amalya harutyunyan

Բայց Շուշին սպասում էր

Ասում են` խաղաղության հասնում են միայն այն դեպքում, երբ կարողանում են այն պարտադրել:

Իսկ դու պարտադրեցի՞ր։ Քեզ համար չէին հաստափոր կոնվեցիաների գրքերը ու խաբուսիկ հաշտության պայմանագրերը: Քոնը փամփուշտն էր, քոնը զենքն էր, որ պիտի դառնար կյանքիդ ուղին: Քեզ ջուր տվեցի՞ն ճանապարհին, դե, իհարկե՝ ոչ, քեզ քո քրտինքն էլ էր հերիք: Այտերդ կարմրել էին, հևում էիր, երկար ճանապարհ էիր անցել, մի ամբողջ հավերժության չափ երկար ու դեռ պետք է անցնեիր: Ու գնում էիր՝ թևիդ տակ պահելով զավակներիդ, պահելով ու պաշտպանելով նրանց: Դու գիտեի՞ր՝ ինչ է խաղաղությունը։ Դե, իհարկե՝ գիտեիր, բայց չէիր տեսել, չէիր ճաշակել նրա հաճույքը:
Եվ դու գնում էիր… Ո՞ւր. Սասո՞ւն, Վա՞ն, թե՞՝ Կարս։ Բայց Շուշին սպասում էր, Շուշին կռվում էր, Շուշին ապրում էր: Դու չէիր երազում մեծ տարածքների ու արժեք չունեցող մի քանի դրամների մասին, քոնը ազատությունն էր, քոնը կյանքն էր…
Քայլում էիր. քայլերդ փոքր էին ու կամաց-կամաց, բայց դու հասնում էիր, դու գտնում էիր: Չկա՞ր, ստեղծում էիր…
Արև սիրող ժողովրդիդ համար լույս չկար, քոնը անձրևն էր, տաքը քոնը չէր, քոնը սառը քամին էր, որ առաջ էր քշում քեզ:
Քեզ օգնեցի՞ն։ Դե, իհարկե՝ ոչ, ո՞վ օգներ։ Ալեհեր էիր, բայց չափից շատ էր միջիդ կորովը, երիտասարդներից առաջ էիր ընկել, երիտասարդները քո դեմ թույլ էին։ Դու անընդհատ վայր ընկար, բայց մի քանի ակնթարթ հետո կանգնեցիր: Դե, իհարկե, վայրէջքները քոնը չէին, քոնը վսեմ ու խրոխտ քայլերն էին: Դու գլուխդ չկախեցիր, երբե՛ք, դու բարձր էիր, հպարտ էիր, նույնիսկ նրանցից, ովքեր քո գլխավերևում էին: Երկյուղը քոնը չէր, քոնը հպարտությունն էր:
Դու հոգնեցի՞ր։ Դե, իհարկե՝ ոչ, ինչպե՞ս կարող էիր ուղիդ կիսատ թողնել, քո ուժերը բոլոր հզոր տերություններից էլ շատ էին: Հանձնվելը քոնը չէր, քոնը պայքարն էր:
Փխրուն հողը ոտքերիդ տակ աշխարհի ամենաամուր ու ապահով տարածքն էր, հողն էր, որ տանում էր առաջ, հողն էր, որ ստիպում էր քեզ խաղաղություն պարտադրել:
Ու դու նորից պարտադրեցիր…
Ապրիլ էր, չեկած ամառ, չեկած աշուն, կամ էլ ձմեռ, բայց ո՞վ իմանար, որ տասնյակ-հարյուրավոր հայորդիների համար ամառներն ու ձմեռները չեկած են մնալու։
Ապրիլ էր, ձյուն էր արել, այն ձյունը չէր, այս անգամ ձյունը պատերազմ էր բերել։
Մի քանի տարի էլ չէր անցել, ինչ բակում իրենց պատրաստած զենքերով «կռիվ-կռիվ» էին խաղում։ Բայց ո՞վ իմանար, որ բակի չարաճճի տղաների ճյուղերով պատրաստած զենքերը հրացանի էին վերափոխվելու, ձնագնդիկները՝ հրետանու կրակոցների, բակի հետևի ավազով պատված փոշոտ տարածքը՝ պատերազմի իրական ու կարմիր դաշտի։
Ապրիլ էր, ու դու քո հազարավոր բջիջներով ցանկանում էիր դառնալ հողիդ ամենափոքր մասնիկը, ձուլվել հողին, լինել ամենամոտ հենարանը, որի վրա կկանգնեին հպարտ հայորդիներդ։
Արյունոտված ապրիլ էր, դարերում կոփված, դարեր հասած ու դարեր կտրած ապրիլ էր։
Թշնամին իր տեխնիկան էր բերել՝ քանդելու համար մեր սահմանները։ Բայց էլ ի՞նչ զինամթերք։ Մեր դռները զինվորներն իրենց սրտերով էին կողպել, էլ ո՞վ կբացեր։ Ասում էին՝ տարածք ենք ուզում։ Էլ ի՞նչ տարածք… Մերոնք հողերը կյանքով էին պահել, վրեժով ջրել, քրտինքով ծաղկեցրել, որ հավերժ ապրի հայը իր տան մեջ։
Մերոնք ապրելն էին ընտրել։ Էլ ինչպե՞ս պիտի հաղթանակ տաներ թշնամին…
Պատերա՞զմ եք ուզում, էլ ի՞նչ պատերազմ. մեր խաղաղությունը մեր զինվորների արյունով է կնքած։
Եվ դու կռվում ես և դու ապրում ես: Դե, քոնը համոզելը չէ, քոնը՝ պարտադրելն է․․․