Մանե Մինասյան

Իմ կյանքի պակասը

Գրիչը ձեռքիս՝ մտածում եմ, թե ո՞րն է իմ կյանքի գլխավոր պակասը, ու հիշում եմ, որ մի անգամ մտերիմներով զրուցում էինք Հայաստանի վատ կողմերից, ու հանկարծ նրանցից մի տղա, որն ապրում է նյութապես ապահով պայմաններում,ասաց, որ մենք չպետք է բողոքենք Հայաստանից, որովհետև այստեղ ամեն ինչ էլ կա: Իսկ ընկերուհիս դրանից հետո ասաց, որ եթե նա էլ տարվա ընթացքում շատ կարճ ժամանակով ապրեր իր հոր հետ, դժվար թե նույնն ասեր:

Այո, հիմա ասում եմ, որ իմ կյանքում պակաս է հայրս, որը Հայաստանի շատ հայրերի պես ընտանիքը պահելու համար մեկնել է արտագնա աշխատանքի:

Տարվա ընթացքում մի որոշ ժամանակ եմ հասցնում նրան տեսնել, կամ էլ, լինում են տարիներ, որ ընդհանրապես չեմ տեսնում: Սա միայն իմ կյանքի պակասը չէ: Եթե հարցնես, 10-ից 8-ը կասեն, որ իրենց կյանքում էլ կա այս պակասը:

Իսկ ինչի՞ համար: Ո՞վ կտա այս հարցի պատասխանը, ո՞վ կլրացնի երեխայի կյանքում հոր պակասը:

Իմ կյանքում պակաս է հայրս, պակաս է լիարժեք ընտանիքս:

Գիտե՞ք՝ գրքերի պակասը կլրացնես մի ամսում մի քանիսը կարդալով, վիտամինի պակասը՝ մրգերով: Իսկ այս պակասը երբեք չի լրացվի, որովհետև ընտանիքը մարդուն պետք է յուրաքանչյուր րոպե, ժամ ու պահ: