Իմ ընտանիքը

Ընտանիքը մեծ հասկացություն է: Տարիքի հետ այդ հասկացության իմաստը էլ ավելի է մեծանում: Իմ ընտանիքն էլ է նման բոլորի ընտանիքներին, և միևնույն ժամանակ, տարբերվում է բոլորինից: Իմ ընտանիքը միշտ լի է, ու այդտեղ հնարավոր չէ մրսել: Լի՝ բառիս բուն և փոխաբերական իմաստներով: Երբ փոքր էի, ինձ թվում էր, թե դա սովորական ընտանիքի մոդել է, բայց իմ մանկական պատկերացումները լիովին փոխվեցին, երբ սկսեցի այցելել իմ այն ընկերուհիների տները, որոնց ընտանիքի անդամների թիվը չէր անցնում երեքից: Զարմանալի է, նույն մեծության տները ինձ թվում էին ավելի մեծ ու ճնշող, որտեղ միշտ մրսում ես, չնայած լավ ջեռուցմանը: Ընտանիքի իմ պատկերացումներից միայն մի երկու դեպք եմ հիշում իմ մանկությունից (դե, մանկությունը այն ժամանակահատվածն է, երբ ամեն ինչ դրոշմվում է քո ենթագիտակցության և վարքի վրա): Առաջինը, երբ երկրորդ դասարանում իմ ուսուցչուհին մեզ հանձնարարեց նկարել մեր ընտանիքները: Իսկ իմ նկարած նկարը ոչ միայն ուղղակի նկար էր, այլ, կոպիտ ասած, դասակարգում, ըստ տարիքի ու վայելած հարգանքի: Բազմոցին նստած էին տատիկն ու պապիկը, բազկաթոռներին՝ մայրիկն ու հայրիկը, իսկ մենք՝ ես, քույրս ու եղբայրս` աթոռներին ու գետնին: Դա է իմ երազած ընտանիքի իդեալը: Հարգանք, սեր, մեկը մյուսին զիջելու ունակություն… Ահա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ընտանիքներին, հայկական ընտանիքներին: Իսկ մյուսը երևի ավելի լավ է տպավորվել իմ մեջ:

Մի վիրավոր ճնճղուկ ձեռքս փողոցից եկա տուն: Մայրս զայրացավ՝արգելելով տանը պահել թռչունին, իսկ ես լացակումած ու

ի հակադրություն մորս, վերցրի թռչունին և փակվեցի սենյակումս: Ընտանիքիս մնացած անդամները հավաքվել էին կողպված դռան մյուս կողմում և խնդրում էին, ինչու չէ, նաև պարտադրում, որ դուռը բացեմ և ազատեմ թռչունին: Բայց ասեմ, որ փոքր ժամանակ էլ էի համառ ու չէի բացի, եթե չլսեի տատիկիս ասածը:

-Տոտոն (այդպես էին ինձ դիմում), տե՛ս, հիմա դու նեղսրտած ես, և

մենք բոլորս անհանգստանում ենք քեզ համար, իսկ այդ ճնճղուկի ընտանի՞քը, չէ՞ որ նրանցն էլ է ընտանիք, նրանք էլ են անհանգստանում, երևի իրենց վիրավոր երեխայի համար կեր պիտի հայթայթեն, իսկ դու նրան վերցրել ու բերել ես տուն:

Ես լցված աչքերով նայեցի ճնճղուկին, հետո կողպեքին, բացեցի դուռը, դուրս հանեցի միայն ձեռքս, ճնճղուկը ափիս մեջ դրած, տվեցի տատիկին, հետո շարունակեցի լաց լինել: Բայց ոչինչ, փոքրիկ ընկերս ինձնից չէր նեղանա, ես կարող էի լաց լինել նաև ցածր գնահատական ստանալու պատճառով: Բայց այդ պատմությունը վառ օրինակ էր ընտանիքի միասնականության:

Այո՛, սա իմ ընտանիքն է, և միևնույն ժամանակ, երջանիկ ընտանիքի իդեալը: