marat sirunyan

Մի կտոր բարի

Երբևէ մտածե՞լ եք՝ ինչպի՞սին է լինում բարի մարդը: Այ, հիմա ես ձեզ կծանոթացնեմ հենց այդպիսի շատ բարի, հետաքրքիր, գեղեցիկ ու խելացի մարդու՝ 26-ամյա Լուսինե Ներսիսյանի հետ: Լուսինեն մեկն է, ով շա՜տ-շատ է սիրում երեխաներին, և դա պարզ տեսանելի է դառնում նրա կատարած գործերից: Որպեսզի շատ չբացեմ չակերտները, միանգամից ձեր ուշադրությանը ներկայացնեմ մեր զրույցը:

-Լուսինե, նախ մի փոքր խոսենք քեզնից. կպատմե՞ս քո մանկություն-պատանեկությունից, ուսանողական տարիներից, որտե՞ղ ես սովորել, ի՞նչ մասնագիտություն ունես:

-Մանկապարտեզ 3 օր եմ գնացել, չսիրեցի, դուրս եկա։ Դպրոցս՝ Երևանի «համար 153»-ն է եղել: Այն ժամանակ անուն չուներ, մեր ավարտելուց հետո միայն անուն ստացավ, և որ ամենակարևորն է, նոր կաթսայատուն կառուցեցին: Ամենացավոտ կողմս է՝ ցուրտ տանել չեմ կարողանում, իսկ մեր դպրոցական տարիներին էնքան ցուրտ էր, որ միշտ բողոքում էինք: Դասղեկն այնքան էր ասել՝ վազեք, որ տաքանաք, մի օր դասարանով վեր կացանք ու սկսեցինք դասի ժամանակ վազել…,- լավ կամ վատ սովորելու մասին չի խոսում, ժպտում է ու ասում,- ատեստատս կարմիր էր, երևի սովորել եմ, էլի…
Մանկությանս լույս ու մութ տարիները չեմ հիշում, դրա ժամանակը չեմ ունեցել. կամ գյուղում էի՝ մայրական տանը, կամ էլ մեր 5 երեխաների հետ…

-Իսկ ի՞նչ մասնագիտություն ունես, ինչո՞վ ես զբաղվում հիմա:

-Սովորել եմ ԵՊՀ-ի, մաթեմաթիկայի ֆակուլտետում: Հիմա էլ ես եմ ուսուցիչ: Իմ մասնագիտությամբ աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր»-ում: Հիմա զարմանում եմ, որ երեխաներն ասում են՝ ո՞նց կարող ենք սիրով դասի գնալ: Ախր, եթե սիրով չէ, ապա էլ ինչպե՞ս կարելի է անել: Եթե մի բան սիրով չես անում, ապա կարծում եմ՝ ավելի լավ է չանես: Մեր մայրը, երբ առավոտյան ասում էր՝ չնախաճաշեք՝ դասի չեք գնա, մեր սիրտը կանգնում էր, ու չեմ պատկերացնում, թե ինչը կարող է լինել պատճառ, որ սովորողը դասի չգնա: Այն ժամանակ մեր ծնողներն ինչքան էլ աշխատեին կամ լավ վաստակեին, միևնույնն է, այդ տարիները դժվար տարիներ էին, ու մենք գիտեինք, որ եթե սովորենք՝ համ մեզ կօգնենք, համ մեր ընտանիքին, և դեռ ավելիի մասին էինք մտածում:

-Իսկ աշխատելով կրթական ոլորտում, ի՞նչ թերություններ կարող ես մատնացույց անել:

-Այս պահին չեմ կարող կոնկրետ ասել, թե ինձ համար ինչն այնպես չէ, բայց եթե կարողանայի, հավանաբար 10-ամյա համակարգը հետ կբերեի: Ինձ թվում է, որ 10 տարին մեզ լրիվ բավական է:

-Միայն դա՞:

-Այս պահին դա եկավ մտքիս… Վերջերս բողոքական բնավորությունս անցել է. երևի մեծացել եմ,- կատակում է նա,- փոխարենը կարող եմ ասել, որ սերունդը լավն է, ճիշտ նախորդների նման, բայց իրենց հնարավորություններն ավելի շատ է…

-Այսինքն՝ դու վստա՞հ ես, որ մենք ունենք հուսալի սերունդ, ով մեր հայրենիքը կտանի դեպի պայծառ ապագա: Եվ իրականում մեծերը սխալվո՞ւմ են, երբ ասում են. «Նոր սերունդը «փչացել» է»:

-Տես, միշտ էլ նախորդ սերունդը դժգոհում է նորերից։ Նկատել եմ, որ մեծերը մոռանում են իրենց այդ տարիքը ու միանգամից փոքրերին մեծ ու խելացի մարդու հետ են համեմատում: Դե, պարզ է՝ էդ դեպքում նման ձևով կարտահայտվեն: Բայց ես մեր սերնդին էլ, նորին էլ ու դեռ եկողներին էլ հավատում եմ: Մենք լավն ենք: Մի ժամանակ ասում էի՝ մենք լավն ենք, ընկերներս մեղադրում էին ու հակառակվում: Անցած տարվա ապրիլյան դեպքերից հետո միանգամից բոլորը սկսեցին հասկանալ, որ մենք լա՜վն ենք։ Անկեղծ լինեմ, ես դրանից չեմ ուրախացել. ցավոտ է, որ վերջապես այդ կարծիքին եկան այդքան կյանքերի գնով,-տխրում է, հետո նորից հպարտանում,-Մենք հաստատ լավն ենք, բայց մի թերություն ունենք՝ հարմարվող ենք ու դիմացկուն։ Զարմանում եմ՝ ինչ ասես գլխներին խաղացել են մեր ազգի, էլի կանք ու էլի նույն կերպ, բայց էս նորե՜րը… Վա՜յ, մի քիչ ավելի պահանջող են: Սեփականատեր են,-ժպտում է ու ավելացնում,-Լավ է:

-Ես գիտեմ նաև, որ դու զբաղվում ես բարեգործական աշխատանքներով, ու առավելապես մանուկներին օգնելով: Մի փոքր կպատմե՞ս քո բարեգործական գործունեության մասին:

-Ես չեմ օգնում. ես մենակ ոչինչ չեմ կարող անել: Մենք ենք օգնում: Մեր թիմը, ու ոչ միայն մեր թիմը։ Այսօր ՀՀ-ում մի մեծ թիմ է ստեղծվում՝ աստիճանաբար, իրար ձայն տալով, ձեռք տալով, օգնում ենք։ Եթե նկատել ես՝ խնդիրը հենց առաջանում է, անմիջապես երիտասարդներն արձագանքում են, արագ հավաքվում ու լուծում են տալիս: Դա թիմային աշխատանք է, մեծ ու փոքր կազմակերպությունների, խմբավորումների աշխատանք է:
Ես օրինակ՝ «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ-ի ղեկավար կազմի անդամներից եմ։ Օգնում ենք՝ ինչով կարողանում ենք։ Սովորաբար համերգներ ենք կազմակերպում, ստացված հասույթը փոխանցում որևէ փոքրիկի, ով անհապաղ բուժման կարիք ունի՝ ՀՀ-ում, կամ ՀՀ սահմաններից դուրս: Մեզ վստահող մարդկանց մի խումբ ունենք, ովքեր սիրով ու անհամբեր սպասում են մեր միջոցառումներին։ Հաճախ իրենք էլ հիշեցնում են, որ տևական ժամանակ այս կամ այն միջոցառումը չենք իրականացրել:

Մեր հայտնիներից էլ շատներն իրենց պատրաստակամությունն են հայտնում օգնելու, պարբերաբար միջոցառումներին մասնակցելու…

-Իսկ վաղո՞ւց է «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ-ն գործում Հայաստանում, ինչպե՞ս կարող են ցանկացողները միանալ ձեզ: Կամ ինչպե՞ս կարող են կարիքավոր մարդիկ դիմել ձեզ:

-ՀԿ-ն գործում է արդեն 5 տարուց ավելի: Մեզ հետ թե կամավորները, թե օգնության կարիք ունեցողները կապ կարող են հաստատել համացանցի օգնությամբ, ընդամենը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գտնելով և գրելով «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ-ի էջին: 

-Շատ բարի: Այդ գործունեության շրջանակներում դուք տարբեր ոլորտների հետ եք աշխատում՝ առողջապահություն, կրթություն և այլն: Ինչ-որ կերպ ձեզ աջակցո՞ւմ են այդ ոլորտների պատասխանատուները, պաշտոնական կառույցները, կամ պաշտոնատար անձինք:

-Լավ կլիներ, որ աջակցություն լիներ, բայց պաշտոնական կառույցներից աջակցություն չենք ստանում, չենք էլ դիմում, քանի որ վստահություն և հավատ չկա, թե կօգնեն, կամ էլ շատ կձգձգեն: Բայց, ախր, պուճուրը, որ կյանքի կռիվ է տալիս, չի կարող սպասել:

Իսկ ինչ վերաբերվում է սովորական աշխատողներին, իհարկե, եթե դիմում ենք, հնարավորինս փորձում են օգտակար լինել։ Ինչ վերաբերվում է հիվանդություն ունեցող երեխաներին, իրենց բուժող բժիշկների հետ միշտ խորհրդակցում ենք, սիրով ժամանակ են տրամադրում ու խորհրդով ուղղորդում են մեզ՝ ճիշտ օգնություն տրամադրել:

-Իսկ դու հաճախ շփվելով տարբեր մանուկների հետ, ի՞նչ ես կարծում, ի՞նչ է հարկավոր երեխային երջանիկ, ապահով լինելու: Ի՞նչ պետք է տալ փոքրիկին, որպեսզի նա իրեն լիարժեք զգա:

-Դե իրենց միայն սեր ու ջերմություն է պետք և առողջություն։ Մնացածը ծնողներին է պետք, որ կարողանան իրենց երեխաներին ապահովել հնարավորինս բարվոք կյանքով, մեր պուճուրները արժանի են լավ ապրելու։ Երբեմն ծնողները տարվում են առօրյա հոգսերով ու, հացի խնդիրը լուծելուց հետո, հաճախ էլ ուժ ու ժամանակ չեն գտնում երեխաների համար։ Մեր ծնողները, օրինակ, մեզ հետ խաղում էին, մեզ համար կարդում էին…

-Իսկ կա՞ մի երազանք, որը հաճախ է կրկնվում, երբ լսում եք տարբեր փոքրիկների երազանքները:

-Իրենց երազանքները իրենց պես տարբեր ու գունավոր են: Դե, հիվանդ երեխաները սովորաբար երազում են առողջ լինել, էլ հիվանդանոց չգնալ, դեղեր չխմել: Կան երեխաներ, ովքեր չեն էլ գիտակցում իրենց վիճակի լրջությունը. դեռ շատ փոքր են, իրենք երազում են ապագայի մասին…,-ժպտում է, բայց հուզմունքով,-Մեկն ուզում է պարուհի դառնալ, մյուսը՝ երգչուհի, ու էդպես շարունակ…

-Կարելի՞ է իմանալ՝ դու ի՞նչ երազանք ունես:

-Անձնական չեն… Անձնական ցանկություններս իրագործելի են, ամեն դեպքում ես էդպես եմ կարծում: Ես էլ ուժեղ եմ բոլորիդ պես:
Թող բոլոր մանուկներն առողջ ու ապահով լինեն, բարեգործական ՀԿ-ների փոխարեն էլ ուղղակի երիտասարդական խմբեր հավաքվեն, երգեն, պարեն, զվարճանան, իրարից սովորեն ու սովորեցնեն…