shushan stepanyan portret

Իմը սիրելն է

Հա էլի, իմը սիրելն ա, սիրելը: Վե՛րջ, ես մարդկանց, աշխարհին, անիրականին, երևակայականին սիրելու համար եմ ծնվել:

Բոլորս էլ հավանաբար մտածել ենք, թե որն է մեր առաքելությունը կյանքում, և արդյո՞ք մենք կարևոր դեր ունենք նրանում, թե ոչ: Վստահորեն կարող եմ ասել, որ ամենքս էլ ունենք մեր ասելիքը, որ մեր գոյության մեջ հաստատված իմաստ կա: Պարզապես մենք պետք է գտնենք մերը և տանք կյանքին այն, ինչ մեզ է տրվել իբրև մեծագույն պարգև: Անկեղծ կլինեմ ու կասեմ, որ ես չափից շատ եմ մտածում, թե ինչ կա պահված իմ Ես-ի համար: Ինքս ինձ խոսում ու երբեմն ինձնից ստանում եմ հետևյալ պատասխանը. «Վա՜յ, ոչ մի կարևոր բան էլ չկա, որ դու պիտի անես: Հերիք ա, էլի: Ինչ առաքելություն, ինչ նպատակ»: Իսկ երբ ինձ պատասխանում է իմ մեջ ապրող երկրորդ Ես-ը, նա ինձ ասում է. «Աղջի՛կ ջան, էնքան բան կա, որ քոնն ա, որ պիտի անես: Ինչն իրոք ցանկանաս, որ անես, քոնը դարձրու, սիրիր ու իրագործիր»: Հիմա ինձ թվում է, որ գտել եմ իմ դերը, իմ ապրելու իմաստը: Երկար եմ մտածել ու համոզվել եմ, թե ինչու հենց դա: Չգիտեմ, գուցե տարօրինակ թվա, բայց կարծում եմ, որ գոյությունս սիրելու համար է ստեղծվել, ու ողջ տիեզերքի սիրո ըմբռնումն ու սիրելու մեծ ապրումը հենց ինձ է տրվել: Ես սիրում եմ, սիրում եմ երկնքի կապույտը, ձմեռվա ցուրտը, ամառվա շոգը, քամու սուլոցը, մարդկային ժպիտը, աչքերի փայլը, բարձր ծիծաղը, անձրևի հոտը, աստղերի անսահմանությունը, լուսնի այտերը, աշնան գետնամած գույները, գարնան ծաղկումը, մրջյունի փոքրիկ մարմինը, թիթեռի դողացող թևերը, քաղցր խնձորի համը, վառարանում խորովված կարտոֆիլի բույրը, արևի՝ ամպերը շոյող ձեռքերը, օդի շունչը, ամպերի նուրբ թարթիչները, սառնամանիքի դեմ կռվող փոքրամարմին տաքությունը, գույնզգույն լվացքները՝ պարաններին գերի դարձած, արևի վարդագույն բաժանումն աշխարհից, ձմռան առավոտի մռայլ հայացքը, ահագնացող գիշերը, սիրելի երգերիս բառերը, օդում պարող ու արագ անհետացող երջանկությունը, ամպրոպի որոտը, կիթառի նոտաներն ու համերգի ծափերը, գնահատանքի խոսքերը, ուշացած զղջումը, երբեք չասված, սրտում վանդակված, վախվորած «ես սիրում եմ քեզ»-ը: Ես սիրում եմ, և օրեցօր գիտակցմանս համընթաց սերերս շատանում են: Ես աշխարհն եմ սիրում, ես կյանքն եմ սիրում, ես ապրելն եմ սիրում, ես հաջողության տանող դժվարությունն եմ սիրում, ես մի նոր սկիզբ բերող ավարտն եմ սիրում, և ամենից շատ ես բարությունն եմ սիրում՝ ոտքից գլուխ հրեշտակային:

Ես սերն եմ սիրում, սիրելն եմ սիրում, սիրված լինելը:

Սիրում եմ անկեղծը, սրտի զգացածը, իրական հույզերը ու մաքուր մտքերը: Ու բոլորն իմն են. ես իմ մեծ սերը, իսկ իմ սերերը իրենց ես-երը ինձ են նվիրել:

Իմը սիրելն է…