mariam tonoyan

«Իրական կյանքը լավագույնս արտացոլելու համար»

Օրը սկսվեց տարօրինակ տագնապի զգացումով: Առջևում ինձ էր սպասում 17-ի առաջին մրցանակաբաշխությունը, որին ես նույնպես պատիվ ունեի մասնակցելու: Վերջապես հնարավորություն էի ունենալու կրկին հանդիպել 17.am-ի անձնակազմի ու թղթակից ընկերներիս հետ, որոնց այնքա՜ն կարոտել էի: Շտապողականությունս Գավառ-Երևան միկրոավտոբուսում մեծացավ, երբ նստարանիս կողքին տեղավորեցին մեքենայով տեղափոխվող ձկների չորս մեծ պայուսակներ:

Ի վերջո հասանք Կոմիտասի անվան երաժշտական կամերային տուն, որտեղ էլ կայանալու էր մրցանակաբաշխությունը: Դեռ մեկ ժամ կար մինչ կսկսվեր փառատոնը: Անհամբեր շուրջս էի նայում, փնտրում ծանոթ ու հարազատ դեմքեր, այս ու այն կողմ շրջում… Գնալով մարդկանց հոսքը մեծացավ, ու հանդիպեցի ճամբարական ընկերներիս: Ջերմ ողջույնների ու գրկախառնությունների միջից նկատում էի ընկերներիս կարոտած ու հուզմունքից արցունքոտված փայլուն աչքերը: Մեզնից ոմանք հիշում էին ճամբարական խենթությունները, կատակում, ծիծաղում, ոմանք հարցնում միմյանց առօրյայի մասին, որի մի մասնիկն է կազմում 17.am-ի հետ աշխատանքը: Իմ այդ փոքրիկ ընտանիքի մարզերով սփռված մասնիկները կրկին հավաքվել էին ու սպասումով լեցուն որոնում էին «մերոնց», իսկ «անծանոթների» հետ, որոնք արդեն մեզ այնքա՜ն ծանոթ են իրենց մտքերով, լուսանկարների իրենց ոճով, իրենց նկարահանած ֆիլմերի յուրօրինակ բովանդակությամբ, սկսում էին նոր ընկերական կապեր ձևավորել: Ահա և գանգրահեր Անահիտը, ում նյութերն այնքան հաճույքով եմ կարդում, ու Կարինեն, Սոսեն ևս…

Սկսվեց փառատոնը: Բեմին երևացին հաղորդավարները, ովքեր նույնպես թղթակիցներ էին ու այնքան վարժ ու բնական ներկայացրեցին փառատոնի նպատակը, ժյուրիներին, մրցանակակիրներին: Ցուցադրվեցին մեր կատարած միահամուռ աշխատանքների մասին տեսանյութերը, աշխատանքային լուսանկարներ, հատվածներ նկարահանած ֆիլմերից: Որքա՜ն աշխատանք ու ներդրում էր ցայտում այդ տեսանյութից, որքան նվիրվածություն ու ջանքեր…

Հաղորդավարները փառատոնի ավարտին կարդացին ծրագրի արդյունքները ու աչքի ընկած պատանիներին հանձնվեցին տարբեր մրցանակներ:

Անակնկալի եկա, երբ անունների վերջում հնչեց նաև իմ անունը, ու ես՝ Մանանայի շրջանավարտ և աշխատակից Մանե Տոնոյանի անհատական հովանավորությամբ, ում շնորհակալ եմ իմ նյութերը կարևորելու, գնահատելու ու մրցանակի արժանացնելու համար, արժանացա մրցանակի, ստացա դիպլոմ «Իրական կյանքը լավագույնս արտացոլելու համար»: Հուզմունք ու անսպասելի անակնկալի արժանանալու զգացումը պարուրեց ինձ:
Անշուշտ, 17.am-ի նշանակությունն իմ կյանքում ահռելի է, քանի որ այն ինձ հնարավորություն է տվել արտահայտվելու, խոսելու ինձ հուզող տարբեր խնդիրների մասին, կարդալով իմ հասակակիցների նյութերը` նոր գիտելիքներ ու տեղեկատվություն ձեռք բերել, ընկերանալ տարբեր մարզերից երիտասարդների հետ ու համատեղ աշխատել ու այս ոլորտում դրական արդյունքի հասնել: