zaven abrahamyan new

Հայրենիքը

Ի՞նչ է հայրենիքը, հարց տուր քեզ։ Ի՞նչ է այդ բառը, որ ամեն օր բազմիցս լսում ես ու օգտագործում։ Փորձիր գտնել հարցի պատասխանը գիտակցությանդ խորքերում, մտածիր, փնտրիր։ Փորձիր փնտրել հիշողություններումդ, ի՞նչ ես հիշում առաջինը «հայրենիք» բառը արտաբերելիս։ Ո՞ր հիշողությունն է, որ քեզ կապում է այդ բառի հետ, ի՞նչն է, որ քեզ ստիպում է հպարտանալ՝ ուղղելով մեջքդ, ստիպում է խրոխտ դեպի առաջ նայել։

Փորձիր փնտրել պատասխանը նաև սրտումդ․ ի՞նչն է քեզ հիշեցնում հայրենիքի մասին։ Միգուցե դա հայրական տո՞ւնն է, որտեղ ապրում ես, կամ երբևէ ապրել ես, միգուցե սարի աղբյուրից հոսող սառնորակ ջո՞ւրն է քեզ միշտ հիշեցնում հայրենի լեռների ու բնության մասին, թե՞ ցորենի ոսկեզօծ անծայրածիր դաշտերը, որոնք հորիզոնով տարածվում են դեպի Արաքս, դեպի Արարատ։ Թե՞ հազարամյա վանքերը, որոնց գմբեթները հառնում են երկինք, և որտեղ պահվում են ամբողջ աշխարհում նմանը չունեցող բազմադարյա գրքերն ու մատենագրությունները։

Կամ միգուցե հո՞ղը, որի վրա քայլում ես՝ հայացքդ առաջ հառելով, և որի համար պատրաստ ես անգամ կյանքդ զոհել, միայն թե ոսոխի՝  մեր իսկ եղբայրների  արյունով շաղախված ձեռքերը չդիպչեն սրբազան դարձած հայրենի հողին։ Հող, որի ազատագրման համար սերունդներ են զոհվել՝ մինչև վերջին շունչը կռվելով մեր բոլորիս այսօրվա համար, վերջին կաթիլ արյունը թափել, որպեսզի հայը ապրի իր բաժին հողի վրա՝ իր հայրենիքում։

Միգուցե հայրենի հողի և հավատքի համար մղվող դարավոր պայքա՞րն է ձևավորում «հայրենիք» հասկացությունը՝ հարկ եղած պահին ստիպելով միախմբվել, մոռանալ նախկին տարակարծությունները՝ հանուն այս հողի վրա ապրելու իրավունքի։ Սակայն ոչ բոլորն են միավորվում, միշտ հայտնվում են ազգադավներ, որոնք իրենց պարտքն են համարում վաճառվել թշնամուն, ուրանալ ազգին, կործանել հայրենիքը, ազգը, հավատքը․․․

Իսկ ի՞նչ կարող են ասել այն մարդիկ, որոնք այսօր չունեն հայրենիք։ Ում հայրենիքը այդ իսկ ազգադավերի պատճառով  դավաճանորեն հանձնված է թշնամուն։ Ի՞նչ ասեն այն մարդիկ, ովքեր այլևս չեն տեսնելու իրենց հայրական տունը, չեն համտեսելու իրենց այգու բերքը՝ սև այգու մրգերը, ովքեր որ, ճարահատյալ մի օր բռնելու են գաղթի ճանապարհը՝ կարծում եմ անվերադարձ։ Ի՞նչ ասի որդեկորույս ծնողը, որի որդու արյունով ջրված հողի վրա այսօր քեֆ է անում թշնամի-շունը՝ պղծելով այդ հողի իրական տերերի արժեքներն ու հետքերը, քանդելով հուշարձանները, ավերելով վանքերն ու գերեզմանները, եկեղեցիները վերածելով մզկիթների, հիմնահատակ ջնջելով մեր պատմական արժեքները։

Սակայն ավերիչ մրրիկի նման իր ճանապարհին ամեն ինչ քանդող ու պղծող ոսոխը չի կարող ջնջել մեր հայրենիքը, քանի ողջ ենք մենք, քանի ողջ է մեր տեսակը․․․

Հայրենիքն անմահ է: