Nelli Grigoryan

Իմս իմ սրտումս ա մննան

Իմ այս ստեղծագործությունը ձեզ եմ ներկայացնում սրտիս հարազատ ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՐԲԱՌՈՎ

 

Էս վըղը, էս ճուրը վեր կա,

Լոխ իմս ա, լոխ սրտումս ա։

Վեր ծիգ տան տանին, սրտաս ըն ծիգ տլան,

Վեր պուք տան, սրտաս ըն պուք տլան,

Վեր օզին կտրին, սրտաս ըն կտրլան,

Վեր օզին մըծըցնին, սըրտըս ըն մըծըցնան։

Լհա մին կուճիր ցվցնին, սրտեսա ցավ տլան,

Լհա փորձին մուտանան, սրտաս ըն մուտըննան։

Բայց հինչքան էլ ծիգ տան, հինչքան էլ պուք տան,

Իմս իմ սրտումս ա մննան։

Իմ տօն ու տըղս, վեր տարալն, վեր թըլանալն,

Վեր ուրուր մաչ ըն պիժենալ,

Էլի սըրտըս ըն պիժենալ։

 

Այս բանաստեղծությունը գրել եմ Արցախ վերադառնալու ճանապարհին, դրա համար էլ սա իմ հուզումների ու զգացմունքների ամբողջական ու անկեղծ արտացոլումն է ….

Քաղաքի անմեռ ու անշուք գեղեցկության մեջ ես ինձ հարազատ բնություն ու ազատ լեռներ էի փնտրում: Ես ինձ կորցնելով, հայրենիք ու տուն էի փնտրում։ Ես անծանոթ դպրոցի միջանցքներում ինձ ծանոթ դեմքեր էի փնտրում։ Ես փնտրում էի, անվերջ որոնում էի, բայց այդպես էլ չէի գտնում: Ես ճչում էի, արտասվում էի, ծիծաղում ու լռում էի. բայց ոչինչ չէի գտնում։ Չէի գտնում, դրա համար էլ անցյալով էի ապրում։ Չէի գտնում, դրա համար էլ ոչինչ ու ոչ մեկին չէի ընդունում: Ու ես չէի գտնում, որովհետև գտնողներն արդեն վաճառել էին…

Բոլորն ինձ համար ատելի էին դարձել, բոլորն ինձ համար կեղծ էին:

Ես ոչ սև ու սպիտակ էի գիտակցում, ոչ սուրբ ու պիղծ, ոչ էլ ճիշտ ու սխալ։ Ինձ համար միակ ճիշտն իմ հայրենիքն էր, իմ Արցախն էր, իմ տունն ու իմ Բերձորն էր։

Երևի ես մինչև վերջ էլ չտարբերեմ այդ ճիշտն ու սխալը ու մինչև վերջ էլ չգիտակցեմ զայրույթի պահին արտասանած բառերիս սխալականությունը, մինչև անդորրս չգտնեմ… Իսկ անդորրս գտնելու համար ինձ միայն խաղաղ ու ամբողջական հայրենիք է պետք։ Ինձ անկախ հայրենիք է պետք…

Ու մինչ շարունակեմ ստեղծագործել ու երազանքներիս մասին պատմել, կուզեմ, որ ինքներդ մի պահ մտածեք ձեր ու ձեր հայրենիքի մասին: Շարունակիր աշխատել, շարունակիր արարել ու ստեղծել, ապրել ու վայելել, արդար դատել ու ճիշտ մտածել, որ հայրենիքդ մի օր շնորհակալ լինի քեզ, քո ապրած կյանքի ու գործիդ համար, որ արժանի դառնաս հայրենիքինդ լինելու համար…