anahit badalyan (kapan)

Մանդարինը եկավ, մնաց՝ ձմեռը

Ըհը… Եկավ իմ ժամը… Ա, հիմա կարող եմ գլուխ գովել ու ասել, որ իմ՝ ձմեռն ամառվանից ավելի շատ սիրելն ու ամեն տարի սրտատրոփ ձմռանը սպասելը հիմնավորված է:

Նախքան ձմեռը, մեզանից ամեն մեկն իր յուրօրինակ ու գունառատ աշունն է ապրում. տաք թեյ, փափուկ ծածկոց, անձրևոտ եղանակ, պատուհանից նշմարվող գույնզգույն տերևներ, որոնք պարում են քամու «բեմադրած» պարը: Բոլորս հիանում ենք այդ գեղեցկությամբ ու ագահորեն փորձում կուլ տալ այդ հեքիաթային գույների գոնե մի չնչին մասը: Երբ արդեն նոյեմբերն է գալիս, ծառերը կարծես ծերացած տեսք են ստանում, «նիհարում» են ու կորցնում իրենց երբեմնի շքեղությունն ու երիտասարդությունը, անձրևի տակ քայլելն արդեն այդքան էլ հաճելի չէ, որովհետև արդեն զգում ես սառը օդն ու այդ օդից փայտացած կարմիր քիթիկդ… Էլ չես ընկնում ամենամոդայիկ ու գեղեցիկ շորերի հետևից, այլ շտապում ես ընտրել ամենատաք պահողը, որ հանկարծ չմրսես (սա երևի ոչ բոլորի դեպքում, բայց ինձ նման մրսկանները հաստատ էսպես են վարվում)… Այս բոլորը գալիս են ինձ ու քեզ ցույց տալու մի ճերմակ ու հրաշագեղ իրականություն, որ ձմեռ է կոչվում… Դե հա, օրերն էլ շուտ են մթնում, կարճանում են… Դու գիտակցում ես, որ ձմեռը մոտ է: Բայց… Խոստովանիր՝ ոչինչ ու ոչ ոք քեզ այդքան չի մոտեցնի ձմռանը, ինչքան հենց ինքը՝ կանաչանարնջագույն մանդարինը…

Երբ զգում եմ մանդարինի հոտը, մտքով տեղափոխվում եմ հեռուներ: Գնում եմ հին դպրոց, հիշում հին դասարանս, երեխեքին, որոնց հետ մի օր որոշեցինք 50-ական դրամ հավաքել ու մանդարին-փարթի անել: Հիշում եմ մանկապարտեզս, որովհետև երբ Ձմեռ պապիկի նվերները մանկապարտեզում բաժանում էին բոլորիս, մեջը միշտ մանդարին էր լինում: Կապան-Երևան ճանապարհներն են մեկ-մեկ անցնում մտքովս: Եղանակից կախված՝ մանդարին էլ էի վերցնում ճանապարհին ուտելու համար: Տատիկս է գալիս մտքիս (չնայած տատիկս ամեն մրգի հետ մտքիս է գալիս, դե, նա ինչքան վիտամին է տեսնում, միանգամից շտապում է կերակրել ինձ դրանով): Նոր տարին եմ հիշում մանդարինի հոտը զգալիս: Ու ամենակարևորը… Մանկությունս իր ամենատարբեր գույներով մի ակնթարթում անցնում է աչքիս առաջով, ու դեմքիս մեղմ ժպիտ է գալիս: Ամեն անգամ մանդարին կճպելիս ինձ թվում է այդ պահը էլի է եղել, ինձ թվում է՝ ես էլի չորս տարեկան Անահիտն եմ, ով մանկապարտեզի հանդեսից հետո բացել է Ձմեռ պապիկի տոպրակը և ուտում է ձեռքն ընկած առաջին միրգը: Ինձ թվում է՝ մանդարինն ինձ ճանաչում է շա՜տ վաղուց, դեռ իմ մանկության ամենահին օրերից ու իմ կյանքի պատմության առաջին էջերից: Ես ուրախ եմ, որ «ճանաչում եմ» քեզ, որ կարող եմ քեզ իմ մտերիմը համարել ու մեկ-մեկ լցվել արցունքներով՝ քեզ հետ տեսնվելիս… Մի մոռացիր, մանկությունս հիշելիս ես հաճախ եմ լցվում արցունքներով, որովհետև սիրում եմ ու կարոտում այն… Կարոտում եմ կյանքիս այն շրջանը, որն ապրելիս երբեք չէի մտածում, որ կկարոտեմ…