Ապրելը քո ընտրությունը չէ

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

Գյուղում երազելու շատ տեղ կա: Կթռնես այգու ամենածեր ծառի վրա, կնայես հարևանի կոտրված տանիքով հացատանը, հետո ժամերով կնայես հարևանի հավերին, որ առանց հարցնել ձեր բակ են մտել, կխղճաս ու կերազես:

Կամ էլ կվերցնես մի կտոր պանիր ու հաց, «խուրջինդ» կկապես մեջքիդ ու կգնաս սարից ձնծաղիկ հավաքելու: Կնստես մի մեծ քարի, կնայես ձեր կարմիր տուֆից տանը, հետո կիջնես Կակաչի սար՝ դեռ չբացված կակաչները հավաքելու, կնստես ու կուշտ փորով մի բրդուճ հաց ու պանիր կուտես, կերազես ու տուն կգաս:

Հետ գալուց դաշտի մոտ բանջար հավաքող կանանց կտեսնես, հետները մի քիչ «խորաթա» կանես , բայց, որովհետև դու բանջարը չես տարբերում, ու չնայած, որ շատ ես սիրում, հետ կիջնես գյուղ:

Երբ անձրև գա, սունկն էլ դուրս կգա: Կվերցնես դարակի ամենաամուր տոպրակը ու կքայլես, մինչև դուրս գաս գյուղից: Կոշիկներդ կխրվեն թաց հողի մեջ ու ձեռքիդ «քոռ» դանակով կքանդես հողը ու մի քանի սունկ կլցնես տոպրակիդ մեջ: Ու չնայած սունկ չես սիրում, դա միակ բանն է, որ տարբերում ես:

Ես այսպես եմ ապրում: Այս կյանքում եղած բոլոր բառերից ես ընտրում եմ «ամենաբառը»՝ ապրել: Ու, որովհետև ապրելը քո ընտրությունը չէ, դու կընդունես քեզ բաժին հասածը՝ ձնծաղիկը, բանջարը ու սունկը…