Սևան մեդիա ճամբար. Հարցազրույց ինքս ինձ հետ

 Ես Աթանեսյան Լուսինեն եմ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղիցLusine atanesyan

Կցանկանամ պատմել իմ կյանքից մի հատված, որը սկսվում է 2016 թ.-ի հուլիսից հետո, երբ «Մանանայի» թիմը եկավ մեր գյուղ:

Թևս գիպսի մեջ նստած եմ տանը: Գիշերվա ժամը տասին ինձ զանգեց Արմանը (նա իմ հորեղբոր տղան է), պատասխանեցի և իմացա, որ հաջորդ առավոտ պետք է գնանք դպրոց, սակայն, երբ հարցրի, թե ինչու, չկարողացավ պատասխանել:

Եկավ հաջորդ օրը, և մենք գնացինք դպրոց: Նստել ու սպասում էինք այդ խորհրդավոր հյուրերին. վերջապես նրանք եկան: Նրանք մեզ  պատմեցին 17.am-ից, «Մանանա» կենտրոնից, ֆիլմերից, ֆոտոյից, լրագրությունից և այլն: Վերջում տիկին Ռուզանը ասաց, որ եթե ցանկանում ենք թղթակցել, ապա ֆեյսբուքում գտնենք նրանց և նամակ ուղարկենք: Մենք ունեինք ընդամենը երեք-չորս օր: Ես հասա տուն ու միանգամից նամակ ուղարկեցի: Երեկոյան տեսա պատասխանը, որտեղ կար առաջադրանք՝ գրել «Ով եմ ես» և «Ինչն է ինձ հուզում» վերնագրերով նյութեր: Կարդալով այդ ամենը՝ ես միանգամից գործի անցա: Գրեցի նյութերը և կրկին ուղարկեցի, բայց ոչ թե ֆեյսբուքով, այլ մեյլով: Եկավ օգոստոսի քսանն էլ անցավ, սակայն պատասխան չկա ու չկա: Այդ ամենից հիասթափված գնացի Երևան:

Եկավ օգոստոսի քսանչորսը, և ես անծանոթ հեռախոսահամարից զանգ ստացա: Պատասխանեցի և իմացա, որ «Մանանայից» են զանգել, ու ինձ կանչում են Սիսիանում  տեղի ունենալիք դասընթացին: Հենց հաջորդ օրը  վերադարձա գյուղ:

Դասընթացի ավարտից հետո ես իմ աչքում դարձա մեծ մարդ:

Հիմա ես ճամբարում եմ: Այստեղ շատ-շատ լավ է, եթե հնարավոր լիներ մնալ այստեղ, ես երբեք չէի հեռանա: Այստեղ ես ձեռք բերեցի նոր ընկերներ, սովորում եմ լրագրության, ֆոտոյի և ֆիլմի նկարահանման մասին:

«Մանանան» իմ կյանքում շատ բան փոխեց: Օրինակ այն, որ ես սկսել եմ ավելի ազատ արտահայտվել, չամաչել մարդկանցից և այլն:

Լուսինե Աթանեսյան

***

Ես  Հակոբ Մելքոնյանն եմ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղիցhakob melqonyan

Ծնվել  եմ  ՌԴ-ում: Մի քանի տարի ապրելուց հետո վերադարձել եմ Հայաստան: Այնուհետև հաճախել եմ Կարմիրգյուղի համար առաջին միջնակարգ դպրոց:

Շատ եմ ցանկանում ճամբարից հետո գրել: Տարիներ հետո էլ հուսամ, ավելի հմուտ կլինեմ այս մասնագիտության մեջ: Նաև, մինչև 17-ին հանդիպելը, ցանկացել եմ բիզնեսով զբաղվել, բայց դրանից հետո հասկացա, որ ես բիզնեսով չեմ կարող զբաղվել: Ավանդական խոսք ունեն մեր մեծերը. «Ուշ լինի, նուշ լինի»: Հիմա փորձելու եմ արագ լրացնել բոլոր այն բացերը, որոնք այս տարիների ընթացքում ունեցել եմ կրթությանս մեջ: Չէ որ ես հիմա թղթակից եմ, և բոլորը ինձ են նայում:

Հակոբ Մելքոնյան

***

Ես Հեղինե Գրիգորյանն եմ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենիցheghine grigoryan

Փոքր հասակից սիրել եմ այն ամենը, ինչի մեջ կա ստեղծագործելու հմտություն: Դե, քանի որ շատ քիչ հնարավորություններ ունեի զարգացնելու ունակություններս ստեղծագործական  որևէ ոլորտում, սկսեցի սովորել մաթեմատիկա: Հայրիկս մաթեմատիկայի մասնագետ է. այդ իսկ պատճառով ամեն ինչ շատ հեշտ էր: Ընթացքում էլ սիրողական ձևով զբաղվում էի ձեռքի աշխատանքներ պատրաստելով, նկարչությամբ, շարադրություններ գրելով և այլն:

«Մանանայի» դասընթացների մասին տեղեկացրեց դպրոցի տնօրենը. իհարկե, սզբում ինքն էլ չգիտեր, թե ինչ է սպասվում, բայց ամեն դեպքում ցանկացա մասնակցել: Երբ տեղեկացանք, թե ինչի մասին էր, հետաքրքրությունս ավելի մեծացավ: Այդ երեք օրերի ընթացքում սովորեցինք ֆոտոժուռնալիստիկայի և կինոյի հիմնական կանոնները:

Ճամբարի մասնակցության հրավերին չէի սպասում, որովհետև ինքս էլ ինձնից գոհ չէի: Երբ այդ մասին իմացա, ոգևորությունս մեծ էր: Երրորդ օրն է, ինչ ճամբարում ենք: Այս օրերի ընթացքում ավելի հմտացանք, խորացրինք գիտելիքները կինոյի, լրագրության և լուսանկարչության մեջ, իսկ արդեն վաղը կնկարահանենք մեր առաջին ֆիլմը: Կարճ ասած, ուզում եմ ճամբարի ընթացքում հնարավորինս շատ գիտելիքներ քաղել բոլորից` թե՛ ուսուցիչներիցս, թե՛ հասակակիցներիցս:

Հեղինե Գրիգորյան

***

Ես Լաուրա Սեկոյանն եմ Կոտայքի մարզի Սոլակ գյուղիցlaura sekoyan

Անկեղծ ասած, մեր գյուղում բոլորը չեն սիրում լրագրողներին։ Նրանք կարծում են, որ լրագրողները մտնում են ուրիշի կյանքի մեջ։ Ես կարծում եմ, որ լրագրությունը հետաքրքիր ու ծանր աշխատանք է, բայց երբեք չէի մտածել, որ կարող եմ երբևէ զբաղվել այդ գործով։ Նախ պատմեմ, թե ինչպես ստացվեց, որ ես հայտնվեցի 17-ում։ Ամառվա մի շոգ օր նստած էի, ու ինձ զանգահարեց իմ հայոց լեզվի ուսուցչուհին։ Նա ասաց, որ կա մի կազմակերպություն, որի անունը «Մանանա» է, և ինձ առաջարկեց, որ մասնակցեմ նրանց կազմակերպած դասընթացներին։ Ես հաճույքով համաձայնվեցի, չնայած որ գաղափար չունեի այդ ամենի մասին։ 17-ի հետ անցկացրած երեք օրերի ընթացքում ես սովորեցի ամենակարևոր բաները լրագրության, ֆոտոյի և կինոյի վերաբերյալ։ Սեմինարի ավարտից հետո ես աշխատում էի ակտիվ լինել ու նյութեր գրել։ Ֆեյսբուքով անընդհատ տեսնում էի ճամբարի նկարները և սպասում էի, որ մի անգամ էլ ես կգնամ ճաբար։

Վերջապես ես էլ եկա ճամբար։ Առաջին օրը ծանոթացանք ու քանի որ հոգնած էինք, շուտ գնացինք մեր սենյակները։ Հաջորդ առավոտյան արթնացանք ու սկսեցինք զբաղվել կարևոր գործերով։ Ես այստեղ կարող եմ գրել այն ամեն հետաքրքիր գործերը, որոնք անում ենք ճամբարի ընթացքում, բայց գիտեմ, որ ընկերներս ամեն բանի մասին մանրամասն գրել են կամ գրում են:

Ես մեծ սպասելիքներ ունեմ ճամբարից, և իմ նպատակն է` խորացնել գիտելիքներս ու ճիշտ կիրառել դրանք իմ կյանքում։

Նաև այնպես անել, որ մեր գյուղի մարդիկ փոխեն իրենց կարծիքը լրագրողների մասին:

Լաուրա Սեկոյան

***

Ես  Դավիթ Ղահրամանյանն եմ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից

davit ghahramanyanԴե, ի՞նչ ասեմ, շատախոս եմ. դա էլ մեդիա ճամբարի ժամանակ եմ իմացել: Մեդիա ճամբարին մասնակցելու մասին իմացա հոկտեմբերին: Զանգեցին, գեղեցիկ ձայնովա, որ ես մասնակցելու եմ մեդիա ճամբարին: Ճիշտ է, սկզբում ես այնքան էլ չուրախացա, որովհետև պետք է գնայի թիավարության մրցումների: Ինձ երեսուն րոպե ժամանակ տվեցին. ես մարզիչիս հետ խոսելուց հետո շատ ուրախացա, քանի որ մրցումները հետաձգվել էին, և ես հիմա այստեղ եմ: Շատ ուրախ եմ, քանի որ այստեղ սովորում ենք շատ նոր բաներ, որոնք ես չէի իմանա դպրոցում:

Ծանոթացել եմ շատ մարդկանց հետ. նրանցից էլ եմ սովորում որոշ բաներ: Նրանց հետ շատ հետաքրքիր է օրն անցնում. նկարահանումներ, նյութեր, իսկ ազատ ժամանակ կազմակերպում ենք խաղեր: Ժամանակը շատ դանդաղ է անցնում, բայց շատ հետաքրքիր. չեմ ուզում վերջանա: Երբ ես հետ վերադառնամ, կբարձրացնեմ շատ հարցեր ու հուսով եմ լուծումներ կստանամ:

Դավիթ Ղահրամանյան

***

Ես Էրիկ Ալեքսանյանն եմ Տավուշի մարզի Բաղանիս գյուղիցerik alexanyan

«Մանանա» կենտրոնի հետ համագործակցում եմ մարտից: Այդ օրվանից մինչև այժմ գրել եմ շատ հոդվածներ: Առաջին նյութս  եղել է հաշմանդամ ազատամարտիկների մասին, ովքեր մասնակցել են Արցախյան պատերազմին, որի ժամանակ էլ վիրավորվել են: Սակայն ինձ թվում է, որ «Մանանա» կենտրոնին և պատանի լրագրողներին դուր է եկել «Բաղանիսի բարբառը»: Իմացա, որ աշնանը կա մեդիա ճամբար, սակայն վստահ չէի, որ ինձ ևս կընդգրկեն, բայց շարունակեցի նյութեր գրել:

Ճամբարը յոթ օր է տևելու, և ես իմ առաջ խնդիր եմ դրել որքան հնարավոր է շատ բան սովորել:

Ճամբարային օրերի ընթացքում նոր ընկերներ ձեռք բերեցի: Երրորդ օրը Հանրային ռադիոյի մասին տեղեկություններ ստացանք մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագիր Կարինե Գևորգյանից: Իմացանք, որ Հանրային ռադիոն 90 տարեկան է և ամենատարածվածն է Հայաստանում: Հետագա ճամբարային օրերից ակնկալում եմ ստանալ ավելի շատ հմտությույններ լուսանկարչությունից, ֆիլմեր նկարահանելուց և հոդվածներ գրելու մասին: Ճամբարից հետո կշարունակեմ գրել հոդվածներ, կբարձրանցնեմ գյուղում առկա խնդիրները և կշարունակեմ շփվել նոր ընկերներիս հետ:

Էրիկ Ալեքսանյան

***

Ես Ալբինան Հովսեփյանն եմ Սյունյաց աշխարհի Լոր գյուղիցAlbina

17.am-ի մասին իմացել եմ ֆեյսբուքի միջոցով: Մի անգամ սովորականի պես թերթում էի ֆեյսբուքիս  էջը ու տեսա Սոնա Զաքարյանի նյութը, որը մեր հարևան գյուղից էր: Ես նրան հարցրի, թե ինչպես ես էլ նյութեր ուղարկեմ  17.am-ին: Առաջին նյութում գրեցի «Ով եմ ես» և «Ինչն է ինձ հուզում» թեմաներով ու այդպես շարունակեցի  տարբեր նյութեր ուղարկել: Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ թղթակցում եմ 17.am-ին: Ինչ սկսել եմ թղթակցել կայքին, այն ամենը, ինչը  կատարվում է իմ շրջապատում, ինձ  թվում է, թե դա մի նոր նյութի թմա է:

Ճամբարի առաջարկը շատ անսպասելի էր: Ճամբարային օրերս անցնում են շատ հետաքրքիր ու բովանդակալից: Արդեն չորս օր է, ինչ ճամբարում եմ, բայց չեմ ուզում մտածել հետդարձի մասին: Գիտեմ, որ ամեն ինչ կարոտելու եմ: Երբ առաջին օրը եկանք ու մեզ տվեցին մեր յոթ օրվա օրակարգը, աչքիս առաջինը ընկավ օրակարգի վերջին կետը. «Հրաժեշտ, լացուկոծ և հեռացող ավտոբուս»: Ծիծաղեցի ու մտքումս ասացի. «Չէ մի չէ, լաց ու կոծ», բայց հիմա գիտեմ, որ հենց այդպես էլ լինելու է: Կարոտելու եմ նույնիսկ առավոտյան բոլորի թթված դեմքերը ու այն պահը, երբ բոլորը հավաքվում են միջանցքում ու սպասում, որ իջնենք ճաշարան: Նույնիսկ կկարոտեմ հյուրանոցից ճաշարան տանող ցուրտ, ձյունոտ ճանապարհը: Ճամբարին մասնակցելը ևս մեկ անգամ ինձ կողմնորոշեց մասնագիտության ընտրության հարցում. լրագրող եմ դառնալու:

Ալբինա Հովսեփյան

***

Ես Սեդան եմ,  Լոռու մարզի Քարինջ գյուղից, 17 տարեկան եմseda mkhitaryan

17.am- ի մասին սկզբից իմացա համացանցից։ Ժամանակ առ ժամանակ տեսնում էի,որ ֆեյսբուքյան ընկերներիցս ոմանք նյութեր են հրապարակում կայքում։ Իմ մեջ էլ առաջացավ այդ ցանկությունը, և որոշ ժամանակ անց իմացա, որ Վանաձորում «Մանանա»-ն վորքշոփի է գալու, և որոշեցի անպայման մասնակցել։ Հետո սկսեցի թղթակցել։ Ես ոգևորված մեկը մյուսի հետևից նյութեր էի գրում և ուղարկում։ Կարծես թե հաջողվում էր։

Պարզվեց, որ աշնանը մեդիա ճամբար է լինելու, եթե անկեղծ, ես չէի պատկերացնի, որ երբևէ կհայտնվեմ մեդիա ճամբարում։ Մթնոլորտը ստեղծագործ է ու տրամադրող։ Տարբեր մարզերից հավաքվել են երիտասարդներ, ովքեր մտածում են քո նման։ Ամեն ինչ և ամեն ոք արդեն հոգեհարազատ է դարձել, հասցրել ենք ընկերանալ ու մտերմանալ։ Ճամբարային առաջին ժամերին սառն էր թե՜ եղանակը, թե՜ մեր սրտերը, բայց դա միայն սկզբից, շուտով սառույցը հալվեց, ու մենք միմյանց հանդեպ լցվեցինք սիրով ու ջերմությամբ։

Եթե հնարավորություն լիներ, ձեռքով կբռնեի ժամերը, որ չհեռանան մեզնից, բայց ժամերը վայրկենապես են թռչում,  և արդեն ավարտվում է ճամբարային երրորդ օրը։

Վստահ եմ, որ ճամբարից հետո ես ավելի ակտիվ եմ թղթակցելու՝ օգտագործելով գիտելիքներս, որոնք ստանում եմ ճամբարում։

Սեդա Մխիթարյան

***

Ես` Ռաֆայել Նաջարյանն եմ,  տասնհինգ  տարեկան, ապրում եմ  Գեղարքունիքի մարզի գյուղ Կարմիրգյուղումrafayel najaryan

Սովորում եմ տասներորդ դասարանում: Ծնվել, ապրել և սովորել եմ Երևանում  մինչև իններորդ դասարան, հետո տեղափոխվել եմ Կարմիրգյուղ ու հիմա ապրում եմ այնտեղ: Ես շատ ուրախ եմ, որ սովորում եմ այնտեղ, քանի որ հենց այնտեղ էլ ծանոթացա  17-ցիների հետ և հենց առաջին հայացքից սիրահարվեցի այս խմբին և ինքս ինձ ասացի.

-Ես պետք է լինեմ այս խմբի անդամներից մեկը:

Գնացի տուն, հայտ ուղարկեցի և ստացա դրական պատասխան, որից հետո երեք օր դասընթացներ անցկացվեցին, որոնց նույնպես մասնակցեցի: Եվ իմ սերը  ավելի մեծացավ այն ժամանակ, երբ երեք օր անցկացրեցի խմբի հետ, ու արդեն չէի պատկերացնում, թե ինչ է լինելու հետո: Եվ հանկարծ հիշեցի ճամբարի  մասին և սկսեցի մտածել,  թե ինչպես աշխատեմ, ինչպես անեմ, որ դառնամ ճամբար գնացողներից մեկը:  Լավ, երկար չպատմեմ, ես սկսեցի հրապարակվել 17-ում, ուղարկել հարցազրույցներ, լուսանկարներ… Մի օր էլ Լիլիթը զանգեց և հարցրեց.

-Ռաֆայել ջան, բարև, կուզե՞ս մասնակցել մեդիա ճամբարին:

Եվ իմ պատասխանը միանգամից.

-Բարև Լիլիթ ջան, հա, բա ոնց…

Եկա ճամբար: Համարյա բոլորն անծանոթ  էին առաջին հայացքից: Բայց երբ ներկայանում էին, հիշում էի, որ կարդացել եմ նրա նյութերը 17-ում: Արդեն հաջորդ առավոտյան բոլորն ինձ  արդեն հարազատ մարդիկ էին, և երբ հիշում եմ, որ չորս  օրից  պետք է նորից իրար հրաժեշտ տանք, ես էլի  պատրաստվում եմ հաջորդ ճամբարին: Բայց հիշելով, որ ես դեռ ճամբարում եմ, փորձում եմ մոռանալ  այդ ցավալի մտքերը: Ես ճամբարում փորձում եմ հմտանալ ֆոտոյի մեջ, քանի որ շատ եմ սիրում  լուսանկարել, և երևի այստեղ չկա մի բան, որ չուզենամ նկարել: Հետո մտածում եմ, երբ գնամ տուն` ինչ պետք է անեմ: Երևի այն մասին, որ գյուղում արդեն շատ դռներ են  փակվել ու անվերադարձ, մի խոսքով  արտագաղթի մասին եմ գրելու, որն արդեն շատ մեծ խնդիր է դարձել հայերի համար:

Ռաֆայել Նաջարյան

***

Ես Մարիամ Տոնոյանն եմ, 15 տարեկան եմ: Ապրում եմ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:

mariam tonoyan17.am-ի մասին իմացա միայն այն ժամանակ, երբ կենսաբանության ժամին ուսուցչուհիս հայտնեց, որ բարձր դասարանցիների համար սեմինար էր անցկացվելու: Տեղափոխվելով կողքի դասարան, հանդիպեցինք «Մանանայի» թիմին: Նրանք ներկայացրեցին իրենց ծրագիրն ու գործունեությունը, ցույց տվեցին թղթակիցների լուսանկարած ֆոտոներն ու նկարահանած ֆիլմերը, իսկ վերջում նույնիսկ առաջարկեցին թղթակցել: Սկզբում վարանում էի, դժվարանում որոշմանս մեջ, բայց ի վերջո որոշեցի փորձել: Երբ ստացա իմ առաջին առաջադրանքը, սկսեցի քթիս տակ մրթմրթալ ու ինքս ինձնից ու իմ որոշումից դժգոհելով, անընդհատ կրկնել.  «Թե քեզ պե՞տք էր, է՜»: Մի կերպ, ինքս ինձ խրատելով ու խորհուրդներ տալով սկսեցի գրել: Գրեցի ու սկսեցի սպասել, ամեն րոպե բացել էլ. փոստս ու հիասթափված կրկին փակել, մինչև որ ստացա հաղորդագրություն, որ ընտրվել եմ ու պետք է մասնակցեմ նախնական եռօրյա դասընթացին: Ու էլի սկսվե՜ց: Էլի լաց ու կոծ, էլի դժգոհություններ…
Սկսվեցին դասընթացները, սովորեցինք առաջին տարրական կանոնները, լրագրության, լուսանկարչության և ֆիլմի նկարահանման: Ժամանակի ընթացքում սկսեցի ոգևորված աշխատել, թեմաներ ընտրել, գրել, մշակել, կետադրել… Հանդիպումից հետո ամեն երեկո տրամադրում էի նյութերին:

Դասընթացից օրեր անց տեսա նյութս 17 .am  կայքում: Ու ի~նչ ուրախություն, սկսեցի թռվռալ և ուրախացած պարել՝ առանց որևէ պարային շարժում իմանալու: Առաջին նյութս հարցազրույց էր հայրիկիս հետ, որն ինձ այնքան էլ դուր չէր գալիս, որովհոտև ընտրել էի ընդարձակ թեմա  և անցկացրել փոքրիկ հարցազրույց: Հետագայում տեղադրվեցին նաև այլ նյութեր: Արդեն մեկ ամիս է, ինչ թղթակցում եմ 17.am-ին և արդեն ճամբարում եմ: Տպավորություններս լիարժեք նկարագրելու համար արժանի բառեր չեմ կարողանում գտնել, բայց կնշեմ այն փաստը, որ լինելով ինքնամփոփ և լռակյաց մարդ, ունեմ առաջընթաց՝ ազատորեն շփվում եմ նոր ընկերներիս հետ առանց կաշկանդվելու:

Մարիամ Տոնոյան