artyom safaryan

Հա՞յ ես, կայֆա, չէ՞

Էս արտահայտությունը շատ անգամ լսել եմ ու գիտակցել եմ, որ այն շատ ճիշտ բնորոշում է մեր ազգայինը, մեր ինքնատիպ դիմանկարը, որովհետև մենք «կայֆոտ» ազգ ենք: Բայց երբևէ մտածե՞լ եք, թե ինչու: Ու նախօրոք ասեմ, ես չեմ սիրում ավելորդ հայրենասիրական պաթոսը, որի պատճառով կորցնում ենք մեր ազգային ինքնատիպությունը: Դրա համար կփորձեմ ավելի իրատեսորեն մոտենալ այսօրվա մեր հարցին:

Դե ոչ մեկի համար, ինձ թվում է, գաղտնիք չէ, որ մենք հայերս շատ խելացի ազգ ենք և ունենք բազմադարյա մշակույթ: Բայց հետաքրքիրն այն է, որ այդ մշակույթը ողողված է այնպիսի ինքնատիպ տարրերով, որոնցից զուրկ են աշխարհի բազմաթիվ մշակույթներ: Ինչո՞ւմ է կայանում ինքնատիպությունը: Բացատրեմ. մեր տարածքը արևելքի ու արևմուտքի ձեռքսեղմումն է, և այդ է պատճառը, որ մեր մշակույթը ճշգրիտ է, ինչպես եվրոպականը, և գունագեղ, ինչպես արևելյանը:

Բոլոր երկրներն էլ ունեն զավակներ, որոնցով հպարտանում են, բայց ոչ մի երկիր չունի այնպիսի զավակներ, որոնք իրենց անփոխարինելի տեղը ունեն համաշխարհային մշակույթում. Այվազովսկի, Մարտիրոս Սարյան, Շարլ Ազնավուրը, Քեն Դավիդյան, Վիլյամ Սարոյան, Արամ Խաչատրյան, Մհեր Մկրտչյան, Բաղրամյան, Խուդյակով, Իսակով և շատ-շատ ուրիշներ, որոնք թողել են իրենց հետքը համաշխարհային պատմության մեջ: Եվ երբեմն ինձ թվում է, թե մենք հայերս հատուկ առաքելություն ունենք, որ զարգացնենք աշխարհի բոլոր անկյունները մեր տաղանդավոր հայորդիներով: Հիմա էլ, բոլորը ճանաչում են Հենրիկ Մխիթարյանին, Արթուր Աբրահամին:

Մեր մայրաքաղաքը Երևանը 27 տարով մեծ է հավերժական Հռոմից, դե հիմի ասեք` ո՞վ է հավերժական: Մեր էպոսը համարվում է բոլոր ազգերի լավագույն էպոսը, քանի որ հաղթել է էպոսների մրցույթում: Հայերին միշտ բնորոշել են իբրև աշխատասեր և խելացի, փորձել են կոտրել մեզ, բայց դե, չէ, մենք ամուր ընկույզ ենք ու ոչ մի ջարդիչ մեզ չի ջարդի:

Անհարթ ու խորդուբորդ ճանապարհի վրա, որը պատմություն է կոչվում, մենք շատ ջարդարարներ ենք ճամփու դրել: Այդպիսի կայսրություններ էին Բաբելոնը, Ասորեստանը, Հռոմը և էլի շատ-շատեր: Բայց դե, ժողովուրդ, մենք հիմա ունենք մեր երիտասարդ պետությունը, որը անկախ նրանից` լավն է, թե վատը, շեն է, թե քայքայված, միևնույն է, մերն է, ու մենք ենք պատասխանատու նրա համար: Մեր ուսերին է նրա ապագան, մեր շուրթերից պետք է հնչեն նրա երգերը, մեր գրիչները պետք է գրեն նրա օրենքները, մեր բռնած զենքը պետք է պահի նրա սահմանը, մեր ձեռքերը պետք է կառուցեն նրա շենքերը, դրա համար պետք է սիրենք մեր հայրենիքը: Ու ինձ ասեք, խնդրում եմ, այս ամենից հետո հայ լինելը կայֆ չի՞: