arman arshak

Մուշը

Երեկ հերթական անգամ երեկոյան «ստուգայց» էի անում 17-ի կայքէջում։ Տեսա, որ Լիդուշը նյութ է գրել Ծյոմի մասին, տեսա Ծյոմի լուսանկարները զինվորական շորերով ու էլի Մուշին հիշեցի, ապրեցի այն նույն զգացողությունները, ինչ զգացի, երբ 17-ի մրցանակաբաշխության ժամանակ դահլիճի բակում անակնկալ կերպով Ծյոմը առջևս կանգնեց, հիշեցի այն բացը, երբ հայտարարվեց լավագույն 100 թղթակիցների անուններից «Մուշեղ Կուրեխյան»-ը, բայց այդ ամենը յուրաքանչյուր պահի համեմված էր հպարտությամբ` Մուշը հայոց բանակում է, իր պարտքն է կատարում, ու ինչպես նրա վերջին հոդվածն էր փաստում, իր պարտքը կատարում է հրաշալիորեն, իսկ մեզ այստեղ` թիկունքում հպարտանալու լիքը առիթ է տալիս։

Ու երբ վերցրեցի թուղթն ու գրիչը և պատրաստվում էի գրել այս հոդվածս ու մտաբերել մեր ծանոթացման շարժառիթը, Մուշից հերթական նամակը ստացա «Հըն, Արմ, դու ո՞ր անվանակարգում ես հաղթող ճանաչվել, չասես ոչ մի: Մեկա՝ չեմ հավատալու», ու Մուշի այս խոսքերը առաջ քայլելու ուժ տվեցին, որպեսզի հաջորդ տարի չսպասեցնեմ Մուշին, ես գրեմ ու ասեմ. «Մուշ, հաղթող եմ ճանաչվել, Մուշ, դու էլ ես հաղթող ճանաչվել: Մրցանակդ քեզ է սպասում»…
2016 թվականն էր: 17-ի բոլոր թղթակիցներին հայտնի բարի ու հոգատար Լուսինե Կարապետյանն ասաց, որ ՏՆԱԿ ծրագիրն է անելու: Դե, գրանցվեցի, ընտրվեցի որպես մասնակից ու գնացի Վայք։ Առաջին օրն էր ծրագրի, ծանոթացման խաղի ժամանակ Լուսինեն ասաց, որ մի քանի մասնակից ուշացումով կգան։ Անցավ մի քանի ժամ, հեռվից նկատելի դարձան 3-4 երիտասարդ: «Սա էլ մեր մյուս մասնակիցներն են»,- մեզ մոտեցողներից մեկը Մուշն էր,17-ի էջին հաճախ էր հայտնվում նրա լուսանկարը շատ հետաքրքիր նյութերի հետ հանդերձ: ՏՆԱԿ-ի ընթացքում բոլոր հանդիպումների ժամանակ Մուշի հետ հասցրեցի մտերմանալ։ Դե, ՏՆԱԿ-ը վերջացավ, բայց Մուշի հետ շփումը շարունակվում էր սոց.հարթակում։
Եվ հերթական անգամ քայլում էի Երևանի փողոցներում ու էլի նույն պատկերը, էլի հեռվից նկատում եմ Մուշին ու մի քանի ժամ անցկացնում Մուշի հետ: Գիտակցելով, որ առաջիկա 2 տարին չես տեսնելու նրան, այլ միայն հպարտանալու ես, որ նրա նման ընկեր ունես, ու նա ծառայում է հայոց բանակում։
Մո՛ւշ, հիշիր, որ ընկերներդ քեզ են սպասում, սպասում են այն բարի ու հոգատար Մուշին, ով ցանկացած հարցով պատրաստ է կանգնել ընկերոջ կողքին։

Բարի ծառայություն, զինվոր։