Anna Andreasyan

Աղվերանի մեդիա ճամբար. Իմ հեռակա բարեկամը

17.am-ին թղթակցելուց հետո կարդում էի կայքում տեղադրված նյութերը: Նախ դրանք շատ հետաքրքիր են և նոր նյութերի գաղափարներ են տալիս և, բացի այդ, հոդվածները կարդալով՝ հեռակա ծանոթանում ես թղթակիցների հետ: 

Իմ հեռակա ծանոթներից մեկն էր Տաթև Աղազարյանը: Նրա առաջին հոդվածը, որ կարդացել եմ իր բնակավայրի մասին էր: Կարդալով նյութը՝ հասկացա, որ երկուսիս նախնիներն էլ հայրենադարձվել են Պարսկաստանից: Հենց այդ փաստը ստիպեց հարազատ և առանձնահատուկ վերաբերվել նրան, առանց նույնիսկ մեկ բառ հետը փոխանակելու: Դրանից հետո միշտ կարդում էի նրա հոդվածները (իմիջիայլոց ես շատ եմ հավանում նրա նյութերը) և շատ էի ցանկանում հանդիպել նրան: Երբ ճամբարի ֆեյսբուքյան խմբում կարդում էի մասնակիցների հոդվածները, որտեղ իրենց էին ներկայացնում, նկատեցի, որ Տաթևը նույնպես մասնակիցներից մեկն է: Շատ ուրախ էի, որ կհանդիպեմ իմ հեռակա բարեկամին: Եվ հանդիպեցի:

Ճամբար գնալու օրը հավաքվել էինք «Մանանա» կենտրոնում ՝ ծանոթանալու ճամբարի մասնակիցների և կենտրոնի հետ: Այնտեղ էլ հանդիպեցինք ես ու Տաթևը: Ես նրան ասացի, որ կարդացել եմ նրա հոդվածը բնակավայրի մասին:

Մենք շատ արագ մտերմացանք: Եվ հասկացա, որ նա շատ հետաքրքիր և շփվող մարդ է: Ես վստահ եմ, որ մեր շփումը կշարունակենք նաև ճամբարից հետո: