shushan stepanyan

17.am-ի հետ

Դե, հիմա էլ ես պատմեմ ճամբարային իմ օրերի, իմ կյանք մտած 17.am-ի, իմ նոր ընկերների, իմ` Սևանից եկող հույզերի ու ապրումների մասին: Ուրեմն, մի օր մեր Սոսեի (ինձ թվում է, որ գրեթե բոլորդ էլ իրեն գիտեք) մորաքույրն ինձ ասաց, որ «Մանանա»-ից են եկել Սիսիան: «Շուշան ջան, դու լավ ես գրում, գնա հանդիպմանը»: «Է՜հ, էդ ինչ պիտի գրեմ, որ հավանեն, որ իրենց ուժեղ խմբի անդամ դարձնեն»,-մտածում էի մինչ գնալս: «Վերջ, գնում եմ: Մարդ ես, մեկ էլ տեսար` իմ գրածներն էլ հավանեն ու տպեն իրենց կայքում»: Այնքան լավ անցավ հանդիպումը: Ակտիվ քննարկումներ, հետաքրքիր ֆիլմերի դիտում: Երեխաների ակտիվությունն ավելացավ, և սկսեցին հարցերին հետաքրքիր պատասխաններ տալ, և ճիշտ պատասխանների դիմաց մեզ 17.am-ի նոթատետրեր նվիրեցին: Մեզ ասացին, որ երկու` մեզ ներկայացնող նյութ ուղարկենք ու սպասենք իրենց պատասխանին: Գրեցի, ուղարկեցի ու հավատում էի, որ գրածներս կհավանեն, որ կասեն` լավ ես գրում: Ինչքան էլ ընկերներիդ, հարազատներիդ կարծիքով դու լավ ես գրում, միևնույնն է, կարիք ունես գործից հասկացող, հմուտ, ճիշտ խորհուրդներ տվող մարդկանց խոսքերի: Մեկ ամիս սպասել եմ, ու օրեցօր ինձ թվում էր, որ դժվար էլ զանգեն կամ գրեն, բաց հետո նամակ ստացա, որ կրկին կհանդիպենք Սիսիանում: Մի օր էլ մի շատ հաճելի ձայնով աղջիկ (արդեն սիրելի դարձած Դիանան էր) զանգեց ու ասաց, որ այսինչ օրը հանդիպում ենք, ու իրենց դասընթացների մասնակիցներից մեկն եմ: Անկեղծ, շատ ուրախ էի:

Հիմա արդեն կայքում տպված ութ նյութ ունեմ ու Սևանի մեդիա ճամբարի մասնակիցներից մեկն եմ: Այնքան հավես են անցնում օրերը, ու որ հետադարձ հայացք եմ գցում «մինչ 17.am-ը» ու հետո, շատ փոփոխություններ եմ նկատում. ավելի ինքնավստահ եմ դարձել, էլ չեմ ասում. «Ուֆ, մեկ ա, անկապ եմ գրել», «Հա, ինչ, էսպես բոլորն էլ կարող են գրել»: Սկսել եմ սիրուն լուսանկարներ անել և ուրիշ աչքով եմ նայում աչքիս տակ ընկած լուսանկարները, կարողանում եմ ընկալել դրանք, փոքր-ինչ վերլուծել: Չգիտեմ, իրոք, այնքան շնորհակալ եմ «Մանանա»-ին` մի քանի ամսվա ընթացում այսքան բան տալու համար:

Ինչ լավ էր, որ գնացի…