sona zaqaryan

Ինչից է հյուսվում կյանքը

Երբ հիշողություններդ այցելում են քեզ, ոչինչ չես կարողանում անել, որ մոռացության տաս դրանք: Հիշողությունները մի փոքրիկ արկղի մեջ են դասավորված, իսկ արկղը հոգուդ մեջ, մի փոքրիկ անկյունում: Տարիների ընթացքում արկղերից շատերի վրա փոշի է հավաքվում, շատերը փակվում են հավերժ չբացվելու նպատակով, բայց միևնույն է, մի օր բացվում են, որովհետև ոչ ոք չի կարող այնպես անել, որ դրանք հավերժ փակ մնան: Իմ արկղը դեռ մաքուր է, և երբեք փոշի չի նստել դրա վրա: Գիտե՞ք ինչու: Որովհետև այդ արկղը անընդհատ բացվում է,և ինչքան էլ ցանկանամ, չեմ կարող փակ պահել: Այդ արկղի մեջ մեծ մասամբ իմ մանկության հուշերն են, չէ որ ես 16 տարեկան եմ, և ինչպես մեծերն են ասում, կյանքի փորձ չունեմ: Բայց ես շատ ուրախ եմ, որ մանկությանս հուշերն են տեղ գտել այնտեղ և որոշել եմ, որ միշտ այնտեղ են մնալու, որովհետև եթե ցանկանամ էլ, չեմ կարող հանել դրանք: Մանկությանս հուշերում միշտ մի դեմք եմ տեսնում պայծառ, տխուր աչքերով, բարի դեմքով, իմ չարաճճիությունների վրա ժպտացող թախծոտ աչքերով: Իմ պաշտպանը: Եթե անգամ բոլորը ինձ մեղադրեին, նրա համար ես ճիշտ էի: Հող ու աշխատանք սիրող մարդ էր նա, առանց դրա չէր կարողանում ու ամեն անգամ այնքան մեծ կարոտով էր նայում այգուն, ծառերին, աշխատող մարդկանց:

Մի փոքրիկ ցանկություն էր միայն փայփայում նա, որ իրեն այգի տանենք, նստի այգում, իրեն այդքան կապված հողը շոշափի, զգա այդ հողին պարգևած արևի ճառագայթների ջերմությունը և ուրախանա երեխաներով ու թոռներով: Մի պայծառ դեմք էլ է միշտ իմ հիշողության մեջ, ով ժպիտ է ինձ պարգևում, և ում գնած շոկոլադները ամենահամեղն են:

Պապիկնե’րս, դուք հավերժ իմ փոքրիկ արկղում եք: Մանկությանս հուշերում կանաչ աչքեր են, բարի ու հոգատար, որոնք երբեք չեմ կարող մոռանալ: Հոգնատանջ, բայց ժպտացող դեմքով մի գեղեցիկ ու առեղծվածային կին: Դոլմա փաթաթող, հարիսա եփող, գուլպա գործող ծերացած ձեռքեր են: Գյուղական անուշ բարբառով հնչող խոսքեր են: Տատիկնե’րս, դուք հավերժ իմ փոքրիկ արկղում եք:

Մանկությանս հուշերում մայրական անուշ ձայն է, հոգատար փափուկ ձեռքեր: Իմ կամակորություններին դիմացող, ինձ համար միշտ անհանգստացող լուսավոր, գեղեցիկ էակ: Մա’մ դեռ չծնված դու իմ փոքրիկ արկղում ես եղել ու հավերժ կմնաս: Մանկությանս հուշերում, հորս բարությունն է, նրա կոպիտ, բայց ճշմարտությամբ լցված խոսքերը, նրա խրատները: Պա’պ, քո տեղը իմ արկղում այնքան մեծ է, ինչքան քո բարի սիրտը:

Մանկությանս հուշերում ջարդված սահնակ է, մի մեծ ձնագունդ, մի պայծառ արև: Մանկությանս հուշերում մի փոքրիկ գյուղ է` ինձ ժպտացող գյուղ, մի մեծ խաղաղ աշխարհում: