Narek Piloyan

Խնջույքները նոր ծիսակա՞րգ

Մի պահ պատկերացնենք մեր կյանքը առանց երգ-երաժշտության: Դժվա՞ր է, չէ: Յուրաքանչյուր մարդ ունի իր ներաշխարհն ու դրան համապատասխան բնավորություն ու պահվածք: Հասարակական վայրում երգ լսելը ևս պահվածքի ձև է: Այն խոսում է մարդու բնավորության մասին: Այո՛, երաժշտությունը մեր ներսի բնությունն է: Երաժշտությունը հիշողություն է: Երբ լսում ենք մեր կողմից սիրված երգի առաջին նոտաները, սկսում ենք հիշել տվյալ երգի հետ կապված լավ, նույնիսկ վատ պահերը:

Եթե ստեղծագործությունը լսվում է տարիներ շարունակ, փոխանցվելով սերնդեսերունդ, նշանակում է այն իսկապես թանկ և մնայուն արժեք է, ապագայում էլ չի կորցնելու իր արժեքը:

Ցավոք շատ հաճախ ՝ երթուղային տաքսիներում, առևտրի կենտրոններում, ինչպես նաև սրճարաններում և այլ հասարակական վայրերում լսում ենք, մեղմ ասած, ցածրորակ երաժշտություն: Դեռ հին ժամանակներից ծիսակրոնական արարողակարգերի մասն է կազմել երաժշտությունը: Իսկ մեր ժամանակներում այն  արտադրվում է գեղարվեստական հաճույք պատճառելու, ժամանցի համար: Հարգելով յուրաքանչյուր մարդու երաժշտական ճաշակը, կպնդեմ, որ դժվար թե արդի ցածրորակ երաժշտությունը արտադրվում է ծիսական արարողակարգերի համար: Եթե խնջույքները համարվում են հատուկ ծիսական արարողություն, ուրեմն՝ այո: Եվ իսկապես, որքան երաժշտությունն է բազմաժանր, այդքան էլ դրանց մասին մարդկանց ունեցած կարծիքներն ու պատկերացումները:

Ցավալի փաստ է, որ մեծամասնության կողմից չի գնահատվում բարձրորակ, հատկապես՝ հայկական ժողովրդական երաժշտությունը, որը նաև համաշխարհային արժեք է: Այն գնահատվել է ու շարունակում է գնահատվել աշխարհահռչակ շատ ու շատ հայտնի դեմքերի կողմից: Բայց միգուցե բարձրորակ երաժշտությո՞ւնն էլ շատերիս համար անհասանելի երևույթ է:

Չնայած այս ամենին, երիտասարդության շրջանում շատ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր լսում, ստեղծագործում և գնահատում են բարձրորակ երաժշտությունը, ապրում տվյալ երաժշտական ժանրի ամեն մի ակնթարթը: