Խառը օրագիր

Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը ու ցանկանում, որ երբեք հարազատներից հեռու չանցկացնեք էս հրաշքներով լի տոնը: Ձեզ անկեղծ լավագույնն եմ մաղթում: Հիմա ուզում եմ Ամանորի, հունվարի մեկի ու չափազանց կարևորի մասին խոսել:
Հեռու-հեռավոր 2010թ – ցայսօր

Միլուշին վաղուց գիտեի, որովհետև մեր ու իրենց տունը բավականին մոտ էին ու փողոցներում, խանութներում տեսել էի, էդպես գիտեինք իրար, բայց պաշտոնապես ծանոթացա 6-րդ դասարանում, երբ դպրոցս փոխեցի ու տեղափոխվեցի նոր միջավայր: Սկզբում էդպես մտերիմ չէինք, հետո ժամանակի հետ գտանք իրար ու որոշեցինք երբեք չթողնել: Արագ ընկերացանք, որովհետև շատ բան էր կապում. երաժշտական ճաշակ, նախասիրություններ, առհասարակ ճաշակ, երազանքներ ու մտքներովդ էլ ինչ անցնի: Տարիների ընթացքում շատ բաների միջով ենք անցել, անկումներ ենք ունեցել, բայց ավելի շատ վերելքներ ենք ունեցել: Ես օգնության կարիքի դեպքում առաջինը Միլուշին եմ դիմել՝ վստահ լինելով, որ օգնելու է ու ինձ մոտ ստացվելու է: Ուրախ առիթներս սիրով կիսել եմ հետը: Տխուրների ժամանակ զանգել, լացելով վազել իրենց տուն, որ գրկի ու ասի մեր ամենասիրելի արտահայտությունը. «Ավելի վատ կարող էր լինել»: Երկար-բարակ չպատմեմ, բայց Միլուշն ինձ համար միայն ընկերուհի չի, քույր ա, հոգի ա, հարազատ ա:

 

2010թ. – 2018թ. գարուն
7-8 տարի կլինի, ինչ գիտենք, որ հնարավոր է մի օր գա, որ Միլուշենք ընտանիքով մեկնեն Ֆրանսիա: Մի էդքան տարի ամեն անգամ ուրախանում էինք՝ մտածելով՝ ջան, էս տարի էլ չգնացին: Ու ամեն անգամ, երբ մի առիթով հիշեցնում էր էդ գնալու հնարավորությունը, ինձ անասելի հեռու էր թվում էդ ամենը ու էնքան անիրական: Ու երանի էդպես էլ մնար…

 

2018թ. ամառ
-Լիդ, դեսպանատնից կանչել են:

2018թ. ամառ

Մի օր Միլուշը պատմեց, որ Երևանում պիտի գնան ֆրանսերեն պարապելու: Հետո ամեն օր գալիս ու պատմում էր՝ ինչ սովորեց, ոնց անցավ պարապմունքը: Իմացա, թե ինչքան դժվար են բայերի ժամանակաձևերը ու թվականները, մի երկու բառ սովորեցի: Ուրախացանք, տխրեցինք, էլի ուրախացանք, որովհետև գիտեինք, որ հետո դեռ տխրելու առիթ ու ժամանակ կլինի:

2018թ. օգոստոս
- Լիդ, անձնագիր ենք ստացել:

2018թ. սեպտեմբեր

-Գնամ Ժող, թղթերս կարգավորեմ, մի քանի բան ա մնացել գնելու, մտնեմ տատիկենց տանից բան կա վերցնելու, խառն ենք, բայց հա, կգամ ձեր տուն էդ օրը:

2018թ. սեպտեմբերի 30

Կիրակի օր: Ոչ աշխատանքային:
Գնացի Միլուշենց տուն:
- Ի՞նչ կա օգնելու, անելու:
- Արի գնանք պատշգամբ, հեսա մի բան կխմենք:
Պատշգամբում նստած խոսում էինք խառը ամեն ինչից: Անընդհատ ասելով՝ գնամ, տեսնեմ՝ ներսում ինչ են անում, իմանամ ինչ կա օգնելու, բա էլ ինչ մնաց ,ու սենց խառը արտահայտություններով մեզ զբաղեցնելով:
- Համալսարանում դասս 2:30 ա սկսվում, առաջին ժամ չեմ գնա, հետո արաբերեն ա, կգնամ, կհասնեմ:
- Բա նորմա՞լ ա, որ առաջին ժամ չգնաս:
- Խելա՞ռ ես, հարմարը որն ա:

….
- Լավ դե, Միլ, ուշ ա արդեն, գնամ, վաղը կհանդիպենք, անպայման,- պինդ գրկում ենք իրար:

2018թ. հոկտեմբերի 1
Երկուշաբթի: Աշխատանքային: Շաբաթվա ամենաչստացված ու չսիրված օրը:
Ցերեկը դասի եմ, որովհետև 2-րդ հերթ եմ: Առաջին ժամը չգնացի, որովհետև Միլուշենց թռիչքը դրանից առաջ էր: Ու Միլուշենց ընտանիքից շուտ էի հասել օդանավակայան: Հիշում եմ, որ օդանավակայանում քննարկում էինք ու մտածում, թե, գրողը տանի, տեսնես ով ու ինչի ա մտածել էսքան տխուր բաժանումների օդանավակայանի անունը «Զվարթնոց» դնել, թե ինչն ա զվարթ, ինչը, ինչը, գրողը տանի: Հետո բոլորիս, բայց առաջինը ինձ հանգստացնելու համար ասացի՝ հա, գուցե ուրախ վերադարձների համար: Միլուշին երկար գրկում ենք, երկար, շատ երկար: Գնում եմ ընտանիքին գրկելու` հաջող անելու: Ու էդտեղ, Միլուշի մամայի՝ Լիդա ջան, իմ աղջիկ, բառերի վրա էլ չեմ դիմանում: Զգում եմ, թե աչքերս ու կոկորդս ոնց են լցվում շատ արագ: Էլ չեմ էլ կարողանում ինձ զսպել, ու տանը տատիս ասած խոսքերը էն մասին, որ «քիչ կլացեք, էդ երեխեն շատ չնեղվի գոնե», մոռանում եմ արդեն: Ցավոք, մոռանում եմ: Գնացին: Գնում եմ դասի, որովհետև գիտեմ, եթե հետ գամ տուն, ավելի վատ եմ լինելու: Եթե հետ գամ տուն, ավելի շատ եմ նեղվելու: Եթե հետ գամ տուն, չէ, որոշում եմ հետ չգնալ տուն անմիջապես: Գնացին, ախր, իրոք գնացին:

2018թ. հոկտեմբերի 1 – ցայսօր

Էնպես դժվար է արթնանալ ու գիտակցել, որ էստեղ չեն: Դժվար է ՀՊՏՀ-ի կողքով քայլել ու չզանգել Միլուշին, դժվար է Եղվարդի գազելից իջնել ու օրվա բոցի մասին չպատմել Միլուշին հեռախոսով, դժվար է առավոտյան չսպասել, որ գա` միասին գնաք մի տեղ, դժվար է, անկեղծ դժվար է: Երեք ամիս անցել է արդեն, բայց ես դեռ չեմ համակերպվել:

2019թ. հունվարի 1

Երեքշաբթի: Տոն: Ամանոր: Երևի ամենատխուր հունվարի 1-ը: Առաջին հունվարի 1-ն է առանց Միլուշի: Էդպիսի չգրված օրենք ունեինք, որ ամեն տարի հունվարի 1-ին կամ իրենց տանն ենք հավաքվում, կամ՝ մեր: Իսկ էս տարի դատարկ է: Դատարկ, ինչպես բոլոր օրերը առանց Միլուշի:
Էս տարվա Ամանորի հրաշքը պակասել է ինձ մոտ, ու ես մի քիչ այսահարվել եմ: Կարոտել եմ Միլուշին, իր մամային, պապային, երկու քույրերին:

Շնորհավորում եմ բոլորիս Նոր տարին: