ, իսկ հիմա վերածվել են լքված շենքերի։ Դրանց ներսում կհանդիպես միայն աղբակույտերի։ Որոշները վերածվել են ագռավների կացարանի։ Փորձել եմ լուսանկարներում պահպանել դրանց անհատական շունչն ու եզակիությունը։

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Այս կառույցը ժամանակին եղել է Մշակույթի պալատ, իսկ հիմա լքված է։

jora petrosyan

Թշնամու հետ նույն սենյակում

Գնում էի Վրաստան: Բոլոր անցակետերը նորմալ անցա, բայց հենց հասա Վլադիկավկազի անցակետը, ինձ ձերբակալեցին՝ ասելով, թե ես էն հանցագործն եմ, որին փնտրում են: Դե, իհարկե, ուղղակի շփոթմունք էր: Իմ անունն ու ազգանունը համընկնում էին հետախուզման մեջ գտնվող մարդու անուն-ազգանունի հետ: Բնականաբար, ես մենակ չէի. եղբայրս ինձ հետ էր, ու մինչ նա կփորձեր բացատրել, որ հաստատ մի բան սխալ է, իմ թևերը ոլորեցին ու տարան մեկուսարան:

Մոտավորապես 20 րոպե այնտեղ մնալուց հետո ինձ միացավ նաև մի ընտանիք՝ երկու կին, երկու աղջիկ և մեկ տղա երեխաներ: Նրանց խոսակցությունից հասկացա, որ տղայի անունը Թումար էր: Թումարը մոր գրկից իջավ ու միանգամից եկավ ինձ մոտ: Դե, ինչ մեղքս թաքցնեմ, անուշիկ բալիկ էր, գրկել էի ու խաղում էի հետը: Որպեսզի ժամանակը միապաղաղ չանցներ, սկսեցինք ռուսերեն շփվել: Մի փոքր զրույց ունեցա նրանց հետ՝ իմ «չեղած» ռուսերենով:
-Որտեղի՞ց եք,- հարցրի ես:
-Ադրբեջանից:
Նրանք ինձ պատասխան հարց չտվեցին, թե ես որտեղից եմ: Երևի հասկացել էին արդեն, որովհետև իմ հետ կային իրեր, որոնց վրա Հայաստանի դրոշն էր:

Սառեցի տեղում. նույն սենյակում եմ թշնամի ազգի հետ: Երեխային իջեցրեցի գրկիցս ու առանձնացա մի անկյունում: Վայրկյաններն էի հաշվում, թե երբ պիտի դուրս գամ այդ դժոխքից՝ մեկուսարանից:
Մոտավորապես հինգ ժամ մեկուսարանում էի նրանց հետ: Սկզբում տագնապ էի զգում: Բայց հետո… Հետո ինձ համով-համով բաներ հյուրասիրեցին, կամաց-կամաց հարմարվեցինք միմյանց: Ուզում էի զանգել մերոնց, բայց հեռախոսիս ռոումինգն ակտիվացված չէր, չէի կարողանում կապվել: Նրանք առաջարկեցին իրենց հեռախոսը: Վերցրի ու զանգեցի քրոջս: Նա բնականաբար չպատասխանեց՝ տեսնելով ադրբեջանական համար: Հեռախոսը վերադարձրի ու հայտնեցի շնորհակալությունս:

Վերջապես ամեն բան պարզվեց, և ինձ ազատ արձակեցին: Երկար ժամանակ մտածում էի մեկուսարանում գտնվող իմ «թշնամիների» մասին, հասարակ ժողովրդի, որը «վերևների» հրամանով պատերազմում է, արյուն թափում: Ոչ ոք պատերազմ չի ուզում, չի ուզում թշնամանալ, ո՛չ մենք և ո՛չ էլ նրանք չենք ուզում արյուն թափել, բայց… Բայց շարունակում ենք կռվել, ատել իրար ու զոհվել:

jora petrosyan

Մի տեսակ խառը…

Հայերի համար մայիսը հաղթանակների ամիս է։ 1992թ.-ի մայիսի 8-9 իրագործվել է Շուշիի հետ գրավումը, մայիսի 21-29 իրականացել է Սարդարապատի հերոսամարտը,  23-29-ին՝ Բաշ Ապարանի, 24-28` Ղարաքիլիսայի հերոսամարտերը։ Մայիսի 9-ը 2000թ-ից հետո կրկնակի տոն է դարձել մեր տանը,  քանի որ հենց այդ օրը ծնվել է ընտանիքի արու զավակը՝ ես։ Մի պահ պատկերացրեք ծնողներիս ու հարազատներիս ուրախության չափը,  երբ երեք աղջիկներ ծնվելուց հետո ծնվել եմ ես։ Այո՛,  ես երեք քույր ունեմ,  որոնք անգին գանձ են ինձ համար։

Այս տարի նշելու եմ արդեն 17-ամյակս, որը համապատասխանում է կայքի անվանմանը՝ 17.am:
Այսօր իմ ծննդյան օրն է: Ժամանակն է քննարկել անցած տարին։ Առաջին եռամսյակում «լուռ էի»,  բայց դրանից հետո միանգամից սկսեցի գործել։ Ձեռքբերումներս շա՜տ-շա՜տ են,  բայց կցանկանամ առանձնացնել «Մանանա»- ին անդամագրվելը: «Մանանան» դարձավ իմ չորրորդ, թերևս ամենակարևոր ընտանիքը։ Իսկ ինչո՞ւ չորրորդ. ասեմ։ Առաջին ընտանիքը այն ընտանիքն է,  որտեղ ծնվել ու ապրում եմ,  երկրորդը, դե բնական է,  որ դպրոցն է։  Առաջին դասարան գնալու առաջին օրը  դասվարը ասել է,  որ դպրոցը մեր երկրորդ տունն է, իսկ դասարանը՝ մեր երկրորդ ընտանիքը։ Երրորդ ընտանիքը ինձ համար հանդիսանում է World Vision-ը,  որի շնորհիվ նույնպես շատ ձեռքբերումներ եմ ունեցել և ունենում։
Այս տարվա ամենաուրախ օրերը Աղվերանի մեդիա ճամբարի օրերն են եղել։ Հուսամ, որ այդ օրերից «Մանանայի» հետ էլի եմ ունենալու։ Այնտեղ բացի գիտելիքներից ու հմտություններից, ձեռք բերեցի այնպիսի մարդկանց, որոնք որ վստահ եմ, իմ մնացյալ կյանքի ճանապարհին իմ հետ են լինելու։ Իսկ վերջին իրադարձությունը դա Պատանի թղթակիցների առաջին մրցանակաբաշխությունն էր։ Հավաքվել էին  Հայաստանի տարբեր մարզերից ու Երևանից շուրջ 200 թղթակից։ Գրկախառնություններ, պաչիկներ…
Բոլորը սրտի թրթիրով սպասում էին,  թե երբ պիտի հնչի իրենց անունը։ Մեկ,  երկու,  երեք…  Հնչեցին անուններ,  ստացանք մրցանակներ։ Ես հույս չունեի,  որ կարող եմ գոնե խրախուսական նվեր ստանալ։ Բայց ի զարմանս ինձ, գտնվում էի 100 լավագույն թղթակիցների շարքում։ Իմ անունը հնչելու ժամանակ ես ցավոք ներսում չէի։

Ամեն ինչ շատ լավ էր: Ամենակարևոր մրցանակը այդ օրվա ընթացքում,  թերևս,  հավաստագիրն ու «17.am»-ի թղթակցի վկայականն էր,  որով մի տեսակ ամեն ինչ ավելի պաշտոնական դարձավ:

Սրտանց շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին։ Մրցանակաբաշխությունը պարտավորեցնող դարձավ թե՛ մրցանակակիրների,  թե՛ մյուսների համար։

Սրանք կարևոր իրադարձություններից մի քանիսն էին։ Հաջորդ տարի առաջնորդվելու եմ միայն ու միայն այս կոչով. «Աշխատե՛լ,  աշխատե՛լ, աշխատե՛լ»…

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Սիրելի Ժորա, մենք նույնպես շնորհավորում ենք ծննդյանդ տոնը: Ծնվել մայիսի 9-ին, նշանակում է՝ լինել միշտ հաղթող:

jora petrosyan

Փորփրելով արխիվը…

Ո՞րն է հին ժամանակները հիշելու ամենալավ միջոցը. իհարկե, լուսանկարները։ Փորփրելով դարակներս, գտա մի խունացած ալբոմ՝ լի նկարներով։ Նկարներ, որոնք նայելիս ակամայից կարող ես տխրել կամ ուրախանալ, հուզվել ու լցվել կարոտով։ Կարոտ, որը կապված է մանկության ու դրա հետ կապ ունեցող մարդկանց հետ։ Մարդիկ, որոնք գուցե այլևս չկան, ընտանիքներ, որտեղ չկա առաջվա խինդն ու երջանկությունը։ Նայում ես, զարմանում ու միաժամանակ հասկանում, թե մարդը որքան անկարող է ժամանակի հանդեպ։ Ժամանակը քայլում է, իսկ մենք չենք կարողանում կանգնեցնել այն, գոնե մի վայրկյան, մի ակնթարթ։ 

Թերթում եմ նկարները ու տեսնում մեր հին, դեռ չվերանորոգված տունը։ Տան դիմաց ես եմ ու իմ ընտանիքը։ Բոլորը կան նկարում. ծնողներս իրար կողքի կանգնած, ես՝ իմ մոր գրկում, քույրերս՝ մեր կողքերին, իսկ տատիկը՝ հորս մյուս կողքին։ Պատերը խարխլված են, ու ասես նկարից փչում է նկարի մեջ երևացող փտած փայտերի հոտը։ Տունը հին է, բայց մթնոլորտը այնքա՜ն ջերմ ու տաք։ Այժմ առաջվանը չէ ո՛չ տունը, ո՛չ էլ ընտանիքս։ Ընտանիքիս ջերմությունը պահպանվել է, բայց անդամների քանակն է պակասել. երեք քույրերս ամուսնացել են, ու բազմանդամ ընտանիքը դարձել է չորս հոգուց բաղկացած փոքր ընտանիք՝ ես, ծնողներս ու տատս։

Թերթում եմ ու հասնում մեկ այլ նկարի, որտեղ նշում ենք իմ ծնունդը. ես եմ, դիմացս՝ տորթը, իսկ գրկումս՝ քրոջս տղան։ Գիտե՞ք ամենաշատը ինչը գրավեց ուշադրությունս։ Մի խաղալիք ավտոմեքենա, որը նվիրել էր ինձ իմ հորեղբայրը։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ այդ խաղալիքը մինչ այժմ կա։ Անմիջապես անցա խաղալիքը գտնելու գործին ու գտա՜։ Ինչքա՜ն հիշողություններ… Ունեցա նույն այն զգացողությունները, որոնք ունեցա այդ խաղալիքը առաջին անգամ «վայելելու» ժամանակ։ Ուրախացա, հետո տխրեցի ու սկսեցի հորեղբորս կարոտը այդ խաղալիքից առնել։ Ֆիզիկապես նա չկա, բայց հոգեպես ինձ հետ է…

Խաղալիքը ասես մի գանձարան էր, որտեղ պարփակված էր իմ մանկության ողջ պատմությունը։ Փաստորեն իրերն էլ հիշողություն ունեն։

Խորասուզվել էի նկարների մեջ ու հանկարծ լսում եմ, թե ինչպես է ինչ-որ մեկը հարվածում սենյակիս պատուհանին։ Անձրևն էր թակում պատուհանը։ Եղանակն էլ քիչ-քիչ դառնում էր իմ տրամադրությանը համահունչ։ Մնում էր ընդամենը մի բաժակ տաք թեյ, ծածկոց ու երաժշտություն։ Վերջ, ամեն ինչ արդեն շատ լավ է։ Շարունակում եմ նայել նկարները ու հասկանում, որ լավ ժամանակները փչացնում են մարդկանց, նրանք դառնում են չար, ընչաքաղց ու ագահ՝ ձգտելով անիրականալի շքեղության, մոռանում մարդկային բարի ու պարզ հարաբերությունները։ Ո՞ւմ է պետք նյութական շքեղությունը, երբ չկա հոգու խաղաղություն։

Մարդիկ վազում են այն բանի հետևից, որն իրականում իրենցը չի…

jora petrosyan

Միգրացիայի իրական իմաստը

Ես դեռ շատ փոքր էի, բայց նկատում էի, որ մեր հարևանի տանը բոլոր գործերը՝ և՛ կնոջ, և՛ տղամարդու, կատարում էր մեր հարևանուհին։ Նրան համարյա միշտ զայրացած էի տեսնում իր երկու տղաների չարաճճիությունների պատճառով: Սկզբից չէի հասկանում, թե ինչու։ Հետո հասկացա, որ նրա ամուսինն արտերկրում է՝ աշխատելու, և նա ստիպված է ամեն բան իր ուսերին առնել: 

Մեծանալով՝ սկսեցի հաճախ լսել հեռուստատեսությամբ, կարդալ մամուլում և համացանցում «միգրացիա» անծանոթ բառը, որի իմաստը ինձ թվում էր խիստ խորհրդավոր, մի տեսակ եվրոպական: Ես կարծում էի, թե դա մի երևույթ է, որ հեռու է մեզնից ու մեր միջավայրում ընդհանրապես գոյություն չունի: Ես այրվում էի այդ բառի իմաստը հասկանալու ցանկությունից: Սկսեցի փորփրփել համացանցը և, ո՜վ զարմանք, պատկերացրեք իմ հիասթափության աստիճանը, երբ հանկարծ պարզեցի, որ միգրացիան ամենուրեք է, և իմ շրջապատում յուրաքանչյուր երրորդ ընտանիքում կա այդ սարսափելի խնդիրը, որ մեր հարևանուհին ու իր մանկահասակ որդիները հենց միգրացիայի զոհերն են: Իմ պատկերացմամբ՝ «միգրացիա» նշանակում է՝ անհայր մանկություն, անամուսին կին, հայրենիքը լքած, սեփական ինքնությունը կորցրած տասնյակ հազարավոր ընտանիքներ, որոնց զավակները, ըստ էության, հնարավոր է՝ չիմանան, թե ինչ ազգության են պատկանում, ինչ մշակույթի կրողներ են: Պատահում է՝ այդ երեխաները մոռանում են մայրենին, բայց լավ չեն տիրապետում նաև այն երկրի լեզվին, որտեղ ապրում են:
Երբ անցնում են տարիներ, որոշ ընտանիքներ վերադառնում են հայրենիք։ Այդ ծնողները արտերկրում շատ խիստ են լինում իրենց երեխաների հանդեպ։ Չեն թողնում, որ նրանք դուրս գան, շփվեն, պահում են նրանց ինչպես ջերմոցային մի բույս, որին խնամել են, փայփայել, բայց որը զուրկ է եղել կենսատու արևից, մարմինը կոփող քամուց:
Անցել են տարիներ։ Հարևանուհիս՝ իր երկու երեխաների հետ, նույնպես գնացել է արտերկիր։ Բոլորը գնում են, իսկ Վարդենիս քաղաքս՝ դատարկվում։

Հիմա հաճախ եմ մտածում, պատկերացնում, թե ինչպիսին կլիներ հայ հասարակության կյանքն առանց այդ մղձավանջային երևույթի՝ միգրացիայի: Իհարկե, դժվար է պատկերացնել: Ըստ իս՝ դա մեզ համար դեռ երազանք է: Երազանք է, քանի դեռ չկան աշխատատեղեր, մարդկային պայմաններ, չկա սոցիալական ապահովվածություն, վստահություն վաղվա օրվա նկատմամբ: Երբ փորձում եմ երազել, պատկերացնում եմ օտար ափերում ստորացուցիչ աշխատանք կատարող միլիոնավոր հայերին վերադարձած, օտարացած ընտանիքները՝ վերամիավորված, խորթացած հայրերին ու զավակներին՝ ջերմ սիրով պարուրված…
Տա Աստված, որ երազանքս իրականացած տեսնեմ ոչ միայն ես, այլև պանդխտության մեջ դեգերող, ջերմության, սիրո կարիք ունեցող բոլոր հայրենակիցներս: