estela voskanyan

Համալսարանի և ուսանողական կյանքի մանրուքների մասին

Մինչ կհասնեի կանգառ, ուշացա ավտոբուսից։ Ստիպված էի 15 րոպե սպասել մյուսին, քանի որ նախկինը աչքիս դիմաց անցավ։ Մի քանի կանգառ ներքև կիջնեի, բայց նոր սկսվող անձրևը խանգարում էր։ Գնացի կանգառ։ Նստարանին մի պապիկ էր նստած․ հերթական օրաթերթերից մեկն էր կարդում, ես էլ ձև էի տալիս, թե իբր չեմ կարդում իրեն հավասար։ Երկուշաբթի առավոտ էր, կանգառն էլ՝ բավականին մարդաշատ։ Պետք է խոստովանել, որ առավոտյան ժամերին Երևանի գրեթե յուրաքանչյուր թաղամասում այսպիսի վիճակ է տիրում, և պիտի համալսարանին կից փողոցում ապրես, որ հանգիստ ու առանց գլխացավդ գրկելու՝ հասնես բուհ։

Ժամը ուղիղ 9։05 ավտոբուսը եկավ։ Լավ է, որ մեծ ավտոբուսներից էր ու կանգնելու տեղեր կային։ Պապիկն էլ գնաց ավտոբուսի ամենավերջը, թերթը մնաց կիսատ։

Արդեն գրեթե 9 ամիս է, ինչ նույն ճանապարհով եմ գնում դասի։ Սեպտեմբերից մինչ օրս ոչ մի էական բան չի փոխվել։ «Համալսարանական հրաշք» կամ «նոր փորձություններ» չեմ ապրել։ Չհաշված այն, որ սեպտեմբերի սթրեսային ու անկայուն վիճակը (կապված նորանոր պատասխանատվությունների ավելացման, գիրք գտնելու հնարավորության բացակայության, տրանսպորտային դժվարությունների, քննաշրջանի մասին գիտելիքների բացակայության, նոր շրջապատի ու դրա հետ կապված դժվարությունների հետ) վաղուց անցել է։ Համալսարանը, իրականում, ուսումնական կյանքի սպասելի շարունակություն է, կաղապարը նույնն է՝ դպրոցի փոխարեն՝ համալսարան, համադասարանցիների փոխարեն՝ կուրսեցիներ։ Միայն մթնոլորտն է տարբեր․ այստեղ չենք հանդիպում «հարրիփոթերյան» գիտելիքաշունչ պատկերների, բոլորը միայն զարգացած ու ինտելեկտուալ մարդիկ չեն, արիստոկրատական էթիկետը ընդհանրապես պետք է բացառել, բայց սրան զուգահեռ՝ կարող ես շփվել բազմաթիվ մարդկանց հետ, ունենալ հագեցած (ու ոչ այնքան) դասընթացներ, լսել բավականին բանիմաց դասախոսների, համալսարանից դուրս՝ մասնակցել գիտական-հասարակական դասընթացների, բայց եթե, իհարկե, ինքդ ես ուզում և եթե մոտիվացիադ դա է, իսկ եթե ոչ` ճաշարանն ու համալսարանական այգիները միշտ էլ կան, և քեզ այստեղ չեն ստիպելու սովորել։

Սա համալսարան է, ուղղակի համալսարան, այն «հանճարների ամրոց» չէ, և ոչ էլ «բաքոսի տաճար», այն ուղղակի ուսումնական հաստատություն է, որտեղ հավաքված են ամենատարբեր կրթական ու սոցիալական մակարդակի մարդիկ։ Սովորել կամ չսովորել, շփվել կամ չշփվել, անիմաստ վճարել ու ոչինչ չվերցնել, պարապել կամ մնալ վերաքննության, հարմարվել կամ հաստատվել, հաճախել կամ չհաճախել՝ դուք եք որոշում։ Իրականում ավելի ճիշտ կլինի մինչ համալսարան գալը իրատեսական սպասելիքներ ու համալսարանի առօրյայի հետ կապված պրակտիկ գիտելիքներ ունենալ, որպեսզի հետո ամեն ինչ սթրեսային ու դժվար չլինի։

Մոտ երեսուն րոպե տևեց ավտոբուսի ճանապարհը։ Լավ է, որ այսօր խցանումներ չկային, ստիպված չեղա ուշանալ։ Ավտոբուսի 20 տոկոսը, որը ինձ նման ուսանող էր, իջավ հենց իմ կանգառում։ Համալսարան տանող ճանապարհը օրվա այս ժամերին նորից մարդաշատ էր։ Եվս հինգ րոպե ու հասա համալսարանի հարակից շրջանին։ Հայացքս կոշիկներիցս բարձրացրի վեր, գրեթե բոլորը արագ էին քայլում․ անձրև պիտի սկսվեր։ Հասա մայր բուհի բակ։ Ունեի երկու տարբերակ՝ կամ գլխավոր մուտքով բարձրանալ երրորդ հարկ, կամ իրավաբանական ֆակուլտետի մուտքով գնալ։ Ընտրեցի առաջին տարբերակը։ Բարձրացա գլխավոր մասնաշենքի աստիճաններով, մտա համալսարան, ուր ես մտնում եմ արդեն ինը ամիս…