Լուսանկարները ավելի ազատ են

Լուսանկարչուհի Անուշ Մուրադյանը ծնվել է 2000 թ.-ի մայիսի 25-ին Ստեփանավան քաղաքում։

Որոշ հանգամանքների բերումով ընտանիքի հետ տեղափոխվել է Լեհաստանի Լուկով քաղաք։ Սակայն 2006 թ.-ին հայկական կրթություն ստանալու նպատակով վերադարձել են Հայաստան։

«Եթե հնարավորություն ունենայի մեկ լուսանկարով փոխել կյանքիս դրվագներից մեկը, երևի դա Լեհաստանից վերադառնալը կլիներ։ Կցանկանայի մնալ այնտեղ և լուսանկարել այն վայրերը, որտեղ ինձ են լուսանկարել։ Մանուկ հասակում շատ հանգիստ երեխա եմ եղել, ավելի շատ վախեցել եմ կենդանիներից, ուժեղ քամուց։ Շփումը արտաքին աշխարհի հետ դժվար էր ինձ համար, հետո ժամանակի ընթացքում սկսեցի ավելի շատ շփվել մարդկանց հետ»։

14 տարեկանից սկսել է հետաքրքրվել լուսանկարներով, հետևել տարբեր լուսանկարիչների աշխատանքներին, սովորել, թե ինչպես են լուսանկարում, 16 տարեկանում սկսել է լուսանկարել բնություն։ Փոքր-ինչ ծիծաղելով պատմում է. «Սկզբում ամաչում էի մարդկանց լուսանկարել, հիմնականում լուսանկարում էի բնությունը։ Բնությունը հանգիստ է, քեզ չի ասում՝ մի նկարի, իսկ մարդիկ մի քիչ լավ չէին ընդունում, հատկապես, երբ չունես տեսախցիկ։ Լուսանկարչի համար անպայման չէ տեսախացիկով լուսանկարել, որ գեղեցիկ լուսանկար լինի, լուսանկարիչը կարող է հեռախոսով էլ գեղեցիկ ու հետաքրքիր նկար ստանալ»։

received_400501160831978

2017 թվականին ընդունվում է Վանաձորի պետական համասարանի լրագրության բաժին, որտեղ սկսում է ավելի շատ հետաքրքրվել ֆոտոլրագրությամբ։

Սկզբնական շրջանում լուսանկարելն Անուշի համար հոբբի էր, սակայն ժամանակի ընթացքում դառնում է սիրելի զբաղմունք, աշխատանք։ Հիմնականում լուսանկարում և պատկերում է սև և սպիտակ գույներով, այս գույների մեջ էլ ավելի գեղեցիկ են երևում վառ պատկերները։ Անուշ Մուրադյանի խոսքով՝ լուսանկարները կարող են պատմել մարդու բնավորության, սիրելի գույների, զբաղմունքի մասին, լուսանկարելու ժամանակ պետք է ժպտալ ոչ արհեստականորեն, այլ հիշել կյանքի որևէ դրվագ, որը կփայլեցնի և՛ աչքերը, և՛ հոգին:

received_2318580351787656

Լուսանկարիչը միշտ պետք է ունենա լուսանկարչական ապարատ։ «Պետք է միշտ լուսանկարչի աչքը միացված լինի. այն, ինչ ուրիշների համար սովորական է, լուսանկարչի համար կարող է դառնալ յուրահատուկ օբյեկտ»։

Հետաքրքիր դեպքեր հիշում է․

-Երբ 12-րդ դպրոցի լուսամուտներն էի լուսանկարում, տնօրենը դուրս եկավ և բարկացավ։ Այդ ժամանակ դեռ անփորձ էի և փոքր-ինչ նեղվել էի։

received_887838938283075

Երազում է բացօթյա ցուցահանդես ունենալ Վան Գոգի թանգարանի դիմաց, որպեսզի յուրաքանչյուր մարդ առանց սահմանափակումների ցանկացած ժամի կարողանա դիտել և վայելել լուսանկարները։ «Լուսանկարները ավելի ազատ են․ չեմ ուզում դրանք սահմանափակել ցուցասրահի պատերի ներսում»։

received_1436124719876703

Լուսանկարները պատմում են իրականությունը։

Լուսանկարների միջոցով ավելի հեշտ է ցույց տալ մարդկանց էմոցիաները։

Կյանքը կանգնում է լուսանկարչի մեկ լուսանկարում։

Յուրաքանչյուր լուսանկար ունի իր պատմությունը:

Գեղեցիկ լուսանկարներ ունենալու համար պետք է ժպտալ աչքերով, հոգով, որպեսզի իրական լուսանկար ստացվի։