aniharutyunyanarm

Իմ մահվան տեսիլը

Գիշերները սարսափելի վախեցած վեր եմ թռչում, նստում անկողնուս մեջ ու փորձում արդեն միլիոներորդ անգամ մարսել այն միտքը, որ ես մահանալու եմ: Փորձում եմ մարսել, որ դրանից խուսափել, թաքնվել ուղղակի հնարավոր չէ: Բայց այդպես էլ չեմ մարսում, ընդամենը հեռու եմ վանում ինձնից մահվան միքտը որոշ ժամանակով, սկսում մտածել այլ թեմաների մասին, մինչև քնում եմ: Ինքնախաբկանքը տևում է մինչև հաջորդ օրվա գիշերը, երբ նորից վեր եմ թռչում, նստում անկողնուս մեջ, ու մնացածն արդեն գիտեք: Մարդիկ ասում են` մտածիր, որ բոլորն էլ մահանում են: Նշանակում է, որ ես սկսելու եմ չվախենալ մահվանից միայն այն պատճառով, որ միայն ե՞ս չեմ մահանում: Իհարկե, եթե միայն ես մահանայի, ինձ կտանջեր անարդարության միտքը: Բայց ինձ նաև երբեք չի մխիթարել այն, որ բոլորն էլ մահանում են: Ֆրեդի Մերկուրին մահացավ 1991-ին, Ազնավուրը՝ բոլորովին վերջերս, Դոստոևսկու նման տղան էլ է մահացել, ես ո՞վ եմ, որ չմահանամ ու էդ ինչպե՞ս եմ համարձակվում վախենալ մահվանից:

Մի մասն էլ մարդկանց փորձում է վստահեցնել, որ այնուամենայնիվ, մահվանից հետո կա կյանք: Այսինքն՝ կա դրախտ, որտեղ ծառերից իմ սիրելի ուտելիքներն են աճելու, ես մոռանալու եմ, որ երբևէ սովորել եմ մանկավարժականում ու հասցնելու եմ նայել բոլոր չնայած ֆիլմերը: Իմ պատկերացրած դրախտը մոտավորապես այսպիսին է: Ես էլ հաճախ փորձում եմ գիշերները սարափից կլորացած աչքերով նայել դրսից ընկնող լույսերին ու ինձ հանգստացնել, որ կա, այնումենայնիվ, դրախտ ու առավել դժվարությամբ համոզել, որ ես հենց այնտեղ եմ հայտնվելու մահվանից հետո: Բայց ուսիս փոքրիկ, կարմիր սատանան չի համաձայնում երկնային կյանքին ու ուղեղումս միանգամից ծագում է միտքը, որ ես ուղղակի վերանալու եմ: Չեմ լինելու ու վերջ: Ինչպես քնած ժամանակ ոչինչ չեմ զգում, այդպես էլ չեմ զգալու մահվանից հետո: Վերջ: Չկամ ու վերջ:

Մի՞թե սարսափելի չէ, երբ չես հասցնելու հասկանալ, որ դու հենց նոր մահացար, որովհետև երբ մահանաս, էլ ոչինչ չի լինելու ու դու հասկանալու կարող չես լինելու: Ճանապարհներին մեքենայում մտածում եմ, որ եթե հանկարծ մեքենան պայթի, ես մինչև մահանալս մի քանի վայրկյան կկարողանամ ընկալել, որ մեքենան պայթել է, բայց հետո վերլուծել ու հասկանալ, որ մահացել եմ, չեմ կարողանա: Ինձ թվում է` մահվան մասին մտքերն ինձ խելագարության են հասցնում այս մտքի ամենաուղիղ իմաստով: Երբ գիշերները սկսում եմ ավելի երկար մտածել մահվան մասին, ինձ իրոք թվում է, որ մարդիկ խելագարվում են հենց այդպես:

Փիլիսոփայել մահվան մասին չեմ էլ փորձում, որովհետև բազմաթիվ նշանավոր փիլիսոփաներ (ի դեպ, նրանք նույնպես մահացել են) ինձնից դեռ շատ առաջ փորձել են հասկանալ՝ ի՞նչ է մահը, արդյո՞ք իմաստ ունի կյանքը, եթե մահանալու ենք ու ի վերջո հստակ պատասխանել չեն կարողացել:

Շատ մարդիկ չեն ուզում մահանալ, որովհետև կյանքում դեռ շատ նպատակներ իրականացնել չեն հասցրել, բայց ես ուղղակի չեմ ուզում մահանալ, որովհետև վախենում եմ մահվան անորոշությունից: Ընկերներիցս մեկը հարցրեց` մահվանի՞ց ես այդքան շատ վախենում, թե՞ կյանքն ես ահավոր շատ սիրում: Ու ես սկսեցի հասկանալ, որ այս համեմատության մեջ ես վախենում եմ մահվանից ոչ այն պատճառով, որ կյանքն եմ շատ սիրում: Ես ուղղակի վախենում եմ մահվանից ու չլինելուց:

Չգիտեմ` ինչպե՞ս են մարդիկ հաղթահարում մահվան վախը, կամ գուցե հաղթահարել բառը սխալ է: Ինչպե՞ս են համակերպվում այդ մտքի հետ ու գիշերները այդ մտքի հայտնվելուց հետո ոչ թե վեր են թռչում, այլ շրջվում ու քնում են: