Կյանքը

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Ձյան խրթխրթոցը լսելով՝ քայլում եմ… Քայլում եմ, հանդիպում մարդկանց,  բարևում, ստանում ջերմ բարևներ։  Ջերմ բարևներ՝ ձմռանը համապատասխանող սառը ու միապաղաղ հայացքներից։ Ամեն մեկը իր սրտում իր ցավն ու հոգսը ունի, որը միայն իրենն է, միայն ու միայն իրենը։ Որդեկորույս մայրը, այրի կինը,  որբ երեխան հերթական Նոր տարին են նշում առանց իրենց հարազատների։ Հարազատներ, ովքեր կարող էին երջանկացնել նրանց ու պարգևել հրաշքներով լի Ամանոր՝ տխրադալուկ ու արցունքոտ հայացքների փոխարեն։ Կլսեին ո՛չ թե ցավակցության, այլ շնորհավորանքների խոսքեր…

Մարդիկ ամփոփում են անցած տարին։  Մտածում արած ու չարած քայլերի մասին ու խորհում նոր քայլերի մասին, որոնք պետք է արդյունքներով լի լինեն. երևի…
Որոշների համար ձեռքբերումների,  որոշների համար կորուստների տարի էր։ Մարդիկ սպասում են նոր տարվան մեծ բաղձանքով,  մտածելով,  թե Նոր տարվան կիրականանան իրենց բոլոր երազանքները։  Աշխարհի,  ինչպես նաև Հայաստանի որևէ մի անկյունում մի սոված ընտանիքի անդամներ, որոնց կողոսկրերը սովից դուրս են ցցված, սոված ու ծարավ դիմավորում են  հերթական տարին՝ սպասելով ու հավատալով ամանորյա հրաշքներին։ Նրանք սպասում են, սպասում հրաշքի…
Նրանց համբերությունը սահման չունի, սահման չունի նաև նրանց հույսը։ Այդ նրանք են իսկական հրաշքը՝ իրենց կամքի ուժով և հավատով…

Ես հավատում եմ Ամանորյա հրաշքին, և եթե յուրաքանչյուրս մեր սրտերում մի փոքրիկ աղոթք և հույս պահենք այս մարդկանց համար, ապա կկատարվի այդ հրաշքը թե՛ մեզ համար, թե՛ նրանց։ Նրանք լավատեսորեն են մոտենում կյանքին։  Ամեն գիշեր՝ քնելուց առաջ,  իրենց ցրտից կապտած շրթունքներով արտաբերում են հերթական աղոթքն առ Աստված։  Շնորհակալ են այն ամենի համար,  ինչ ունեն։ Գնահատում են իրենց ունեցածն ու չունեցածը։ Հակառակ նրանց, այն մարդիկ, ովքեր ունեն թերևս ամեն ինչ, դեռ դժգոհ են ու Աստծուն դիմում են որևէ այլ բան ունենալու խնդրանքով։ Մտածելու տեղիք է տալիս…
Փորձենք գնահատել ու շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ ունենք, այլ ոչ թե գնահատենք մեր ունեցածը,  որը այժմ արդեն «չունեցած» է, միայն կորցնելուց հետո…