#իմերազած Հայաստանում

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

 

Ես հենց ուզում եմ Հայաստանի մասին խոսել անկախ ինձնից Համասյան եմ միացնում, որովհետև դրանից տխուր բան չգիտեմ: Բայց էս օրերի Հայաստանի մասին խոսելիս պետք ա միացնել «Որդան Կարմիր», «Լավ Էլի», ի վերջո Սերժ, բայց միանշանակ Թանկյան: Էնպես որ, ընտրությունը քոնն է, որովհետև չնայած ավտորիտարիզմին, մենք «ազատ ու անկախ» Հայաստանում ենք ապրում:

Հիմա աջ ու ձախ գոյատևում ենք, բայց մի օր, երբ էլ չլինենք, (երևի) ափսոսելու ենք, որ ժամանակին չենք ապրել: Բայց ոնց ապրել մի երկրում, որտեղ 400 000 արտագաղթող կա ու ներգաղթի ոչ մի տվյալ, որտեղի արտաքին պարտքը 7 միլիարդն անցնում է, որտեղ ամեն օր զինվոր է մահանում: Հայաստանում բանակը մի տեղ է դարձել, որտեղ տղերքին ուղարկում ենք կորցնելու վախով, բայց և հետ գալու հույսով-սպասումով: Բայց լավագույն տղերքն էլ հեռանում են, ու արդեն չգիտեմ օտար ափերում բախտ որոնելու, թե…  Սիրելի կանանց մասին լռում եմ:

Չասացիր է՝ ոնց ապրել մի վայրում, որտեղ երազանքներդ փշրվում են: Ապակու կտորների պես շրխկոցով թափվում: Ինձ էս Հայաստանում օդը չի հերիքում: Դժվար է: Իմ երազած Հայաստանում իմ երազանքները երազանք չեն մնում, կատարվում են ու նորերը ծնվում: Իմ երազած Հայաստանում ես ամեն օր վախի սինդրոմով չեմ ապրում: Իմ երազած Հայաստանում հերոսները մեր կողքին են, ոչ թե Եռաբլուրում, ու սահմանին ավելի շատ ու հզոր զինտեխնիկա ու անհրաժեշտ պարագաներ ունենք, քան մայրաքաղաք Երևանում:

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Իմ երազած Հայաստանում մենք ազատ խոսքի իրավունք ունենք գործնականում, ոչ թե միայն տեսականում: Գրողը տանի, իմ երազած Հայաստանում դպրոցում սովորեցնում են իրավունքների համար պայքարել, ոչ թե լռել ու անցնել, սովորեցնում են հայրենիք սիրել ու գնահատել, ոչ թե պաթոսախեղդ արտահայտություններ անգիր անել:

Իմ երազած Հայաստանում դասախոսը համալսարանում ինձ չի ասում, որ ես ոչինչ չեմ անում իմ երկրի համար, օգնում է, որ անեմ, համալսարանի ռեկտորը խելացի երիտասարդ է: Իմ երազած Հայաստանում համալսարաններում բոլորը մտավորական ու գիտակից մարդիկ են, ու ի վերջո, համալսարաններն էնքան լավն են, որ ես կարիք չունեմ արտերկրում ուսում ստանալու:

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Իմ երազած Հայաստանում աղջիկներն ու տղաները նույն իրավունքներն ունեն: Իմ երազած Հայաստանում ես կարող եմ անել այն, ինչ ուզում եմ, ոչ թե այն, ինչ ուզում են: Իմ երազած Հայաստանում երիտհանրապետականը իրեն ու ինձ չի խաբում, որ ամեն ինչ ընտիր է լինելու, որ էլի բարեկեցիկ, հզոր ու կայուն երկիր ենք ունենալու, էլի, հաա, էլի՞, էն որ երբեք չենք ունեցե՞լ:

Իմ երազած Հայաստանում ինչ-որ լուրջ ձյաձյաներ չեն որոշում, թե ես ինչ երկրում ապրեմ, ես եմ որոշում, ես: Իմ երազած Հայաստանում, երբ ողջ ժողովուրդը հեռանալ ա պահանջում, ինչ-որ մեկը Բաղրամյան 26-ում հանգիստ չի նստում ու ասում՝ քիչ եք: Իմ երազած Հայաստանում պաշտպանության նախարարը չի ասում՝ բոշան դու ես: Իմ երազած Հայաստանում ոչ ոք ոչ ոքի չի վառում, սիրելիներս:

Իմ երազած Հայաստանում քաղբանտարկյալները ազատ են: Չէ, չէ, կներեք, իմ երազած Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, որ մի հատ էլ ազատ լինեն: Իմ երազած Հայաստանում ոստիկանները հղիի փոր ու հավի կերած ուղեղ չունեն:

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Իմ երազած Հայաստանում վարչապետ ընտրելու օրը մարզերում լույսերը չեն տանում: Իմ երազած Հայաստանում տրանսպորտը շահագործումից չեն հանում, որ չկարողանանք ցույցերի հասնել: Իմ երազած Հայաստանում դպրոցներում երեխաներին չեն փակում: Իմ երազած Հայաստանում հեռուստատեսությամբ ցույց են տալիս իրականությունը, ոչ թե այն, ինչ իրենց է պետք:

Իմ երազած Հայաստանում լրագրողներին իրենց աշխատանքը կատարելիս չեն հրում: Իմ երազած Հայաստանում ոչ ոք իր Mercedes-Benz G-դասից չի իջնում ու հարվածում երիտասարդներին: Իմ երազած Հայաստանում ոստիկանը ձեռքի մահակով խաղաղ ցուցարարի չի խփում, խաղաղ ժողովրդի վրա պայթուցիկներ չի նետում:

Իմ երազած Հայաստանում մարդիկ չեն ասում՝ «Բան էլ չի փոխվելու, ոչ մի բան էլ չի լինի, մեկ ա, մեր տեղը արդեն սաղ որոշած ա, էդ ջահելներն ինչ են անում յանի, անիմաստ հելե ընկել են փողոցները»: Կներեք, բայց իմ երազած Հայաստանում սենց ոչ գիտակից մարդիկ առհասարակ չկան:

Իմ երազած Հայաստանում նախկին նախագահին, ներկայիս վարչապետին չեն մերժում, ինքը սուս-փուս քայլ է անում, թողնում-գնում Ուգանդա: Տենց մի նայիր. Ուգանդա, որովհետև ինչքան հեռու, էդքան լավ:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Իմ երազած Հայաստանում…
Ու ամենավերջում, իմ երազած Հայաստանում ոչ ոք չի օգտագործում #իմերազածհայաստանում արտահայտությունը, որովհետև սա հենց մեր երազանքի Հայաստանն է: