narek davtyan getahovit

Խաղաղության սերմը ներելն է

Երկու թե երեք ամիս առաջ մի տեսահոլովակ աչքովս ընկավ, որտեղ մի ծեր կին խոսում էր Հոլոքոստի մասին, թե ինչպես էր փրկվել «Աուշվից» համակենտրոնացման ճամբարից: Անկեղծ ասած, այդ տեսանյութը շատ հետաքրքրեց ինձ, և մի քանի օր ինձ անընդհատ հետապնդում էր այն միտքը, որ ես պիտի այցելեմ նրան և անձամբ զրուցեմ նրա հետ։

Քանի որ մենք ապրում ենք նույն նահանգում, այդքան էլ դժվար չէր լինի հանդիպել նրա հետ, բայց, ամեն դեպքում, դժվարություն կարող էր առաջանալ փոխանակման ծրագրին մասնակցող տղայի համար։ Ես սկսեցի հարցուփորձ անել իմ համակարգողից, պարզել՝ արդյո՞ք հնարավոր է կնոջն այցելել, և մոտավորապես ինչքա՞ն գումար է անհրաժեշտ դրա համար: Այս հարցիս հետևեց մի անսպասելի պատասխան: Նա ասաց, որ մեր պլաններում մտնում է այդ այցելությունը, և իմ խմբի բոլոր ուսանողները նույնպես տեսնելու են կնոջը: Ինձ շատ ուրախացրեց այդ լուրը, քանի որ նրա հետ հանդիպելու հնարավորությունը բաց թողնելն ահռելի սխալ կլիներ ինձ համար:

Եղանակը, ինչպես միշտ, վատն էր, բայց այս անգամ այն չփչացրեց իմ տրամադրությունը: Ճանապարհը մոտ 4 ժամ էր, դա նույնպես ինչ-որ բան չփոխեց։

Մենք պետք է կնոջը տեսնեինք Հոլոքոստից տուժածների թանգարանում, որը, ի դեպ, հենց այդ կինն է բացել իր սեփական միջոցներով: Մի քանի րոպե թանգարանում շրջելուց հետո՝ ժամանակը եկավ նրան հանդիպելու: Սա արդեն 130-րդ անգամն էր, երբ նա կպատմեր իր և իր երկվորյակ քրոջ պատմությունը։

Պատմությունը միշտ սկսվում էր Իվա Քորի և Միրիամ Քորի ծննդավայրից: Հիշում եմ՝ ոնց էր մանրամասն պատմում՝ կարծես թե երեկ այնտեղ եղած լիներ: Այդ ամենը նրա հիշողության մեջ լավ էր պահպանվել, քանզի ըստ նրա՝ դրանք իր ամենավատ և ամենալավ պահերն էին, քանի որ այն փորձությունները, այն ցավը, որ նա տեսել էր, ստեղծել էին այն կնոջը, որն այդ պահին նստած պատմում էր իր կյանքի մասին: Իսկ ես ուշադիր հետևում էի նրա շուրթերին, որպեսզի լսեմ նրա ամեն մի բառը և հանկարծ ոչինչ բաց չթողնեմ։ Նրա և իր քրոջ վրա բժիշկ Մենգելեն կատարում էր իր փորձերը: Պատմում էր, թե ինչպես էին իրեն և քրոջը շաբաթական երկու անգամ անհայտ նյութերով ներարկումներ արել: Այդ ներարկումների արդյունքում Իվան սկսեց իրեն շատ վատ զգալ, նա այնքան պարզ էր հիշում, թե ինչպես էր բժիշկը ատելությամբ լի հայացքով մոտեցել, ստուգել ջերմությունը և քմծիծաղով ասել.

-Ափսոս, շատ ափսոս, այսքան երիտասարդ, բայց արդեն մահվան շեմին։

Բայց նա չէր ցանկանում մահանալ, միայն այն բանի համար, որպեսզի ապացուցի՝ բժիշկը ճիշտ չէ: Եվ չմահացավ: Իվայի ոտքերը չէին աշխատում, և ոչ ոք չկար, որ իրեն կերակրեր և ջուր տար, ինքն էր գետնին գլորվելով՝ գաղտնի գնում և ջուր փնտրում։

Զարմանալի է, թե ինչպես կարող էր այդ 9 տարեկան աղջիկը այդքան ուժ գտնել իր մեջ և հաղթահարել այդ ամենը: Սակայն քույրը, ցավոք, մահացավ:

Տարիներ անցան, նա ամուսնացավ, տեղափոխվեց ԱՄՆ, բայց սրտի վերքերը դեռ չէին բուժվել: Նա դեռ ատելությամբ էր լցված այդ բժշկի և նացիստների նկատմամբ, հիշողությունները նրան հանգիստ չէին թողում: Ժամանակի ընթացքում նա հասկացավ, որ միայն ատելությունն է, որ չի թողնում իրեն վերջապես ազատվել ամեն ինչից: Իվա Քորը նամակ գրեց բժիշկ Մենգելեի օգնականին և ցանկացավ հանդիպել նրա հետ: Նրանք հանդիպեցին Գերմանիայում: Իվան օգնականին խնդրեց ստորագրել մի փաստաթուղթ, որը կարող էր ապացուցել, որ իրականում Հոլոքոստը տեղի է ունեցել: Բժիշկը համաձայնեց, և հենց «Աուշվիցի» դռների առաջ, որտեղ Իվան իր ծնողներին վերջին անգամ էր տեսել, ստորագրվեց փաստաթուղթը։ Հետագայում Իվան նամակ գրեց բժշկին՝ ասելով, որ ներում է նրան, ներում է անգամ իր քրոջ մահը:

Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ ատելությունը չարիք է բերում ոչ միայն քո շրջապատին, այլ նաև քեզ: Այն քեզ չի թողնում ազատ շնչել, ազատ մտածել, ազատ գործել, քանզի քո ապրելու միակ պատճառը ատելն է դառնում։ «Ներելը սերմ է խաղաղության համար»,-ասաց Իվա Քորը:

Ես շատ բան ունեմ հոգով արի Իվա Քորից սովորելու: