syuzanna kharatyan

Ապագայի վախը

Ես օրս միշտ վերջացնում եմ այն վերլուծելով: Փորձում եմ հասկանալ, թե այդ օրը ինչ լավ արարք եմ գործել, ինչ սխալ քայլ եմ արել և քննադատում կամ շնորահակալություն եմ հայտնում ինքս ինձ այդ քայլն անելու համար: Դրանից հետո մտածում եմ ապագայիս մասին: Ժամանակն է կողմնորոշվել մասնագիտական ընտրության հարցում, բայց ներքուստ վախ կա, քանի որ մի որոշումից է կախված հետագա ամբողջ կյանքիս անելիքը: Ես գուցե ճիշտ ընտրություն չկատարեմ, կամ գուցե կարող եմ ավելի լավ մասնագիտություն ընտրել ու աշխատել այլ ասպարեզում: Խորհուրդներ շատ են տալիս և՛ ընտանիքիս անդամները, և՛ ուսուցիչներս, և՛ ընկերներս, բայց դրանք միայն խորհուրդներ են, որոշում կայացնողը ես եմ: Բարդ է: Մտածում եմ՝ հիմա, որ ինձ շրջապատող մարդիկ ընտրել և սովորում կամ աշխատում են այդ մասնագիտությամբ, ինչպե՞ս են իրենց կյանքի այդ կարևորը քայլը կատարել: Մեկ-մեկ ուզում եմ՝ իմ փոխարեն լինի մեկ ուրիշ որոշում կայացնող:

Դժվար է ընտրության առաջ կանգնել, ու այդ ընտրությունը ոչ թե մաթեմատիկական խնդիր է՝ ընտրել ա կամ բ տարբերակն ու ընդգծել, այլ շատ տարբերակների միջից ընտրել մեկը, որը հետո ամբողջ կյանքիդ ընթացքում քո շուրջն է պտտվելու՝ շրջանակի մեջ առնելով քեզ։ Ու այդ ժամանակ արդեն կարմիր գրիչով ոչ մեկը չի կարող գիծ քաշել և նշել ճիշտ տարբերակը: Երևի սա կարելի է վախ կոչել: Հա՜-հա՜, ես վախենում եմ լուրջ որոշում կայացնելուց: