Ani Ghulinyan

«Իրական Կյանքը լավագույնս արտացոլելու համար» կամ իմ կյանքի առաջին մրցանակաբաշխությունը

Իմ անուն ազգանունը երբեք այնքան չէի սիրել, որքան Հայաստանի պատանի թղթակիցների առաջին մրցանակաբաշխության ժամանակ, հատուկ նվերներ ստացողների անունների մեջ լսելիս:

Առաջին պահին անունս լսելով, ընկերներիս կողմից շնորհավորանքներ ու առաջ հրող հարվածներ ստանալով, այդպես էլ չկարողացա կենտրոնանալ, լսելու համար, թե վերջիվերջո ինչի համար եմ հատուկ մրցանակ ստանում: Միայն մրցանակաբաշխությունից երեք ժամ անց տոպրակի մեջ դիպլոմը տեսնելով իմացա` «Իրական կյանքը լավագույնս արտացոլելու համար»: Մի քիչ չէի հավատում, բայց հետո մտածեցի, որ իվերջո այն, ինչ արել եմ, այն, ինչ գրել եմ ու այդքան համառորեն անընդհատ ուղարկել, միշտ մտավախություն ունենալով, որ ոչ մեկը չի կարդա, արել եմ իմ շրջապատում կատարվող դեպքերն ու դեմքերը ընթերցողին ամենաիրական ձևով հասցնելու համար, ու կարծես թե ստացվել է:

Մրցանակ ստանալը շատ հաճելի է, գնահատված լինելուց լավ բան էլ դժվար թե գտնվի, բայց այն նաև պարտավորեցնում է լինել ավելի լավը, երբեք չծուլանալ, ու փոքրիկ հոգսերով ապրող աղջնակից վերածվել իր պարտականությունները գիտակցող երիտասարդի:
Ինչ մնում է զգացմունքներին, գիտեք, երբեմն երբ շատ երջանիկ ես, ու քո մոտ ամեն ինչ լավ է, մնում է միայն մի պահ կանգ առնել, վայելել պահը, ու նորից շարժվել նոր հաղթանակների հետևից: Երեկ երբ մի պահ կանգ առա, ցանկություն առաջացավ ամուր գրկել ու շնորհակալություն հայտնել ծնողներիս, ընկերներիս, պատահական անցորդներին, որ գուցե իմ նյութերից մեկի գրման շարժառիթ են հանդիսացել, Աստծուն, որ թույլ չի տվել մուսայիս անժամկետ հեռանալ, «Մանանային», նրա բոլոր աշխատակիցներին` հնարավորությունը ընձեռելու համար, բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ օգնել են հասնել այդ բեմին իմ կյանքի առաջին մրցանակաբաշխությանը: