anna gasparyan aragats

Տարբերվել, բայց ոչ այսպես

Ես երբեք չեմ հասկացել այն ընտանիքներին, որոնք ապրում են նահապետական վարքի համաձայն: Չեմ հասկացել այդ ընտանիքում ապրող մարդկանց մտածելակերպը: Շատ հաճախ այդ մտածելակերպի պատճառով ընտանիքի աղջիկ երեխաներն իրենց վատ են զգում, երբ շփվում են իրենց հասակակից աղջիկների հետ, որովհետև իրենք շատ են տարբերվում մյուսներից:

Այդ ընտանիքում ապրող տղամարդիկ իրենց աղջիկներին, այսպես ասած, «բռի մեջ» են պահում: Նրանք աղջիկ երեխաներին միշտ ասում են հետևյալ խոսքերը. «Աղջկա «յուբկեն» պիտի ծնկներից ներքև լինի» կամ «Սովորե՞լ, ի՞նչ սովորել, էդ ա մնացել` աղջիկը գնա սովորի, ոչ մի սովորել, ես որ չսովորեցի, վա՞տ գրագետ դարձա, հենա՝ դպրոցում կսովորես ու վերջ», «Մինչև դպրոցն ավարտելդ հեռախոսի անուն չտաս»:

Մի ծանոթ ունեմ, որի հայրը նույնպես իր աղջիկներին երբեք չի թողնում հագնել աղջիկների համար նախատեսված հագուստ` շրջազգեստներ, բարձրակրունկ կոշիկներ, գեղեցիկ ջինսեր, նրանք պետք է հագնեն տղայի կոշիկներ և վերնաշապիկ: Նրանք երբեք ինչ-որ առիթի կիսաշրջազգեստներ չեն հագել, ասեմ ավելին, երբ ինչ-որ մի առիթ է լինում, օրինակ՝ հարսանիք, կնունք, նրանց հայրն ասում է, որ աղջիկն ի՞նչ իրավունք ունի մասնակցելու, աղջիկը պիտի նստի տանը: Իմ հայրը միշտ առաջինը մեր մասին է մտածում, ասում է` եթե իմ երեխեքը չգնան, ես ինչի՞ գնամ, նրանք պիտի գնան, որ ուրախանան:

Գիտե՞ք` զարմանալին որն է. նրանց հայրը չի թողել, որ իրենց հորեղբոր աղջկա հարսանիքին կիսաշրջազգեստներ հագնեն:

Հաճախ մենք ծիծաղում ենք այդպիսի աղջիկների վրա, երբ տեսնում ենք, թե ինչ են հագնում, բայց մենք չենք էլ պատկերացնում, թե ինչ են զգում նրանք այդ պահին` տեսնելով իրենց և իրենց հասակակիցներին, տեսնելով, թե ինչքան են իրենք տարբերվում մյուսներից: Բայց նրանք ոչինչ անել չեն կարող, որովհետև իրենց փոխարեն որոշում է իրենց հայրը: Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ նրանք պետք է տարբերվեն մյուսներից, երբ դասընկերներով գնում են էքսկուրսիայի, ինչո՞ւ նրանք չպետք է մասնակցեն: Հարցեր, որոնց ոչ մեկը չի կարող պատասխանել, նույնիսկ այդպիսի հայրը: