meri antonyan

Ի՞նչ պատահեց մեզ

Ուզում եմ անկեղծ խոսել, թեև անկեղծ գրելու իմ ամեն փորձից մի խառը, անհամ բան է դուրս գալիս։

Մենք, ուզենք-չուզենք, որոշ մարդկանց շատ ենք կարևորում, տոներին անհամբեր սպասում ենք նրանց շնորհավորանքներին ու զանգերին, մենք էլ իրենց ենք պարտաճանաչ կերպով ու լավագույն մաղթանքներով շնորհավորում, ուզում ենք մի երկու նախադասություն շնորհավորանքով մի աշխարհ նվիրել։

Մենք, ուզենք, թե՝ չէ, որոշ մարդկանց նկատմամբ էլ, մեզնից անկախ, մի քիչ անտարբեր ենք գտնվում (ցավոք), մեկ-մեկ մոռանում ենք, կամ էլ՝ ոչ մի կերպ «ժամանակ չենք գտնում» զանգելու կամ գրելու։ Մյուսների շնորհավորելուց էլ զարմանում ենք. էդ մարդուց ամենևին էլ չէինք սպասում:

Մարդիկ կան, ում ծանոթանում ենք, թվում է, թե մտերմանում, հետո որևէ ծրագրի կամ ճամբարի ավարտից հետո գնում ենք տուն, գուցե մի երկու օր էլ իրենց հետ ինչ-որ կերպ շփվում, ու ինչ-որ պահից զգում ենք, որ մեր չաթում իրար հետևից մենակ շնորհավորանքներ են գրվում։  Հետո մի տարի էլ նկատում ենք, որ էս անգամ մեզ չնկատեցին էլ, ու մեր սրտերը շատ են ցավում. աչքներիս առաջ «մոտիկները ձեռքներիցս գնում են»:

Ցավում ենք, բայց մենք էդ սառնության դեմ գրպաններումս կրակ չունենք։ Իրենց «կորստով» մենք տխրում ենք, իրենք գուցե չեն էլ նկատում…

Մարդիկ էլ կան, որ էլի ծանոթանում ենք, մտերմանում, բաժանումից հետո հեռակա կարգով էլի շփվում, ու թեև ինչ-որ պահից սկսած մեր խոսակցությունների հաճախականությունը պակասում է, բայց մենք իրար միշտ մտերիմ ենք համարում, ամեն հարմար առիթի իրար ենք հիշում։ Եթե նույնիսկ շատ երկար ժամանակ կապն ընդհատվում է, մենք էլի նույնն ենք մնում, ու պատահական ամեն հանդիպման ու զրույցի ընթացքում վերագտնում ենք մեզ պակասող հարազատությունը: Զգում ենք, որ թեև կարծում էինք, որ մեր հարազատն արդեն էլ մերը չէ, բայց իր համար գոնե էդ արհեստական հեռացումը նշանակություն չունի, ինքն ինչքան էլ փոխվի, մեզ համար էլի առաջվանն է մնալու։ Խառը ժամանակներին ափսոսում ենք էսպիսի մարդկանցից աստիճանաբար հեռանալու համար, ցավում ենք՝ «օտարացումը» նկատելով:

Ցավում ենք, բայց գոնե գիտենք, որ դրա դեմ մի զանգ, մի հաղորդագրություն կամ մի հանդիպում ունենք, գիտենք, որ մի խոսակցության ընթացքում հետ կբերենք մեր շփման ամբողջ ջերմությունը։ Էս մարդկանց կարոտած ձայնը լսելով մենք երջանկանում ենք…

Մենք այդպիսին ենք, ուզենք, թե՝ չէ։ Ու թե կա մեկը, որ երբեք չի զգացել էս ամեն ինչը, թող ձեռք բարձրացնի, ես իրենից անտարբերություն եմ ուզում սովորել։

Երևի սկզբում պիտի ասեի. մի կես ամիս առաջ Նոր տարի, երեկ էլ՝ ծնունդս էր…