Ժաննա, բայց ոչ դ’Արկ

Ծանոթացե՛ք, Ժաննան է (Ժաննա Կիրակոսյան, 16տ.)` իմ ամենամոտ ընկերուհին ու համադասարանցին: Նա շատ է սիրում նկարել ու հիանալի «լեզու է գտնում» թղթի, մատիտի ու ներկերի հետ: Սակայն իր տաղանդի ձեռքը «կրակն է» ընկել. դպրոցում բոլորն անընդհատ նրան են փնտրում.

-Ժա՛ն, միջոցառում ենք անում, պիտի դասարանը ձևավորես…

-Ժաննա՛, Սևակին նվիրված պատի թերթ պիտի պատրաստես…

Ու այսպես շարունակ: Բայց նա բնավ չի զլանում ու չի հոգնում: Միշտ պատրաստ է բոլորին աջակցելու, ամեն ինչ գեղեցկացնելու: Նրա թեթև ձեռքով անգամ ամենաանպետք իրերը` թղթերը, պոլիէթիլենային տոպրակներն ու տատիկի հին զգեստները, նոր շունչ են առնում` վերածվելով համաշխարհային նորաձևության ու ժամանակակից արվեստի գործերին չզիջող նմուշների: Ավելին, այս տարի նա դպրոցում ունեցավ իր անդրանիկ ցուցադրությունը:

Ժաննան երազում է դառնալ հայտնի ու սիրված դիզայներ-նկարիչ, ունենալ սեփական բրենդն ու իր մոդելավորած զգեստները: Ասացի` երազո՞ւմ: Ո՛չ, ո՛չ, նա արդեն փոքրիկ, բայց վստահ քայլերով իրականցնում է այն: Մի օր նա ինձ ասաց.

-Անի՛, շատ լավ միտք ունեմ: Ուզում եմ` մեր բիզնեսը հիմնենք: Ես կնկարեմ, կտպենք շապիկների և բաժակների վրա ու կվաճառենք:
Դե՜, կատակեցինք, անցավ: Բայց, դու մի ասա, ամեն ինչ շատ ավելի լուրջ էր: Այդ դեպքից որոշ ժամանակ անց Ժաննան եկավ ու ինձ ցույց տվեց իր պատրաստած կրեատիվ վզնոցները: Իսկ թե ինչպե՛ս է դրանք պատրաստում, որտե՛ղ վաճառում՝ կիմանանք հենց իրենից:

-Ժա՛ննա, ինչպե՞ս որոշեցիր հենց վզնոցներ պատրաստել:

-Հաճախ եմ լինում պապիս արհեստանոցում և փնտրում հետաքրքիր իրեր: Մի անգամ գտա շատ ամուր կտոր և որոշեցի վրան նկարել: Սակայն այդքան էլ հեշտ չէր. ներկերը չէին երևում: Բայց ամենատարբեր նյութերով փորձելուց հետո գտա հարմար եղանակ և մտածեցի, որ կարելի է վզնոցներ պատրաստել: Մի քանի անհաջող փորձից հետո ամեն ինչ լավ ստացվեց:

-Իսկ ի՞նչ էիր անում պատրաստածդ վզնոցները:

-Սկզբում վզնոցների նկարները տեղադրեցի իմ ֆեյսբուքյան էջում, և դպրոցի երեխաներից մի քանիսը դրական արձագանքեցին ու ցանկություն հայտնեցին, որ իրենց համար էլ պատրաստեմ` առաջարկելով անպայման վճարել: Հիմա արդեն շատ պատվերներ եմ ստանում:

-Դու ծնվել ու մեծանում ես մտավորականի ընտանիքում (ծնողները մանկավարժներ են), ըստ քեզ, արվեստագետի ձևավորման գործում գենի՞, թե՞ դաստիարակության գործոնն է ավելի կարևոր:

-Ճիշտ է, չեմ կարող ժխտել ծնողներիս դերն ու մեծ ներդրումը իմ արժեհամակարգի ձևավորման գործում, բայց նաև շատ եմ կարևորում ժառանգականության դերը, քանի որ նկարելու ջիղը ժառանգել եմ հորական պապիս կողմից:

-Իսկ ո՞րն է կերպարվեստի մեջ քո սիրելի ոճը, և ո՞վ է քո սիրած նկարիչը:

-Ոճերից շատ եմ սիրում ռոմանտիզմը, իսկ նկարիչներից` Վան Գոգին ու Դալիին եմ շատ սիրում: Թեև նրանք ստեղծագործում են տարբեր ոճերում, բայց երկուսի կտավներում էլ ինձ համար ընդհանուր ու հոգեհարազատ նրբություններ կան:

-Ո՞վ կամ ի՞նչն է քեզ համար ոգեշնչման առիթ հանդիսանում:

-Երաժշտությունը: Երբ փակում եմ աչքերս ու լսում իմ սիրած երգերը, պատկերացնում եմ իմ հագուստների ցուցադրությունը և մոդելներին` իմ նախագծած զգեստները հագած: Հենց այդ պահին վերցնում եմ թուղթն ու մատիտը և թղթին փոխանցում տեսածս:

-Դու արդեն առաջին քայլերդ կատարել ես այդ բնագավառում: Արդյոք Հայաստանում տեսնո՞ւմ ես քո պատկերացրած ապագան:

-Իհարկե, շատ եմ սիրում իմ երկիրը ու ցանկանում եմ հենց այստեղ ապրել ու ստեղծագործել: Ցավոք, գիտակցում եմ նաև, որ, ինչ խոսք, Հայաստանում առավել ևս արվեստագետների համար, շատ ավելի դժվար է լուրջ քայլեր անելը, հաջողությունների հասնելը:

-Երիտասարդների ապագան ավելի լավը դարձնելու համար ի՞նչը կցանկանայիր փոխել Հայաստանում:

-Յուրաքանչյուր երեխա ու երիտասարդ պետք է ունենա ինքնաարտահայտվելու լիարժեք հնարավորություն: Կցանկանայի, որ տարբեր խմբակներ ու ժամանցի կենտրոններ լինեին նաև մարզերում ու գյուղերում: Ամեն ինչ կենտրոնացված չլիներ մայրաքաղաքում ու քաղաքներում: Եվ չնայած դրան, եթե մենք ապրում ենք գյուղում, չի նշանակում, որ տեղյակ չենք արվեստից, մոդայից ու չենք քայլում ժամանակին համընթաց:

Դե ինչ, ծանոթացա՞ք, Ժաննան է, և եթե մի օր տեսնեք նրան հեռուստացույցով՝ հայտնի ու կայացած, հիշե՛ք, որ դուք արդեն ծանոթ եք: