qristine epremyan

Ժպտա, երկի՜րս, այսօր քո տոնն է

Ամեն օրվա նման առավոտյան արթնանում եմ, հավաքում գրքերս, վերցնում պայուսակս ու շտապում համալսարան:

Այդ օրը սովորականից քսան րոպե շուտ էի դուրս եկել, երևի զգում էի՝ «գլխիս ինչ է գալու»: Կանգառում համարյա տասնհինգ րոպե կանգնելուց հետո հեռվում նկատում եմ «սպասված» 23-ը, հարազատ դարձած ավտոբուս, որին մեկ կիլոմետրից էլ ճանաչում եմ: Հանգիստ տեղավորվում եմ, և շարունակում իմ ճանապարհը: Հաղթանակի կամրջի վրա մեզ սպասում էր ահռելի խցանում: Գնացինք ու ընկանք դրա «ճանկը»՝ մեքենաների մի շարասյուն, որի ոչ սկիզբն էր երևում, ոչ վերջը…

Որոշեցի ճանապարհս ոտքով շարունակել, որովհետև եթե սպասեի, հաստատ դասերի վերջում կհասնեի համալսարան: Խնդրեցի վարորդին բացել ավտոբուսի դռները, վճարեցի իմ բաժին 100 դրամը և իջա: Նկատեցի, որ ավտոբուսի մարդկանց 90 տոկոսն էլ որոշել էր ճանապարհը ոտքով շարունակել:

Քայլում եմ Մաշտոցի պողոտայով և ճանապարհին չեմ նկատում ոչ մի երթուղային, ոչ մի մեքենա: Միայն ոստիկաններ, որոնք իրենց բարձրախոսներով ինչ-որ հրահանգներ են տալիս:

Քսան րոպե ուշացումով հասա համալսարան: Դասերն անցան ամեն օրվա պես՝ ոչ մի նոր ու հետաքրքիր բան:

Դուրս եկա համալսարանից, որ գնամ տուն, և հենց այստեղից սկսվեցին «արկածներս»: Խուճապ, շփոթություն: Մի անհասկանալի իրավիճակ էր, երբ չգիտես որ կողմ գնաս, ինչ անես: Չկա ոչ մի երթուղային, ոչ մի տաքսի, ոչ մի քաղաքացիական մեքենա: Ամբողջ փողոցներում տանկեր են, ոստիկաններ, զինվորներ ու մարդկանց խուճապահար դեմքեր:

Հասկացա, որ ոտքով պիտի հասնեմ տուն: Եղանակն էլ անձրևային էր ու նույնիսկ հարմար մրսելու համար: Բայց ինչ արած, պետք է տուն հասնել…

Արդեն անձրև է, դող առաջացնող սառը քամի, ու ես եմ, քայլում եմ: Հաղթանակի կամուրջն էր՝ պիտի անցնեի փողոցն ու չհասցրի: Ոստիկանն իր բարձրախոսով ասաց, որ հետիոտները սպասեն իր հրահանգին: Ու մեկ էլ գալիս են տանկերը, զինվորական մեքենաները: Զինվորները ծածանում են եռագույնն ու երգում, հպարտ երգում:

Անկախ ինձնից ժպիտ եկավ դեմքիս, կորավ դողը, մոռացա անձրևի մասին ու ժպտում եմ, նայում երգող զինվորներին ու ժպտում: Մեր անկախության խորհրդանիշները՝ տղերքը: Ա՜խր, ո՞նց չուրախանալ նրանց տեսնելիս…

Անկախությո՜ւն: Ահա, գտա պատճառը այդ օրվա աշխուժության: Պատրաստվում էինք անկախության տոնին: Դե՜, իսկ այսօր հենց այդ օրն է…

Հայաստա՜նս, շնորհավոր մեր տոնը…