Գոհար Պետրոսյանի բոլոր հրապարակումները

Gohar Petrosyan

Հիշում եմ, սիրում էիր սպիտակ մեխակներ

Գիտեմ, նեղացել ես ինձանից. ուշ-ուշ եմ շիրիմիդ այցի գալիս։ Քեզ կորցնելուց հետո ինքս ինձ ու քեզ խոսք տվեցի երկրորդ տունս դարձնել հողե ննջարանդ։ Բայց արի ու տես, որ խոստումս չեմ պահում։ Երևի թե հենց նրա համար, որ զգում եմ ներկայությունդ իմ մեջ։ Բայց դա արդարացում չէ ինձ և արդարացում չէր հեռանալուդ։ Բայց դու ի՞նչ մեղք ունեիր, և ո՞րն է մեղքը իմ` քեզ մտքումս ողջ պահելու համար։ Ես չեմ հավատում, թե մի օր կտեսնեմ քեզ, և գիտեմ, որ երբեք ինձ չես մեղադրել ոչ մի հավատք չունենալու համար։ Ես պարզապես հավատում էի, որ կտեսնես ինձ նպատակներիս հասած և կհպարտանաս ինձով, քանզի ամեն ինչ անում էի քեզ հպարտություն պարգևելու համար։ Բայց հիմա անիմաստ է ամենը առանց քո ներկայության։ Երևի թե կամաց-կամաց սկսեմ մեղադրել ինձ ամեն ինչից հիասթափվելու համար։

Անցնում են օրերը, ու ավելի եմ հեռանում քեզանից։ Տպավորություն է, թե անցյալ կյանքում եմ ունեցել քեզ. է՜հ, քեզ կորցնելուց հետո կորցրի և ինձ, վերածնվեցի մի աշխարհում, որտեղ մեկ վայրկյան ապրել անգամ չէի ցանկանա։ Բայց ապրում եմ, քանզի վախենում եմ այս կյանքն էլ կորցնել և վերածնվել նորից։ Այնպես որ, շարունակելու եմ ձևացնել, թե խաղ ու պար է կյանքն ինձ համար, որ կողքիններս մեկ րոպե անգամ չխղճան ինձ։ Դու ես դաստիարակել ինձ իբրև ուժեղ մարդ, ես իրավունք չունեմ թույլ երևալու։ Թող կարծեն, թե խենթ եմ, կամ փոքր երեխա, որը չունի ոչ մի մտածմունք ու խնդիր։ Բայց թե գան ու ասեն, որ օրերից մի օր կտեսնեմ քեզ, կդադարեմ ուժեղ ձևանալուց և չեմ զսպի ուրախության արցունքներս։ Քեզ մոտ կգամ նպատակներիս հասած ու մեծ ձեռքբերումներով, որ կրկին հպարտության փայլը տեսնեմ աչքերումդ։ Բայց ինձ փակված ու սառը աչքեր պետք չէին, հա՛յր։ Այս ճղճիմ կյանքը չխղճաց ո՛չ ինձ, և ո՛չ քեզ։ Մի հարցում է սիրտս հանգիստ, որ մայրդ չտեսավ քեզ այդպես անշարժ ու անշունչ։ Տանջված կյանք տեսած տատուս առաջին անգամ երանի տվեցի քեզ կորցնելու այդ ծանր օրերին։ Երանի եմ տալիս և իմ մեծ, բայց մեծանալ չհասցրած եղբորս և ծանր հիվանդությամբ մահացած պապուս։ Ու հիմա էլ ապրում եմ հույսով, որ այլևս ոչ մեկին երանի տալու կարիք չեմ ունենա ու միակ տունս չեմ դարձնի այդ հողե ննջարանը։ Կներես, թե խոսում եմ կոտրված ու վատը մտածող մեկի նման։ Պարզապես ինձ արդարացնելու ոչ մի պատճառ չեմ կարողանում գտնել շիրիմիդ չայցելելու համար։ Ինձ էլ հասկացիր. ամեն անգամ քեզ մոտ գալիս մեր հրաժեշտի հուշերը խեղդում են կոկորդս։

Շուտով ծննդյանդ օրն է։ Կայցելեմ շիրիմիդ սպիտակ մեխակներով։ Հիշում եմ, սիրում էիր սպիտակ մեխակներ…

Gohar Petrosyan

Դու չես համակերպվի ինձ

Դու այլևս սովոր չես լինի ու չես համակերպվի ինձ։
Ինչ-որ մի պահի բաժանվեց մեր ճանապարհը, բայց ի տարբերություն քեզ, ես փոխեցի այն հակառակ ուղղությամբ, և գուցե հանդիպենք ապագայում դեմ առ դեմ։ Բայց դու ինձ չես ճանաչի, քանզի ամեն բան այլ դարձավ իմ կյանքում։ Դու գուցե ծերացար քո ցավից, ես էլ փոխեցի ապրելակերպս։ Քեզ դուր չի գա ոչինչ իմ մեջ, գուցե դա էլ ուզում էի։ Դու գինետներից հարբած ու մտամոլոր կգնաս տուն, իսկ ես դեռ ծխով կլցնեմ մեջս ու կշարունակեմ հարբելը, քանզի ինձ տանը ոչ ոք չի սպասում։

Անկեղծ ասած, ափսոսում եմ քեզ, քո մեջ անվերջ պատերազմներ են, իսկ ես ազատվեցի դրանցից։ Քեզ ոչինչ չի փրկի, դու ինքդ պատերազմի մեջ էիր, և այն քո մեջ է այնքան ժամանակ, մինչև աչքերդ փակվեն։ Իսկ ես կփակեմ ծխից մրմռացող աչքերս, գլուխս կդնեմ փաբի սեղանին ու կմտածեմ դատարկության մասին, որն ամեն ծխի հետ լցնում եմ ներսս։

Ինձ մոտ շատ բան է փոխվել այս կարճ ժամանակում, բայց տպավորություն է, թե միայն կորցնում եմ կորուստներիս հաշվարկը։ Իսկ դու շարունակիր հարբել և տուն գնալ, քեզ դեռ սպասում են, իսկ ես ազատ եմ իմ կոտրված թևերով։
Ես դեռ երկար ժամանակ ոչինչ չեմ գրի քո, իմ ու այս կյանքի մասին։ Այլևս ոչինչ չկա ասելու, պարզապես ապրում ենք, որ չնեղացնենք ինքներս մեզ ու մեր հին երազանքներին, որոնց հասանք ու հոգնեցինք։ Ես քեզնից էլ եմ հոգնել, բայց դու երազանք չէիր։ Ես հոգնել եմ գրելուց, որովհետև դատարկում եմ միջիս դատարկությունը։ Իսկ դու կապրես դեռ երազանքներով. պայքարել ներսիդ պատերազմների դեմ ու գոնե հաղթել, որովհետև պարտվեցինք այս անիմաստ ու ծանր պատերազմում։ Բայց ես չունեմ ոչինչ պայքարելու և հաղթելու համար, ես կորցրի ամենը իմ ճանապարհին։

Դու այլևս սովոր չես լինի ու չես համակերպվի ինձ։ Ես ինքս չեմ կարողանում համակերպվել այն կյանքին, որում չգիտեմ էլ ինչպես հայտնվեցի։

Gohar Petrosyan

Քեզ էլ չհասցրի հրաժեշտ տալ

Դու չխմեցիր իմ պատրաստած թեյը…
Հողն այլևս չի զգում ծանրությունդ, արդեն ինքդ ես զգում մի ողջ ծանրություն, ինչը մնաց քեզանից հետո իմ մեջ։ Չկաս հիմա այնպես, ասես երբեք էլ չես եղել, ու ասես ոչինչ էլ չի փոխվել կյանքում։ Բայց ինչ-որ բան հիմա ներսից խեղդում է ինձ։ Երևի հենց կյանքում ոչինչ չփոխվելու դժվարությունից է։
Շուտով աշուն կգա, ու ես նորից թեյը ձեռքումս կսպասեմ քեզ` տանս դատարկված պատերի ներսում։ Դաշտերի ոչինչ չասող քամին նույն բույրերով կխառնվի շնչիս, ու կրկին կզգամ ներկայությունդ օդում։ Կփակեմ աչքերս, տեսադաշտումս կպահեմ քեզ ու կերջանկանամ մանկության խենթ հույզերով, որովհետև քեզանից հետո կորցրի և մանկությունս։

Ինչ-որ մի տեղ, գրողի ծոցում լուռ նստել է դեռահասությունս ու փորձում է մոռանալ ինքն իրեն, քանզի թանկ չէր ապրելը և ոչ էլ կարևոր։ Բայց հիմա, ես նախընտրում եմ ապրել մանկության մեջ, դե՜ թքած, ինչու՞ չէ, նաև դեռահասության. դու կայիր դրանցում։ Իսկ հիմա պարզապես դատարկ է ամեն բան։ Ծխախոտն էլ խեղդում է, բայց միևնույն է, չի հերիքում։ Դատարկությունն այնքան մեծ է, որ մի ողջ ծխախոտի տուփն էլ քիչ է։

Քեզ էլ չհասցրի հրաժեշտ տալ։ Դեհ, հրաժեշտների հարցում ես միշտ եմ ուշացել, որովհետև չեմ էլ մտածել շտապելու մասին։ Ու դու էլ գնացիր, տարար քեզ հետ ողջ երազանքներս ու պայքարս հանուն դրանց։ Գիտեմ, չէիր ուզում ու չես ուզում տեսնել, թե ինչպես է փոխվել կյանքս քեզանից հետո։ Բայց դե, քարշ եմ տալիս պայքարելու ցանկությունը, որը դեռ քայլել չի ուզում։

Աշունը արդեն մոտենում է, իսկ դու դեռ չկաս։ Չե՞ս գալու… Արի՛, թեյը սառչում է։

Gohar Petrosyan

Թռչունները թռչում են տարբեր ուղղություններով

Գիտեմ, որ թռչունները թռչում են տարբեր ուղղություններով
Հուսով եմ` կրկին կտեսնեմ քեզ…

Ամեն անգամ, երբ լսում եմ այս երգը՝ աչքիս առաջ դու ես երևում: Բառերը ճիշտ են ընտրված, որ լսելիս կարող եմ զգալ ամեն տողը, որովհետեւ իրոք ուզում եմ հավատալ, որ օրերից մի օր կտեսնեմ քեզ:
Չնայած, առանց երգն էլ լսելու, միևնույն է, միշտ քո մասին եմ մտածում, պարզապես երգը ներսս իրոք տակնուվրա է անում: Քեզ կորցնելու ժամանակ շատ պատահաբար լսեցի ու դարձրի բացակայությանդ ամեն վայրկյանը հիշեցնող խորհրդանիշ, որ գոնե քարացած տեսակս մի փոքր թուլանա այն լսելիս, որ կոկորդիս խեղդող քարը մեկ-մեկ կոտրեմ ու չմոռանամ արցունքները այնպես սրբելու մասին, որ որևէ մեկը անքնությունից զատ այլ բան չկարծի:

Չգիտեմ էլ, թե այսօր ամսի քանիսն է, գիտեմ միայն ամիսը, ու գիտեմ, որ շուտով ծննդյանդ օրն է: Ծանր գրաֆիկս է անհանգստացնում, մտածում եմ մի բան անեմ, որ գոնե այդ օրը կարողանամ կողքիդ լինել: Գիտեմ, որ չես նեղանում քեզ մոտ հաճախ գալ չկարողանալու համար: Դե գիտես, թե ինչ ծանր ու աշխատանքային է անցնում օրս:

Երբ տուն էի գալիս, տեսնում էի ուրախությունդ ու չէի ցանկանում հետ գնալ: Բայց թե գնում էլ էի, որքան էլ որ տխրում էիր՝ ցույց չէիր տալիս, որովհետև հավատում էիր ինձ: Հավատում էիր, որ կարող եմ, որ հասնելու եմ երազանքիս, որ ամեն անգամ մի նոր հպարտանալու առիթ էիր ունենալու: Ես էլ ուժերիցս ավելին էի անում՝ քեզ ուրախություն պարգևելու համար: Բայց հիմա, պարզապես ուզում եմ թողնել ամեն բան, գալ ու նստել կողքիդ: Եվ կներես ինձ, թե որոշեմ վառել ծխախոտս:

Ոչ մի նոր բան չկա: Ամեն օրս տարբեր է ու նման անցածին իր միօրինակությամբ ու անիմաստությամբ, որովհետև չեմ էլ մտածում ապագայի մասին: Ժամանակս կանգնեց մի քանի ամիս առաջ:

Կանգնեցրիր… Ներիր, թե այսքան կոտրված ու աշխարհից հիասթափվածի պես եմ խոսում: Չնայած, այդպես էլ կա: Ժամանակն էլ չի փոխի, որովհետև չես գալու ու չի մոռացվելու գնալդ, չլինելուդ ամեն օրվա ցավն ու արցունքները սրբել չմոռանալը:
Չգիտեմ էլ ինչ գրեմ, դատարկվել են բառերս: Ուզում եմ ասել, որ կարոտել եմ: Երգն էլ, այնքան տխուր է: Ու դու չես լսի ու չես էլ կարդա հերթական նամակս: Ոչինչ, ես չեմ նեղանում քեզնից, ինչպես դու ինձնից՝ շիրիմիդ չայցելելու համար:

Գիտեմ, որ թռչունները թռչում են տարբեր ուղղություններով,
Հուսով եմ`  կրկին կտեսնեմ քեզ…