albert abrahamyan kapan

Ինչպես իրականացնել երազանքները

Ես Ալբերտն եմ, 17 տարեկան, բնակվում եմ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Դեռ մանկուց սիրել եմ ստեղծագործել, գրել բանաստեղծություններ, պատմություններ և երազում էի, որ մի օր էլ իմ բանաստեղծությունները կտպագրվեն  թերթում,  որպեսզի ես էլ հանրությանը  ներկայանամ որպես պատանի ստեղծագործող: Իմ երազանքը իրականացավ: Մի օր  իմ բանաստեղծությունը տպագրվեց, և ես հասա իմ առաջին երազանքին:

Իմ մանկության հաջորդ երազանքն  էր՝ ունենալ բարեգործական խումբ, և ես իմ ջանքերի և աշխատանքի շնորհիվ հասա  իմ երազանքին:  Ես սովորում էի  9-րդ դասարանում,  և իմ այդ երազանքը կիսեցի իմ լավագույն ընկերոջ՝ Դավիթի հետ: Ես և նա միասին հավաքեցինք թիմ, և կենտրոնացանք ուշադրության պակաս ունեցող անապահով երեխաների վրա և սկսեցինք փնտրել հովանավորներ մեզ աջակցելու համար: Երբ դիմում էինք  տարբեր կազմակերպությունների ղեկավարներին, շատերը գովում էին մեզ և չնչին աջակցություն տալիս, շատերի կողմից էլ տեսել ենք անբարյացկամ վերաբերմունք: Մենք երբևէ չենք հուսահատվել: Վերջապես  իրականացրեցինք մեր ծրագիրը, նվերներ հանձնեցինք այդ երեխաներին և  մեկ օր միասին անցկացրինք:  Երբ արդեն դպրոցն  ավարտեցինք, և բոլորս էլ  դարձանք ուսանողներ,  մեր  բարեգործական խումբը ցրվեց, և այդպես ավարտվեց իմ առաջին բարեգործական գործունեությունը:

Երբ արդեն ուսանող էի Կապանի ՍՏՊՔ-ում,  գտա մի լավ ընկեր՝ Թինային, և նրա հետ միասին  ստեղծեցի ևս մեկ խումբ: Քանի որ մենք շատ ենք սիրում մեր հայրենիքը, խումբը անվանեցինք «ԼեռնաՀայաստան բարեգործական խումբ»:  Բայց այս անգամ մեր գործունեությունը կենտրոնացրեցինք անապահով հաշմանդամ երեխաների  վրա: Դեռ բացման օրվանից խումբը համագործակցում էր տարբեր կազմակերպություների հետ, որոնք զբաղվում և աշխատում են հաշմանդամ երեխաների հետ: Գտանք  հովանավոր, և մեր առաջին ծրագիրը իրականացրեցինք Ամանորին: Մեր Ձմեռ պապը այցելեց երեխաներին, ուրախացրեց և հանձնեց նվերներ: Հաջորդ անգամ համագործակցեցինք Կապանի Ա.Շիրվանզադեի անվան թատրոնի հետ: Մեր խմբի երեխանները այցելեցին  թատրոն  և շատ ուրախ օր անցկացրեցին այնտեղ:

Մենք շարունակում ենք  նոր ծրագրեր իրականացնել, և  ես համարում եմ, որ այս երազանքս նույնպես իրականություն դարձավ:

Ձեզ կպատմեմ իմ վերջին իրականացրած երկու երազանքների մասին: Ես երազում էի ունենալ սեփական պարի  և ձեռքի աշխատանքների խմբակ:  Այսօր այն գործում է Կապանի Բաղաբերդ ակումբում: Երազում էի գնալ թատրոն և այսօր  աշխատում եմ Կապանի Բառառագետ թատերախմբում:

Սիրելի իմ հասակակից, իմ խորհուրդն է քեզ, որ դու էլ լինես համառ և աշխատասեր, և կհասնես քո երազանքին: