Աստղիկ Հովհաննիսյանի բոլոր հրապարակումները

Ծաղկաշենի աղոթատեղիները

Լուսանկարը` Աստղիկ Հովհաննիսյանի

Լուսանկարը` Աստղիկ Հովհաննիսյանի

Մեր գյուղում շատ են աղոթատեղիները։

Հաճախ է լինոււմ, որ ամռանը կարկուտ է տեղում  ու գրեթե միշտ փչացնում է ամբողջ բերքը։ Իսկ մեր գյուղում՝ Ծաղկաշենում, ոչինչ չի լինում։ Այդ ժամանակ մեր գյուղացիները խաչակնքում են դեմքերը և շնորհակալություն հայտնում մեր գյուղի աղոթատեղիներին։ Ընդհանրապես մեր գյուղում սովորույթ է ամեն լավ բան կապել նրանց հետ։

Վերևում նշել եմ, որ մեր գյուղում շատ են աղոթատեղիները՝ տասնյակների է հասնում նրանց թիվը։ Սակայն ամեն մեկն ունի իր տեղն ու զարմանալի պատմությունը։ Տատիկս միշտ պատմում է այդ զարմանալի պատմությունները։ Ոչ բոլորը կհիշեմ, բայց որը հիշեմ, հիմա կներկայացնեմ։

Երբ Վանից Մուշից մարդիկ գաղթել են Հայաստան՝ մեր գյուղ, իրենց հետ բերել են ձեռագիր Նարեկ։ Որոշել են՝ որտեղ, որ կանգ կառնի եզը հանգստանալու, այդտեղ էլ կկառուցեն աղոթատեղին։ Եվ այնպես է ստացվել, որ եզը երկու տեղ է նստել հանգստանալու, ու այժմ այդ տեղերում երկու աղոթատեղիներ են կառուցված։

Սակայն մի անգամ պատահել է, որ Նարեկը գողացել են։ Այն մարդը, ով հանձն էր առել պաշտպանել Նարեկը, երազում տեսնում է գիրքը ինչ-որ ալրամանում։ Նույն երազը տեսնում է նաև նրա հարևանը։ Եվ նրանք միասին փնտրում են գիրքը ու վերադարձնում աղոթատեղի։

Նաև հիշում եմ մեկ այլ պատմություն, երբ մեր գյուղացիներից մեկը երազում տեսնում է քար, որի վրա փորագրված էր խաչ։ Երբ առավոտյան արթնանում է, տեսնում է, որ այդ քարը իրենց տան դիմաց է, և հաջորդ օրը սկսում է շինարարական աշխատանքները։ Մի քանի օր անց արդեն կառուցվել էր աղոթատեղին, որի կենտրոնում  փորագրված խաչն էր։

Լուսանկարը` Աստղիկ Հովհաննիսյանի

Լուսանկարը` Աստղիկ Հովհաննիսյանի

Մենք նույնպես ունենք աղոթատեղի, որտեղ շատ հաճախ ենք երեխաներով մոմ վառում ու խնդրում Աստծուն, որ վաղը նույնպես միասին լինենք։ Երբ ստանում ենք սրտներիս ուզածը, Աստծուն գոհացնելու համար մաքրում ենք ամբողջ աղոթատեղին փոշուց ու սարդոստայնից։

Ճիշտ է, մեր գյուղում չկա եկեղեցի,  բայց նրա տեղը լրացնում են աղոթատեղիները։

astghik hovhannisyan

Ոչ բնապահպան, ուղղակի՝ մարդ

Ընտանիքով ռադիոյի թրթռոցի ներքո գնում էինք Երևան։ Ըստ իմ սովորության՝ նստել էի պատուհանի մոտ ու նայում էի դուրս։ Ինձ թվում էր, որ Ապարանի սառը օդը չի թեթևացնում նույնիսկ ծխնելույզներից դուրս եկող ծուխը։ Ուշադրությունս միանգամից գրավեց մի գետ։ Գետ չէ, երևի աղբակույտ։ Հետո էլ բողոքում են, թե գնալով Հայաստանի ջրագրական ցանցը նոսրանում է, բայց չեն ասում, որ հենց իրենք են նոսրացնում։ Մարդիկ ծառ են տնկում՝ մաքուր օդի մասին մտածելով։ Բայց այդ իրենց ստեղծած թթվածինը փչացնում են, երբ աղբը լցնում են գետը։ Էլ ի՞նչ մաքուր սնունդ ու թթվածին։ Ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ նոր շինություն է կառուցվում, բայց տխրում եմ, երբ այն կառուցելուց ու ցանկապատելուց հետո շինարարկան աշխատանքներից մնացած թափոնները ցանկապատից դուրս են նետում։ Կարևորը՝ աղբը իրենցից հեռու է։

Հետո էլ հայ ժողովուրդը բողոքում է բնապահպանության նախարարությունից։ Բայց հո բնապահպանության նախարարությունը չի՞ կարող փոխել մարդկանց մտածողությունը։

Ածիկ

Զատիկը մեր՝ Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղում, սկսվում է մի քանի օր առաջ, երբ սկսում ենք պատրաստել ածիկ։

Լուսանկարը` Աստղիկ Հովհաննիսյանի

Լուսանկարը` Աստղիկ Հովհաննիսյանի

 Երևի շատ քչերը լսած կլինեն և ավելի քչերը՝ կերած։ Այն պատրաստում են Զատիկից մի քանի օր առաջ։ Մեր գյուղում մարդիկ կամաց-կամաց մոռանում են ածիկ պատրաստելու սովորությունը:Սակայն ամեն տարի մենք պատրաստում ենք, ինչպես տատիկս է ասում, Զատիկի օրհնանք։

Լուսանկարը` Աստղիկ Հովհաննիսյանի

Լուսանկարը` Աստղիկ Հովհաննիսյանի

Նախ ցանում ենք ցորենը ինչպես Զատիկին, սակայն դնում ենք մութ տեղում, որպեսզի, ինչպես տատիկն է ասում, քաղցր լինի։ Հաճախակի ենք ջրում։ Իսկ երբ  ծիլերը բավականին մեծանում են, տատիկն ասում է՝ սկսեցինք աղալ։

Լուսանկարը` Աստղիկ Հովհաննիսյանի

Լուսանկարը` Աստղիկ Հովհաննիսյանի

Կներեք, մինչև աղալը այն լվանում ենք և մանրացնում։ Աղալուց հետո հյութը քամելով խառնում ենք ջրի և  ալյուրի հետ և դնում, որ եփվի։
Դե, վերջում, ինչպես ասում են՝ հացը աշխատանքից հետո համեղ է:

Լուսանկարը` Աստղիկ Հովհաննիսյանի

Լուսանկարը` Աստղիկ Հովհաննիսյանի