Anush Jilavyan

Իմ 17.am-ը

Գիտեմ, որ մեր առաջին մրցանակաբաշխության մասին շատ գրվեց, ես կաշխատեմ չհոգնեցնել ձեզ, բայց մեզ էլ հասկացեք, չգրել ախր չենք կարող: Տպավորություններ շատ-շատ են ու դրանք ինչ-որ կերպ արտահայտել է պետք, դե մենք էլ գրում ենք մեր զգացածը: 

Հավաքվել էին շատ հարազատ մարդիկ, մարդիկ, ում հետ մեկ շաբաթ ապրել ու ստեղծագործել ենք, մարդիկ, ում ճանաչում եմ թեյի ակումբից ու շատ դեմքեր, ում գիտեմ միայն հոդվածներով ու 17-ի նկարով: Բոլորին շատ կարոտել էի, ու կարոտել էի նաև այն Անուշին, որ կարող է իրեն այդքան երջանիկ զգալ, որովհետև հարազատներով է շրջապատված:

17.am-ի մասին անընդհատ կարելի է գրել, մի անգամ գրել եմ, թե ինչպես է այն փոխում մեզ ու ինչպես ենք 17.am-ի միջոցով մենք փոխում մեր աշխարհը: Հիմա էլ կարդում եմ գրածս, ու հասկանում, որ պահի ազդեցությամբ չեմ գրել, որ ոչ մի բառ ավելորդ չէ, ու դեռ ավելացնելու մտքեր կան, քանի որ 17.am-ի անակնկալները շատ են ու տպավորությունները երբեք չեն սառչում:

17.am-ը ամենաշատը սիրում եմ, քանի որ քեզ չես կարող երբեք մոռացված զգալ: Գիտեք, երեք հոգու մեջ էլ է հնարավոր չնկատված լինել, ուր մնաց հարյուրավոր թղթակիցների: Բայց 17.am-ը ուրիշ է. քո գրածը կարևոր է, քո նյութերին միշտ սպասում են ու միշտ հիշում քեզ: Դժվար լինի մի թղթակից, ով զարմացած չլինի, թե ինչպես է տիկին Ռուզանը հիշում բոլորիս անունները, թե որտեղից ենք, երբ ենք սկսել թղթակցել, իսկ եթե ուսանող ես, նաև որ բաժնում ես սովորում (իսկ արդեն մշակութաբանությունը հիշելու համար առանձնահատուկ տաղանդ է պետք):
Յուրահատուկ զգացողություն էր մի քանի ամսվա մեջ հասկանալ, որ ոչ միայն կարող ես գրել, ոչ միայն կարող ես գրածդ չպատռել ու մյուսներին ցույց տալ, այլ նաև կարող ես գնահատվել ու ուշադրության արժանանալ գրելով:

Վերջում ուզում եմ նոթատետրիս մասին պատմել, որ ստացել եմ: Ինձ սկզբից թվացել էր, որ բոլորի տետրերի վրա նույն նկարն է պատկերված, բայց պարզվեց, որ տարբեր են ու բոլորն էլ շատ գեղեցիկ: Բայց իմ տետրի վրա բնություն է պատկերված ու սարեր. ուզում եմ հավատալ, որ սարերի հանդեպ իմ մեծ սերը 17.am-ում էլ են նկատել, չէ որ այստեղ մեր մասին ամեն ինչ գիտեն:

Շնորհակալ եմ, որ հայտնվեցիք իմ կյանքում: Առանց Ձեզ տխուր էր…

Խմբագրության կողմից. Անուշ, մենք նաև գիտենք, որ այսօր քո ծննդյան օրն է: Շնորհակալ ենք քեզ, որ դու կաս մեր կյանքում: Քեզ նորանոր հաջողություններ: