mariam barseghyan1

Լռելը խոսելուց հեշտ է

Արթնանում ես ամեն օր զարթուցիչիդ ձայնից, անջատում այն և ժամը 07:00-ից փոխում 07:45 և նորից քնում: 08:45 մի կերպ խցկվում ես երթուղայինի մեջ և կիսալուսնի դիրքով կանգնում 20 րոպե, խենթանալով կողքիդ մարդկանց օծանելիքի հոտերից:

Եվ ամեն օր սկսում ես այն մտքով, որ չես ուզում տանից դուրս գալ, որովհետև անիմաստ ժամանակ ես վատնում մի վայրում, որը քեզ գրեթե ոչինչ չի տալիս: Չես ուզում գնալ, որովհետև երբ առաջին դասի ժամանակ քո կարծիքը պնդեցիր` ասելով, որ քո սերունդը ներկայացվածի պես վատը չի, քեզ պատասխանեցին, որ իրենք 100 տարի է այդ առարկան դասավանդում են և իրենց հետ բանավիճել պետք չի:

Բայց ո՞վ է ասել, որ բոլորս պետք է գրքերում ինչ-որ մեկի գրածներով, կամ հայտնի փիլիսոփաների ասածներով առաջնորդվենք: Սակայն հիմա լռում ես, որովհետև չես ուզում ավելորդ խնդիրներ ստեղծել քեզ համար, մտածելով, որ մի տարի է մնացել, դիմացիր: Եվ ամբողջ օրը գլուխ ես թափահարում, ձևացնելով, թե բոլորի ասածներին համամիտ ես, ձևացնում ես, թե հավատում էս ինչ-որ մեկի խոսքերի ճշտությանը, ինչ-որ մեկի կատարելությանը: Ձևացնում ես, որովհետև այդպես ավելի հեշտ է: Ավելորդ խնդիրներ չստեղծել…

Հըմ, հույս ունես, թե այս մեկ տարին, որ վերջացավ, նոր դժվարություններ չե՞ս ունենալու: Կունենաս, դեռ ավելի բարդ, բայց մենք սիրում ենք նոր կյանք սկսելու գաղափարին հավատալ: Բնական է, որ ապագայով ապրելը ամեն մեկի հետ բանավիճելուց հեշտ է: Հեշտ է հուսալը, որ նոր վայրում էլ ստիպված չես լինի լռել: Բայց լռելն էլ է մեր ընտրությունը:

Լռելը խոսելուց հեշտ է…

Էլ չեմ ուզում լռել, բայց դե, մի տարի է մնում, երևի ես էլ կդիմանամ…