Anush abrahamyan

Իմ կարոտը հեռավոր է

Ես միշտ կարոտում եմ, կարոտում եմ նույնիսկ նրանց, ովքեր իմ կողքին են: Դա երևի նրանից է, որ հաճախ չեմ նայում նրանց աչքերին, որ հասկանամ՝ արդյոք դո՞ւր եկավ նրանց լուսաբացը կամ մայրամուտը,  չեմ բռնում նրանց ձեռքը, որ զգամ՝ դողո՞ւմ է, երբ հանդիպում են մթությանը:

Անկեղծ ասած, ափսոսում եմ, ինձ շատ բաներ են խանգարում, այդ թվում նաև հեռախոսս: Ես այն վաղուց դեն կնետեի՝ ոչնչացնելով դրա հետ կապված իմ կախվածությունը: Բայց ես պաշտում եմ հեռախոսը, որովհետև… Որովհետև լսում եմ հորս ձայնը, գոնե ձայնը,  որն այնքան քիչ է հասկանալու համար՝ տխո՞ւր են նրա շագանակագույն աչքերը, հիվա՞նդ է արդյոք, չեմ կարողանում գլխի ընկնել, որովհետև գրեթե միշտ ուրախ է ձևանում: Միշտ հարցնում եմ. «Պապ, ե՞րբ ես գալու»: Հարցին հետևում է նույն մխիթարող պատասխանը. «Քիչ մնաց, աղջիկս»:

Դպրոց գնալիս իմ օրացույցի վրա ջնջում եմ նախորդ օրը: Ցավալի է, որ այդ սովորույթը տարածված է: Իմ շատ հասակակիցներ, այդ թվում ես, կուզեի միշտ ձմեռ լինի: Դա այն եղանակն է, երբ օտարությունից վերադառնում են մեր հայրերը, իսկ գարնանը գնում: Գարունն ինձ համար կարոտի սկիզբ է: Չեմ ուզում շատերը երազեն, որ ձմեռը հավերժ լինի: Հուսամ մի օր դեն կնետեմ հեռախոսս, ու իմ ներսում չի ճչա կարոտը:

Ես երբեմն կարոտում եմ նույնիսկ նրանց, ովքեր կողքիս են, բայց հավատացեք վերջապես, իմ կարոտը դեռ հեռավոր է: