mane minasyan -2

Ծաղկաձորյան կարևոր դասերը

Դե, արդեն պատմել եմ, որ յուրաքանչյուր ծրագրի մասնակցելուց առաջ վախենում ու մտածում եմ, որ չեմ անցնի: Այս ծրագիրը նույնպես չտարբերվեց մյուսներից:
Վախենալով գնացի քննության ու դուրս եկա բոլորից հետո` ամենավերջում:

Սակայն մի քանի օր անց զանգ ստացա ու լսեցի, որ հավաքել եմ բավարար միավորներ «Հայաստանի Պատանեկան նվաճումներ» կազմակերպության 2016թ. ամառային ճամբարին մասնակցելու համար:

Եկավ այդքան սպասված հուլիսի 19-ը:

Հանրապետության ավելի քան 150 լավագույն աշակերտների հետ ես Ծաղկաձորում եմ:

Առաջին օրը մի տեսակ տարբերվեց մնացած չորսից. 150 անծանոթ դեմք, ու ես ունեմ իմ ջոկատը` մի ակյուն մեծ ընտանիքում:

Օր երկրորդ. Նախագահական ընտրություններ – սովորում ենք առաջադրել ճիշտ թեկնածու, կատարել քարոզարշավ, անցկացնել արդար ընտրություն:

Օր երրորդ. Ուսուցողական հանդիպում – Ռալֆ Յիրիկյանն օգնում է ճիշտ հասկանալ ու կատարել բիզնես:

Օր չորրորդ. Մեր առօրյան ավելի  հետաքրքիր դարձրեցին «Օրրան»-ի սաները, քանդակագործ Բոգդան Հովհաննիսյանը:

Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ օրերը շատ հետաքրքիր էին. դե, լիքը խելացի երեխեք ու ես, լիքը տաղանդներ ու ես: Հա, անկեղծ մտածում էի, թե ես ինչ գործ ունեմ իրենց հետ նույն ճամբարում:

Օր հինգերորդ. Մի ուրիշ օր… Այդ օրն իմ կարոտն է դարձել:

Այդ օրը բոլորն անկեղծ էին, բոլորը լավն էին:

Այդ օրն ուրիշ էր, չի ջնջվի, վստահ եմ, 150-ից ոչ մեկիս մտքից:

Հիմա տանն եմ, վերցրել եմ թուղթն ու գրիչը, ու փորձում եմ զգացածս արտահայտել, բայց, իզուր, որովհետև ինչ էլ ասեմ, միևնույն է, չի հնչի այնպես, ինչպես զգում եմ:

Լիքը լավ ընկերներ, հարազատ ու թանկ մարդիկ…

Առաջին անգամ կյանքումս 5 օրում այսքան ձեռքբերումներ ունեցա ու առաջին օրվանից հասկացա, որ լավ եմ զգում ինձ այդ միջավայրում:

Ու, ինչպես Ռեմարկն է ասել, մարդը կարող է քեզ հարազատ դառնալ 3 օրում: Իսկ նա, ով տարիներով ապրում է քեզ հետ, կարող է չիմանալ, թե որն է քո սիրելի գույնը:

5 օրը բավական էր ճանաչելու մոտավորապես 30 մարդու ներսից: Իմանալ սիրած գույնը, կոնֆետն ու ֆիլմը:

5 օրն ինձ շատ բան տվեց: 5 օրն ինձ տվեց մարդկանց, որոնց կորցնելուց վախենում եմ, որոնք շատ թանկ ու հարազատ են:

Ճամբարում նախատեսված հարուստ ու բազմաբովանդակ ծրագիրը հնարավորություն տվեց ընդլայնելու աշխարհայացքս, խորացնելու գիտելիքներս, ինքնաբացահայտվելու, ինչպես նաև անցկացնելու հաճելի ժամանակ նոր ընկերներիս հետ: