Gohar Petrosyan

Թռչունները թռչում են տարբեր ուղղություններով

Գիտեմ, որ թռչունները թռչում են տարբեր ուղղություններով
Հուսով եմ` կրկին կտեսնեմ քեզ…

Ամեն անգամ, երբ լսում եմ այս երգը՝ աչքիս առաջ դու ես երևում: Բառերը ճիշտ են ընտրված, որ լսելիս կարող եմ զգալ ամեն տողը, որովհետեւ իրոք ուզում եմ հավատալ, որ օրերից մի օր կտեսնեմ քեզ:
Չնայած, առանց երգն էլ լսելու, միևնույն է, միշտ քո մասին եմ մտածում, պարզապես երգը ներսս իրոք տակնուվրա է անում: Քեզ կորցնելու ժամանակ շատ պատահաբար լսեցի ու դարձրի բացակայությանդ ամեն վայրկյանը հիշեցնող խորհրդանիշ, որ գոնե քարացած տեսակս մի փոքր թուլանա այն լսելիս, որ կոկորդիս խեղդող քարը մեկ-մեկ կոտրեմ ու չմոռանամ արցունքները այնպես սրբելու մասին, որ որևէ մեկը անքնությունից զատ այլ բան չկարծի:

Չգիտեմ էլ, թե այսօր ամսի քանիսն է, գիտեմ միայն ամիսը, ու գիտեմ, որ շուտով ծննդյանդ օրն է: Ծանր գրաֆիկս է անհանգստացնում, մտածում եմ մի բան անեմ, որ գոնե այդ օրը կարողանամ կողքիդ լինել: Գիտեմ, որ չես նեղանում քեզ մոտ հաճախ գալ չկարողանալու համար: Դե գիտես, թե ինչ ծանր ու աշխատանքային է անցնում օրս:

Երբ տուն էի գալիս, տեսնում էի ուրախությունդ ու չէի ցանկանում հետ գնալ: Բայց թե գնում էլ էի, որքան էլ որ տխրում էիր՝ ցույց չէիր տալիս, որովհետև հավատում էիր ինձ: Հավատում էիր, որ կարող եմ, որ հասնելու եմ երազանքիս, որ ամեն անգամ մի նոր հպարտանալու առիթ էիր ունենալու: Ես էլ ուժերիցս ավելին էի անում՝ քեզ ուրախություն պարգևելու համար: Բայց հիմա, պարզապես ուզում եմ թողնել ամեն բան, գալ ու նստել կողքիդ: Եվ կներես ինձ, թե որոշեմ վառել ծխախոտս:

Ոչ մի նոր բան չկա: Ամեն օրս տարբեր է ու նման անցածին իր միօրինակությամբ ու անիմաստությամբ, որովհետև չեմ էլ մտածում ապագայի մասին: Ժամանակս կանգնեց մի քանի ամիս առաջ:

Կանգնեցրիր… Ներիր, թե այսքան կոտրված ու աշխարհից հիասթափվածի պես եմ խոսում: Չնայած, այդպես էլ կա: Ժամանակն էլ չի փոխի, որովհետև չես գալու ու չի մոռացվելու գնալդ, չլինելուդ ամեն օրվա ցավն ու արցունքները սրբել չմոռանալը:
Չգիտեմ էլ ինչ գրեմ, դատարկվել են բառերս: Ուզում եմ ասել, որ կարոտել եմ: Երգն էլ, այնքան տխուր է: Ու դու չես լսի ու չես էլ կարդա հերթական նամակս: Ոչինչ, ես չեմ նեղանում քեզնից, ինչպես դու ինձնից՝ շիրիմիդ չայցելելու համար:

Գիտեմ, որ թռչունները թռչում են տարբեր ուղղություններով,
Հուսով եմ`  կրկին կտեսնեմ քեզ…