elza zohrabyan

Ծանր օրերն սկսեցին

Ամենասովորական հինգշաբթի էր։ Մտա դասարան, ինչպես միշտ հիասթափված դեմքով էի, բայց փորձում էի ժպտալ, որ ինքս ինձ ներշնչեմ, որ ոչ ուզում եմ քնել, ոչ էլ ուզում եմ վերադառնալ տուն ու ոչ մեկին դպրոցում չտեսնել։ Էլի գարուն է, ու բոլորն ուրախանում են դրանից, բայց ինչի՞ վրա են ուրախանում՝ չեմ հասկանում։ Չնայած՝ բոլորի մոտ չէ, որ գարնան հետ գալիս են նաև ալերգիան, քննությունները և մրցումները թենիսից։

«Լավ, ինչևէ, Էլզա ջան, կյանքը շարունակվում է, եթե այսօր ծաղիկներ չնվիրեն, և այդ ծաղիկների պատճառով ալերգիադ չսկսվի, համարիր՝ օրդ ստացված է»,- հենց այսպես էի մտածում, երբ լաբորատորիայից գնացինք դասարան և տեսանք, որ բոլոր աղջիկների սեղաններին ծաղիկներ են դրված։ Տղաները որոշել էին մեզ անակնկալ անել։ Մի կերպ համոզեցի ինձ, որ շնորհակալություն հայտնեմ ու ժպտամ, իսկ մտքումս ասում էի․ «Հերիք չի օրս վատ է սկսել, մի հատ էլ այդ ծաղիկների պատճառով կսկսեմ փռշտալ դասի ժամանակ, իսկ մյուսները կսկսեն հաշվել փռշտոցներիս քանակը»։

Դասերից հետո մի կերպ խմեցի ալերգիայիս դեղը և գնացի հաց ուտելու։ Պապիկս, տեսնելով կարմրած աչքերս, փորձում էր ինձ համոզել, որ ալերգիան կապ չունի․ աչքերիս կարմրությունը նրանից է, որ շատ եմ հեռախոսով զբաղվել, իսկ փռշտում եմ, որովհետև մրսել եմ։ Եվ ես ստիպված էի խմել 3 բաժակ թեյ։

Իսկ ամենացավալին այն է, որ պետք է դեռ ամբողջ գարունն այսպես ապրեմ։