gohar hakobyan (ararat)

Վերցրու կարդա

Երբևէ ցանկացե՞լ ես լինել Փոքրիկ Իշխանը: Ես ցանկացել եմ: Հա, անհավանական բան է, գիտեմ: Դու էլ ես, չէ՞, մտածել, թե ինչ կանեիր, եթե լինեիր նրա փոխարեն: Ես էլ եմ մտածել: Երբ գիշերը պառկում եմ քնելու, չէ, չեմ քնում, խաբում եմ կոպերիս, իսկ միտքս ու ուղեղս արթուն են մնում: Գիտե՞ս՝ ինչու, ես մտովի քայլում եմ այն անապատով, որով անցել է նա: «Խոսում եմ» աշխարհագրագետի, լապտերավառի, բաոբաբների հետ: Շոյում եմ իմ վարդի գլուխը, չէ՞ որ նա ամենակարևորն է աշխարհում: Նայում եմ վերջալույսին: Փոքրիկ Իշխանն էր ասում. «Մի օր ես քսաներեք անգամ տեսա, թե ինչպես է մայր մտնում արևը»:
Գիտե՞ս… Երբ շատ տխուր ես լինում, լավ է վերջալույսին նայել: Ուրեմն այն օրը նա շատ տխուր էր:
Երևի բոլորն էլ իրենց տխրության ինչ-որ պահի մտովի հիշել են Փոքրիկ Իշխանին, քայլել նրա խոսքերի հետ, մտածել, չէ՞ որ սովորական բառերը խանգարում են լավ հասկանալուն:
Ուրեմն տխրության մեջ էլ գեղեցկություն կա:
Երբ առաջին անգամ էի կարդում գիրքը, անհետաքրքիր էր թվում, դե, այն գիրք է մեծահասակների համար: Բայց հասկացա, որ մեծահասակները երբեք ու ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար դժվար է դա նրանց բացատրելը:
Դրա համար սա թող լինի իմ ու քո փոքրիկ գաղտնիքը: Վերցրու, կարդա ու դիր դարակումդ: