anush hovhannisyan

Հիշողությունների մեծ պարկը

Մեր բակից երեք մանկության ընկերուհիներով սովորում ենք նույն դպրոցում: Ամեն առավոտ սպասում ենք մեզանից ամենամեծի հեռախոսազանգին, որպեսզի դուրս գանք ու գնանք: Հա, ի դեպ, նա ինձնից ընդամենը մեկ օր է մեծ: Ճանապարհին հազար ու մի թեմայից ենք խոսում, հազար բանից բամբասում, մեկ՝ տխրում, մեկ՝ բարձր ծիծաղում: Այնքան հաճելի է, երբ սկսում ենք խոսել մանկությունից, կարոտելու ու հիշելու շատ բան ունենք:

Այսօր ողջ ճանապարհին մեր հիշողություններն էինք փորփրում: Հիշեցինք մեր բակի փոքրիկ սենյակը, որը պապիկիս արհեստանոցն էր, սակայն  մեզ համար վերածվել էր  փոքրիկ ու հարմարավետ տնակի,  որտեղ անցկացնում էինք ողջ օրը:

Հատուկ հյուր ընդունելու օրեր էլ կային, երբ հավաքում էինք տնակը, մեր ունեցած փոքրիկ գումարով մի քանի թխվածքաբլիթ էինք գնում ու մայրիկներին հրավիրում սուրճի: Անսահման ոգևորություն էր, երբ նրանք չէին մերժում ու գալիս էին:

Ինչպես չհիշեմ  «հալամուլան», երբ տղաները մեզնից՝ աղջիկներից, մեծ լինելով խաբում էին մեզ, մենք էլ միամիտի պես փակում էինք մեր աչքերը, հետո ամբողջ բակով մեկ ման գալիս, իսկ վերջում պարզվում էր, որ գնացել են կողքի փողոց, ու սկսվում էր.

-Վերջ, ես էլ չեմ խաղում:

-Դուք արագ եք վազում, մենք՝ չէ:

-Հարամի մեկը, էլ չեմ գալու դուրս:

-Ա դե, մի վախեցրեք, վայ:

Չեմ կարող չհիշել «ռեզինի» առաջնությունները, երբ ամեն մեկս 50 դրամ հավաքում էինք, որ ռեզին առնենք, ու այդպես ամեն շաբաթ: Չգիտեմ ինչու, միշտ մեր «ռեզինը» կորչում էր: Մենք տղաների հետ «բրազիլական» էինք խաղում, որը գնդակով տղայական խաղ էր, իսկ նրանք մեզ հետ «ռեզին», բայց դա միայն շատ համոզելու դեպքում:

Իսկ այսօր մենք երեքով ամեն առավոտ նույն դպրոցն ենք գնում՝ այսքան հիշողություններով մի մեծ պարկ մեզ հետ վերցնելով: Տղաներից մեկը բանակում է, մյուսը սովորում է, մյուսին էլ դեռ այն ժամանակվանից «Նոր տարվա լիմոնադ» էինք ասում, քանի որ ուշ-ուշ ենք տեսնում:

Ինչքան հաճելի է, երբ ընդամենը 16 տարեկան ես ու այսքան հիշելու բան ունես, ու դեռ ինչքան էլ պետք է ավելանան: