Arman Mkrtchyan

Լարեր

Լուսանկարը` Արման Մկրտչյանի

Լուսանկարը` Արման Մկրտչյանի

…Ու այնքան ես հոգնում քաղաքի եռուզեռից, որ մի կերպ հասնելով տուն, բայց արդեն՝ ծննդավայրիդ, վերջնականապես գամվում ես պատուհանագոգին ու հետևում բնության լուռ խաղին: Նայում ես, թե ինչպես է ծաղկում խնձորենին և մայր մտնում արևը: Հա, ի հեճուկս քեզ, արդեն մութն ընկնում է:

Լուսանկարը` Արման Մկրտչյանի

Լուսանկարը` Արման Մկրտչյանի

Չես հասցնում աչքերդ փակել՝ արդեն առավոտ է: Քնից կշտացած ես արթնանում: Իրականում ներդաշնակ վայրերում առավոտները նույնպես ներդաշնակ են լինում: Իհարկե, առանց «Լիպտոն» թեյի, բայց դրա տեղը լրացնում ես ավելի օգտակար ուրցով թեյով:

Մի քանի ժամից ներսումդ ակամա նոր ցանկություններ են ի հայտ գալիս՝ կապված հողը մշակելու կամ միջատներ ուսումնասիրելու հետ, ինչը մանկուց շատ ես սիրում: Իհարկե, չես հակադարձում կամքիդ և գնում ես այգի: Սկսում ես բեղմնավոր աշխատանքից, բայց կեսից շեղվում ես և սկսում փնտրել այն խոշոր մրջյունի բույնը, որին քիչ առաջ էիր նկատել՝ բահը տասներորդ անգամ հողին խփելիս:

Լուսանկարը` Արման Մկրտչյանի

Լուսանկարը` Արման Մկրտչյանի

Շուտով գտնում ես և՛ մրջնաբույնը, և՛ նրա ընկերներին: Բայց նրանց շարժուձևի միօրինակությունից հոգնած՝ ազատում ես քո բանտ-անոթից:

Տունդարձի ճանապարհին հայացքդ ընկնում է դիմացի շենքի բակում խաղացող երեխաներին: Ու մի պահ ընկնում ես մանկությանդ հիշողությունների բավիղի մեջ: Ելքը փնտրելու վրա կարճ ժամանակ ծախսելուց և վերջապես լաբիրինթոսից դուրս գալուց հետո՝ առաջ ես շարժվում:

Այսքանից հետո գալիս ես տուն և պառկում՝ կրկին ընկնելով համացանցի ծուղակը:

Լուսանկարը` Արման Մկրտչյանի

Լուսանկարը` Արման Մկրտչյանի

Մյուս օրը բացելով աչքերդ՝ հասկանում ես, որ կրկին քաղաքում ես և չորս լրիվ ու մեկ կիսատ օր պետք է նորից երանի տալով հիշես երեկվա բնության հետ քո մերձեցումը: Մտածելիս հասկանում ես՝ ինչպես բնության, այնպես էլ քո հոգին կազմված է խրթին կերպով իրար միացված լարերից, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է մի զգացմունքի կամ զգացումի համար: Ու դրանք միշտ դողում են, որովհետև դու միշտ զգում ես: Բայց նաև, ամեն պահի դրանից յուրաքանչյուրը կարող է կտրվել, երբեմն՝ անցավ, երբեմն՝ իր հետևից արյուն բերելով: Եվ քեզ մոտ հիմա երկրորդ տարբերակն էր:

Լուսանկարը` Արման Մկրտչյանի

Լուսանկարը` Արման Մկրտչյանի

Ու ամենակարևորը, հասկանում ես, որ էդպիսով բնությունն է խաղում քո հոգու լարերի հետ, ոչ թե հակառակը: