Կան այսպիսի ուսուցիչներ

Հիմա կպատմեմ մի միջոցառման մասին, որը տեղի է ունեցել մեր` Մուղնու Մեսրոպ Աշճյանի անվան դպրոցում: Արդեն հասունանում էին վերջին դասի ղողանջները. հարկավոր էր պատրաստվել և միջոցառում կազմակերպել, բայց ինչպե՞ս անել դա, ու՞մ հետ կամ քանի՞ հոգով:

Իններորդ դասարանում սովորում էին ընդամենը երկու երեխա` Դավիթը և Մարիամը: Ինձ չի թվում, որ երկու հոգով հնարավոր կլիներ իրագործել այդքան սպասված վերջին դասի ցերեկույթը: Ուսուցիչներից մեկը մի առաջարկ արեց.

-Եկեք մենք` բոլոր ուսուցիչներով համախմբվենք և երեխաների հետ միասին կազմակերպենք ու մասնակցենք վերջին դասին: Դժվար գործ չէ, կկարողանանք գործը գլուխ բերել:

Կարծես թե մեծամասնությունը համաձայն էր այդ առաջարկին, և սկսեցին նախապատրաստական աշխատանքներով զբաղվել, քանի որ վերջին դասին մնացել էր տասը օր. հազիվ հասցնեին ամեն ինչ կարգ ու կանոնով անել:

Արդեն եկել էր երկար սպասված օրը: Ամեն բան արդեն պատրաստ էր: Ուսուցիչները սրտի տրոփյունով սպասում էին սկսվելուն. կարծես նրանց վերջին դասն էր մոտենում, այլ ոչ թե աշակերտներինը: Ուսուցիչները ընդհանրապես չէին տարբերվում աշակերտներից: Հագնվել էին այնպես, ինչպես բոլոր երեխաները:

Ինձ համար այդ միջոցառումը շատ հոյակապ էր և արված էր մեծ ջանքերի գնով: Սիրով դիտում էի և հիանում ուսուցիչներիս ասմունքով ու երգերով: Լավագույն միջոցառումներից մեկն էր, որը տեսել էի այսքան ժամանակ: Այս ամենը կմնա բոլորիս հիշողության մեջ` թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների և նաև հանդիսատեսի:

Իսկ ամենակարևորը` այդ օրը բոլորս տեսանք ու հասկացանք, թե ինչ ասել է իսկական ուսուցիչ:

Հուսով եմ, Դավիթն ու Մարիամը երբեք չեն մոռանա այն ջանքերը, որոնք գործադրեցին ուսուցիչները հանուն իրենց: