Erasmus+ տեղեկատվական օրերը Երևանում

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Եթե դու ուսանող ես, մագիստրոս կամ ուղղակի հետաքրքրասեր երիտասարդ, որին հետաքրքրում է, թե ինչպես կարելի է արտասահամանում կրթություն ստանալ, փորձով փոխանակվել, պահը բաց մի՛ թող, ծանոթացի՛ր ծրագրին:

Նոյեմբերի 9-10-ը Երևանում կայացան Erasmus+ տեղեկատվական օրերը: Եվ ես փորձեցի պարզել ինձ և, հավանաբար, բոլոր ուսանողներին հետաքրքրող հարցերի պատասխանները: Հարցազրույց Erasmus+ ծրագրային պատասխանատու Անի Թորոսյանի հետ:

-Պատմեք, թե ինչպես ստեղծվեց ծրագիրը:

-Erasmus+ ծրագիրը սկսվել է 2014 թվականին, բայց այն նախորդ ծրագրերի շարունակությունն է, որոնք ընթանում էին և՛ Եվրամիության ներսում, և՛ դրանից դուրս: 2014-ին միավորվեցին 7 ծրագրեր և ստեղծվեց Erasmus-ը: Պաշտոնական տվյալներով՝ ծրագիրը կշարունակվի մինչև 2020 թվականը կրթության, վերապատրաստման, սպորտի և երիտասարդության ոլորտներում: Հայաստանյան գրասենյակը պատասխանատու է բարձրագույն կրթության հատվածի համար, որն իր մեջ ներառում է շարժունության ծրագրերը, Erasmus Mundus մագիստրոսական ծրագրերը, որոնք, ի դեպ, բաց են աշխարհի բոլոր ուսանողների համար, և Ժան Մոնե գործողությունները, որոնց նպատակը բուհերում դասավանդման նոր մոդուլների ստեղծումն է՝ եվրոպական ուսումնասիրությունների շրջանակում: Ընդհանուր առմամբ՝ ծրագիրը շատ մեծ է և մանրամասները կարող եք գտնել մեր կայքում՝ www.erasmusplus.am:

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

-Ի՞նչ է միջազգային կրեդիտային շաժունակությունը:

-Շարժունակության ընթացքում բակալավրի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանողները կարող են դիմել փոխանակման 3-12 ամսով, իրենց մասնագիտությամբ: Փոխանակումը կազմակերպվում է 33 երկրների միջև՝ Եվրամիության 28 անդամ և 5 ոչ ԵՄ երկրներ: Հավաքելով որոշակի կրեդիտներ՝ ուսանողը մասնակցում է մրցույթին, որը կազմակերպում են փոխանակող երկրները, մեր գրասենյակը ոչ մի կապ չունի դրա հետ: Ծրագրի ավարտից հետո ուսանողը վերադառնում է և շարունակում է կրթությունը մայր բուհում:

-Արդյոք կա՞ն որոշակի սահմանափակումներ:

-Բակալավրիատում սովորող ուսանողը կարող է դիմել նվազագույնը երկրորդ կուրսից, իսկ մագիստրոսներն ու ասպիրանտներն ազատ են: Եվ կարևոր է, որ այդ պահին համալսարանը ունենա Erasmus-ով փոխանակման ծրագիր:

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

-Ի՞նչ է պահանջվում ծրագրին դիմելու համար:

-Դիմորդը պետք է ունենա ակադեմիական լավ առաջադիմություն, պետք է տիրապետի անգլերենին: Փաթեթները, որոնք ներկայացվում են, ներառում են հիմնականում ինքնակենսագրություն, մոտիվացիոն նամակ, լրացված դիմում-հայտ: Ամենավերջում հարցազրույցի միջոցով ընտրություն են կայացնում բուհերը, որոնք ազատ են չափանիշները սահմանելու և ընտրության մեջ: Երկրորդ փուլում Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանվում է կրթաթոշակի չափը:

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

-Ուսանողից պահանջվո՞ւմ են որոշակի ֆինանսական ծախսեր:

-Ծրագրի ընթացքում ուսանողին տրվում է կրթաթոշակ, որն էլ ծածկում է մասնակցի ճամփորդական և կեցության ծախսերը: Եթե դիմորդը սովորում է վճարովի հիմունքներով, ապա նա շարունակում է մուծել վարձավճարը մայր բուհին, իսկ եթե անվճար հիմունքներոով, ապա նրանից ոչ մի ֆինանսական միջոցներ չեն պահանջվում:

-Կպատմե՞ք Erasmus Mundus-ի մասին:

-Այս ծրագիրը նախատեսված է մագիստրոսների համար: Նաև ծրագրի ընթացքում կազմակերպվում է պրակտիկայի փոխանակում: Դիմորդը, անկախ տարիքից, ազգությունից բակալավրի դիպլոմ ունենալու դեպքում կարող է դիմել ծրագրին և, ինչպես նշեցի, այդ պահին համալսարանը պետք է ունենա Erasmus-ի շրջանակներում փոխանակության ծրագիր: