vahe stepanyan

Հանկարծակի աշուն

Աշուն։ Ես զգացի, որ աշուն է միայն այսօր։ Այսօր, երբ ոչինչ չկասկածելով, բացեցի աչքերս, սովորականի պես, սովորականի պես 23 վայրկյան նայեցի խունացած առաստաղիս  երկնագույնին։ Հետո, երբ անցավ 23-րդ վայրկյանը, սովորականի պես վեր թռա։ Բայց չանցավ երևի մի լրիվ վայրկյան, ու ես նորից պառկած եմ՝ վերմակիս մեջ կուչ եկած։

Անսովոր էր։ Ախր, մրսեցի։ Քանի ամիս չէի մրսել։ Մրսեցի , որովհետև աշնանային սառն ու թարմ օդը լցվում էր սենյակս իմ կոտրված ապակիներով պատուհանից։ Ամռանն էր կոտրվել։ Չէ, կներեք, գարնանը՝ մայիսի վերջին։ Գիժ քամին էր, էլի։ Ու ես մինչև հիմա ականջ չդրեցի ոչ մեկին ու մնացի փակվող փեղկերով, բայց իրենից անկախ, միշտ բաց պատուհանով։

Էդպես էլ էդ պատուհանից ներս մտած սառը օդը «արմունկով բզեց կողքիցս» ու պարզ լսվող, հոգնած ձայնով ասաց.

-Վահե, այ, Վահե։

-Հը՞։

-Տես, աշուն ա։

Տաքացա։ Մարմնիս կծիկը բացվեց։ Ու հետո լավ զգացի։ Շատ լավ։ Ես արթուն եմ ժամը 6-ին։ Կարող եմ հանգիստ 2 ժամ էլ քնել։ Կամ պառկել ու մտածել։ Էնքա՜ն մտածելու բաներ կան…

Մտածեցի աշնան մասին։ Հետո գաղտնի ուրախացա, որ աշունը նոր է սկսվել։ Վերջապես հաճույքից ժպիտ ձգվեց դեմքիս, երբ հասկացա, որ իմ հոկտեմբերին դեռ 2 շաբաթ էլ կա։ Ոտքս դուրս կախեցի վերմակիս տակից ու նորից զգացի. հա, էլի, իրոք որ: Աշուն է, որ կա։ Աշուն, որին ես սպասել եմ։ Գիտեք` ինչո՞ւ։ Որ մրսեմ …