Իմ տասը ամիսները

Վերջին անգամ, բարև, օվկիանոսի այն կողմից։ Արդեն տասը ամիս է, ինչ գտնվում եմ ԱՄՆ-ում։ Փոխանակման ծրագիրը մոտենում է ավարտին, և շուտով հետ եմ գալու Հայաստան։ Շատ ուրախ եմ ու ոգևորված, որ վերադառնում եմ տուն, բայց միևնույն ժամանակ, տխուր, որովհետև լքում եմ իմ երկրորդ տունը։ Այս զգացողությունը իրոք տարօրինակ է և անբացատրելի։ Այս տասը ամիսները կարծես երազ լինեին, որից պետք է կամաց-կամաց սկսեմ արթնանալ։

Իրոք, շատ դժվար է հրաժեշտ տալ այն բոլոր մարդկանց, ովքեր կարճ ժամանակում քեզ համար ընկերներ ու ընտանիք են դարձել։ Բայց ասում են, որ կյանքում ամեն լավ բանի ավարտ մեկ այլ լավ բանի սկիզբ է: Այնպես որ, պետք է առաջ նայել և միշտ ամեն ինչի դրական կողմը գտնել։

Հունիսի 2-ին տեղի ունեցավ ամերիկյան «Վերջին զանգս»: Ավարտեցի ամերիկյան դպրոցս։ Շատ հետաքրքիր փորձառություն էր ինձ համար ամերիկյան ավագ դպրոցում սովորելը ու ամերիկյան թինեյջերի (դեռահասի) կյանքով ապրելը։ Ֆրանսիացի ընկերուհուս հետ, ով նույնպես փոխանակման ծրագրի աշակերտ է, հաճախ ենք խոսում նրանից, թե ինչ պատճառներ կան, որոնց համար կուզենանք հետ գնալ մեր երկրներ և ինչ պատճառներ, որոնց համար չէինք ուզի։ Ընկերուհիս կարծում է, որ դեռահասների կյանքը այստեղ՝ ԱՄՆ-ում ավելի հետաքրքիր է, և նրանք ավելի շատ հնարավորություններ ունեն տարբեր բաներով զբաղվելու։ Այ, օրինակ, բոլոր դպրոցներում աշակերտների մեծամասնությունը զբաղվում է սպորտով, և բոլոր դպրոցները թիմեր ունեն ու մասնակցում են տարբեր սպորտային միջոցառումների, իսկ եվրոպական և ասիական մի շարք երկրներում այդպես չէ։ Եթե ուզում ես սպորտով զբաղվել, ապա պետք է հատուկ սպորտային դպրոցներ հաճախես: Դպրոցում տարբեր սպորտային թիմեր ունենալը դպրոցական առօրյան ավելի կարևոր և հիշարժան է դարձնում:

Եթե իմ տեսանկյունից նայենք, ես կասեմ, որ ուզում եմ հետ գնալ Հայաստան, քանի որ հայկական «ջանն ու ջիգյարը» ԱՄՆ-ում պակասում է:

Ինչևիցե։ Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա սովորելու ամերիկյան դպրոցում, ձեռք բերեցի այսքան փորձ, ընկերներ ու հանդիպեցի հիանալի մարդկանց։ Բոլոր հիշողությունները ամերիկյան դպրոցիս հետ կապված միշտ ինձ հետ կլինեն։ Կկարոտեմ բոլոր ուսուցիչներիս, ընկերներիս, հյուրընկալ ընտանիքիս։ Նրանց բոլորի շնորհիվ իմ փոխանակման ծրագիրը հետաքրքիր ու հիշարժան դարձավ։ Ավարտելով ամերիկյան դպրոցս կյանքիս մի նոր էջ նույնպես ավարտվեց, և համոզված եմ, հաճախ եմ կարդալու այն, բայց թերթելու ժամանակն արդեն եկել է:

Հ. Գ. 20 օրից գալիս եմ, Հայաստանս…